Տոն Շողակաթի` Ս. Էջմիածնի, ըստ Ս. Գրիգոր Լուսավորչի տեսիլքի
Սիրելի՛ քրիստոնյաներ,
Այսօր՝ օգոստոսի 15-ին, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է Սուրբ Էջմիածնի հայտնության տոնը` «Շողակաթ»-ը՝ ըստ Սուրբ Գրիգոր Լուսավորչի տեսիլքի»։
Այս առիթով Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցում, ժամը 10:30 կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ։
Սիրով հրավիրում ենք բոլորիդ մասնակցելու Սուրբ Պատարագին` միասին աղոթելու, հաղորդվելու մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Կենարար Մարմնին ու Արյանը և հայցելու Նրա օրհնությունը մեր ժողովրդի, Սուրբ Եկեղեցու, աստվածապարգև հայրենիքի և մեր ընտանիքների համար։
Փա՜ռք Աստծուն ամեն ինչի համար։
ՏՈՆ ՇՈՂԱԿԱԹԻ` Ս. ԷՋՄԻԱԾՆԻ, ԸՍՏ Ս. ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐՉԻ ՏԵՍԻԼՔԻ
Ըստ Ագաթանգեղոս պատմիչի` հայոց աշխարհի երկրորդ լուսավորիչ Ս. Գրիգորը մի տեսիլք է տեսնում, ուր Քրիստոս Աստված իջնում է երկնքից և ձեռքի ոսկե մուրճով հարվածում Սանդարամետ կոչված կռատան տեղում: Աննկարագրելի ու զարմանահրաշ այս տեսիլքով Միածինը մատնանշում է Մայր տաճարի հիմնադրման վայրը: Սրբի այս տեսիլքը կոչվում է «Շողակաթ», քանզի Ս. Գրիգոր Լուսավորիչը տեսնում է, թե ինչպես է երկնքից մի շող կաթում:
Պատմական տեղեկությունների համաձայն, Էջմիածնի Մայր Տաճարը նվիրագործվել և օծվել է 303 թվականին, Ս. Կույսի Վերափոխման տոնի օրը: Ըստ Մաղաքիա արք. Օրմանյանի՝ քանի որ Մայր Տաճարը նվիրված է Սուրբ Աստվածածնի անվանը, Հայ Եկեղեցին Վերափոխման տոնի նախընթաց շաբաթ օրը նշում է Շողակաթի տոնը:
1700 տարի հայ մարդու համար նվիրական ուխտատեղի դարձած Մայր Աթոռ Ս. Էջմիածինը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հավատքի օրրանն ու սրբություն սրբոցն է` իր հոգևոր, ազգային ու պատմական նշանակությամբ` հիմնադրված Աստծո Միածին Որդու միջոցով:
Ս. Գրիգորի տեսիլքով Աստված իջավ մեր դրախտավայր երկիրն ու կանխորոշեց հայ ժողովրդի ապագան` որպես ընտրյալ մի ժողովուրդ, որն առաջինը հռչակեց քրիստոնեությունը որպես պետական կրոն և իր սրտում ընդունեց Երկնավոր Վարդապետի սիրո վարդապետությունը:


