Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել Երասխում կառուցվող գործարանի ուղղությամբ
Այսօր ժամը 13:25-ին, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ: Տեղեկությունը հայտնում են ՀՀ ՊՆ-ից։
Հիշեցնենք` ադրբեջանական ստորաբաժանումները հունիսի 13-ից պարբերաբար կրակում են Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Հունիսի 14-ին ՊՆ-ն հայտնեց, որ Ադրբեջանի զինված ուժերը ժամը 11:45-ի սահմաններում կրակ են բացել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորվել է Հնդկաստանի 2 քաղաքացի։
Ադրբեջանական զինուժը գործարանի ուղղությամբ կրակ է բացել նաև հունիսի 16-ին` ժամը 10:00-ին։
Ադրբեջանական կողմը այսօր՝ հոնիսի 19-ի գիշերը, կրակ է բացել Գեղարքունիքի մարզի Սոթք համայնքի և Արարատի մարզի Երասխ համայնքի հայկական դիրքերի ուղղությամբ:
Նաև հիշեցնենք, որ հունիսի 18-ի ժամը 09:30-ից հունիսի 19-ի ժամը 01։08-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի ԶՈւ-ն Արցախի Մարտունու և Մարտակերտի ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք։