ԱԳՆ խոսնակը հակադարձել է Բայրամովին. Ադրբեջանում առնվազն 188 հայ գերի կա
ՀՀ ԱԳ նախարարի խոսնակ Աննա Նաղդալյանը պատասխանել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի՝ Շվեդիայի ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Անն Լինդեի հետ բանակցություններից հետո ճեպազրույցում արած հայտարարությանը թե Ադրբեջանը, համաձայն իր պարտավորությունների, հայկական կողմին է փոխանցել ռազմական գործողությունների ընթացքում և դրանից առաջ գերեվարվծ բոլոր ռազմագերիներին:
«Սա ադրբեջանական կողմի հերթական կեղծիքն է հումանիտար բնույթի այս հրատապ հարցի վերաբերյալ: Ադրբեջանի ԱԳ նախարարն իր հայտարարությամբ հակադրվում է հենց այդ երկրի մյուս պատկան մարմիններին, որոնք հաստատել են Ադրբեջանում տասնյակ հայ ռազմագերիների առկայության փաստը՝ գերեվարված ինչպես ռազմական գործողությունների ժամանակ, այնպես էլ՝ հրադադարի հաստատումից հետո:
Ադրբեջանը հայ ռազմագերիների վերաբերյալ տեղեկատվությունը չի ներկայացնում նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանին, որը զբաղվում է այս հարցով «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» միջպետական գործի շրջանակներում։ Դատարանը վերջերս որոշում է կայացրել այս առնչությամբ ծանուցել Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեին՝ ընդգծելով, որ Ադրբեջանը բազմիցս խախտել է Եվրոպական դատարանի սահմանած ժամկետները և չի տրամադրել ամբողջական տեղեկատվություն։ Ներկայումս Ադրբեջանի դեմ կիրառվում են ընթացիկ միջանկյալ միջոցներ 188 հայ գերիների վերաբերյալ։ Պետք է ընդգծեմ, որ միջանկյալ միջոցների չկատարումը հավասարազոր է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի խախտման։
Հավելեմ նաև, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ դրույթը վերաբերում է բոլոր ռազմագերիներին և պատանդի կարգավիճակում հայտնված այլ անձանց, և նմանօրինակ հայտարարություններով ադրբեջանական կողմը վկայում է, որ միտումնավոր կերպով չի կատարում այդ եռակողմ հայտարարությունը:
Հայ գերիներին պատանդի կարգավիճակում շարունակական պահելը խաթարում է եռակողմ հայտարարության մեջ արձանագրված պայմանավորվածությունների իրականացմանը», նշել է Աննա Նաղդալյան: