«  Ապրիլ 2026  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Яндекс.Метрика


ԱԼԵՔՍԱՆ ՀԱԿՈԲՅԱՆ (ծննդյան 70-ամյակի առթիվ)

ԱԼԵՔՍԱՆ ՀԱԿՈԲՅԱՆ (ծննդյան 70-ամյակի առթիվ)

Մեր ժամանակի ճանաչված պատմաբաններից մեկը՝ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի երկարամյա աշխատակից, Քրիստոնյա Արևելքի բաժնի վարիչ, պ. գ. դ. Ալեքսան Հակոբի Հակոբյանը դարձել է 70 տարեկան։

Ծնվել է 1955 թ. հոկտեմբերի 11-ին Երևանում՝ ինժեներ-կոնստրուկտորի և հաշվապահի ընտանիքում: 1962–1972 թթ. սովորել է թիվ 46 և 144 միջնակարգ դպրոցներում՝ 7 և 3 տարի: 1972–1973 թթ. աշխատել է Երևանի «Հայգորգ» ֆիրմայում՝ որպես օժանդակ բանվոր: 1973–1978 թթ. ուսանել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում և ստացել ավարտական կարմիր դիպլոմ՝ «Հայ ժողովրդի պատմություն» մասնագիտացմամբ: Նրա դիպլոմային աշխատանքը, որը ղեկավարել էր հետագայում ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Բաբկեն Հարությունյանը (1941–2013)՝ նվիրված էր Ք. հ. 62 թ. Հռանդեայի հայ հռոմեական պայմանագրին։ Ի դեպ, ուսանողական տարիներին մեր հոբելյարը «Ղարաբաղ» կոմիտեի ապագա անդամ, անկախ Հայաստանի մայրաքաղաքի առաջին քաղաքապետ Համբարձում Գալստյանի (1955–1994) հետ հրատարակել է հումորային բազմամյա պատի թերթ՝ «Ուռենի»։

1978 թ. հունիս-սեպտեմբեր ամիսներին Ա ․ Հակոբյանը հետբուհական ճամբարային զինվորական ծառայություն է անցել Սովետաշենի (ներկայիս՝ Նուբարաշեն) գնդում և ստացել կրտսեր սպայական կոչում: 1978 թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին աշխատել է Հայաստանի ազգագրության նորաստեղծ թանգարանում (Սարդարապատ)՝ որպես գիտաշխատող: Իսկ նոյեմբերից մինչև 1981թ. դեկտեմբեր ուսանել է ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի արևելագիտության ինստիտուտի Լենինգրադի (ներկայիս՝ Սանկտ Պետերբուրգ) բաժանմունքի ասպիրանտուրայում ու ավարտել այն «Աղբյուրագիտություն և պատմագրություն» մասնագիտացմամբ: Այստեղ նրա երկրորդ ղեկավարն է դարձել անվանի հայագետ-բյուզանդագետ, պ. գ. դ. Կարեն Յուզբաշյանը (1927–2009)։

1982–1990 թթ. Ա ․ Հակոբյանն աշխատել է ՀԽՍՀ ԳԱ արևելագիտության ինստիտուտում՝ որպես Կովկասագիտության և բյուզանդագիտության բաժնի ավագ լաբորանտ, ապա՝ կրտսեր գիտաշխատող, գիտաշխատող և ավագ գիտաշխատող (այդ բաժինը, որը 1990-ականներին վերանվանվեց Քրիստոնյա Արևելքի բաժին, ստեղծել և ղեկավարում էր մեր հոբելյարի երրորդ ուսուցիչը՝ ճանաչված հայագետ-կովկասագետ, պ. գ. դ. Պարույր Մուրադյանը)։ 1985 թ. հունվարին նա Երևանում՝ Պատմության ինստիտուտում, պաշտպանել է ««Աղուանք» և «աղուաններ» եզրույթները հունա-լատինական և հայկական աղբյուրներում (սեմանտիկ վերլուծություն)» (ռուսերեն) գիտական թեզը և ստացել պատմական գիտությունների թեկնածուի աստիճան։ Պատմական գիտությունների դոկտորի գիտական աստիճանի հայցման ատենախոսությունը՝ «Բուն Աղուանքի և Հայոց Արևելից կողմանց իշխանատոհմերը և արքայատոհմերը Թ–ԺԳ դարերում (պատմա-աղբիւրագիտական քննութիւն)» թեմայով, 2014 թ. սեպտեմբերին հաջողությամբ պաշտպանել է իր հարազատ Արևելագիտության ինստիտուտում:

1988–1990 թթ. Արցախյան համազգային շարժման տարիներին Ա. Հակոբյանը դարձել էր նրա ղեկավարներից մեկը՝ որպես «Ղարաբաղ» կոմիտեի անդամ: Իբրև այդպիսին՝ 1988-ի դեկտեմբերից մինչև 1989-ի ապրիլի վերջ խորհր դային կենտրոնական իշխանությունների կողմից բանտարկվեց Սովետաշենի և Մոսկվայի («Մատրոսսկայա տիշինա») բանտերում: Ազատվելուց հետո մասնակցել է նաև մարտական գործողությունների՝ Քյարքիի (Տիգրանաշեն) օպերացիային, Գետաշենի ենթաշրջանի պաշտպանության կազմակերպմանը և այլն։ 1990 թ. սեպտեմբերին համազգային շարժման մյուս առաջնորդների հետ ընտրվել է ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր։ Եղել է ՀՀ Ազգային ժողովի I և II գումարումների (1995 և 1999 թթ.) պատգամավոր։ Խորհրդարանում եղել էԱնկախ պետականության հաստատման և ազգային քաղաքականության հարցերի, ապա՝ Պաշտպանության, ներքին գործերի և ազգային անվտանգության մշտական հանձնաժողովների անդամ: 1990–1991 թթ., համատեղությամբ աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր փախստականների պետական կոմիտեի նախագահ, ապա, կարճ ժամանակով՝ ՀՀ նորընտիր նախագահի խորհրդական: 1993-ի դեկտեմբերի սկզբից մինչև 2004 թ. վերջ համատեղությամբ աշխատել է նաև Արցախում՝ որպես ԼՂՀ նորաստեղծ Քաշաթաղի շրջանի վարչակազմի հիմնադիր-ղեկավար:

2005 թ. հունվարից մեր հոբելյարը կրկին աշխատում է Արևելագիտության ինստիտուտի Քրիստոնյա Արևելքի բաժնում՝ սկզբում որպես ավագ գիտաշխատող, փետրվարից՝ վարիչ: Անցած երկու տասնամյակների ընթացքում նա դարձել է հայագիտության տվյալ բնագավառի ճանաչված մասնագետներից մեկը։ Ընդսմին՝ կատարել է «Մատենագիրք Հայոց» մատենաշարի Գ–Ե հատորների գլխավոր խմբագրի պարտականությունները, խմբագրել նաև շուրջ երեք տասնյակ գիտական մենագրություններ և ժողովածուներ, այդ թվում՝ հրատարակելով իր լուսահոգի ավագ գործընկերների (Վարագ Առաքելյան, Կարեն Յուզբաշյան, Հովհաննես Կարագյոզյան, Հայրապետ Մարգարյան, Սեդրակ Բարխուդարյան և այլք) ձեռագիր մնացած գործերը։ Մասնակցել է մեկ տասնյակից ավելի հանրապետական ու միջազգային գիտաժողովների կազմակերպմանը։ Ղեկավարել է թեկնածուական ատենախոսություն պաշտպանած երեք ասպիրանտների։

2012–2016 թթ. համատեղության կարգով դասավանդել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի կովկասագիտության հոսքի մագիստրատուրայում։

Ա․ Հակոբյանը հրատարակել է շուրջ հարյուրհիսուն գիտական հոդվածներ և մենագրական աշխատանքներ, այդ թվում՝ 1987 թվականին՝ «Ալբանիա-Աղուանքը հունա-լատինական և հայկական աղբյուրներում»՝ ռուսերեն (2022-ին լույս տեսավ դրա երկրորդ՝ լրամշակված հրատարակությունը), 2009-ին՝ «Պատմաաշխարհագրական և վիմագրագիտական հետազոտութիւններ (Արցախ և Ուտիք)» (Վիեննայի Մխիթարյանների «Ազգային գրադարան» մատենաշարի թիվ 241), 2020-ին՝ «Արքայատոհմերն ու իշխանատոհմերը Բուն Աղուանքում և Հայոց Արևելից կողմանքում անտիկից մինչև ԺԳ դար (պատմա-աղբիւրագիտական քննութիւն)» («Ուռենի» հայագիտական մատենաշարի թիվ 2) մենագրութ յունները: Նա մասնակցել է մոտ մեկ տասնյակ կոլեկտիվ մենագրությունների առանձին բաժինների պատրաստմանը։ Հրատարակել է նաև մոտ երեք տասնյակ հայ մատենագրական երկերի գիտաքննական բնագրեր։ Դրանց թվում են. Հովհան Մամիկոնեանի «Պատմութիւն Տարաւնոյ», Անանուն Կաղանկատուացու «Պատմութիւն յաղագս յարուցման ազգաց բարբարոսաց», Ղևոնդ Վարդապետի «Պատմաբանութիւն», Փիլոն Տիրակացու «Ժամանակագրութիւն», Անանուն մատենագիրների՝ «Վաչագանի վէպ», «684 թուականի պատմութիւն», «Աշխարհացոյց» երկերը, Մաշտոց Եղիվարդեցու կորած համարվող «Պատմութիւն»-ը, «Կանոնագիրք Հայոց»-ի բազմաթիվ կանոնախմբեր, վաղ միջնադարի կարևորագույն վավերագրեր «Զօրանամակ»-ը և «Գահնամակ»-ը, թղթագրական ժանրի մի քանի, այդ թվում՝ նորահայտ նմուշներ և այլն։

Հեղինակի գիտական հոդվածները և հայ մատենագիրների գիտաքննական բնագրերը հրատարակվել են Հայաստանի և արտերկրի մի շարք պարբերականներում, ժողովածուներում, մի քանի տոնագրերում, «Մատենագիրք Հայոց» մատենաշարում: Տիրապետելով եվրոպական լեզուների (լատիներեն, հին հունարեն, ֆրանսերեն, անգլերեն, գերմաներեն, ռուսերեն)՝ Ա ․ Հակոբյանը մասնակցել է մի շարք միջազգային գիտաժողովների Երևանում, Մոսկվայում (1981, 2008,2015, 2018, 2022–2025), Սանկտ Պետերբուրգում (1983, 1996, 2001, 2018), Թբիլիսիում (1987), Քեմբրիջում (2005), Ստեփանակերտում (2002–2022), Փարիզում (2008, 2009), Աշգաբադում (2007, 2013), Մայնի Ֆրանկֆուրտում (2016):

Արժե նշել նաև, որ մեր հոբելյարն ունի պետական պարգևներ՝ «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշան և «Մխիթար Գոշ» մեդալ, պարգևատրվել է նաև Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի «Ջալալեան բարեպաշտ իշխանի» շքանշանով և ՀՀ ԳԱԱ նախագահության պատվոգրերով:

Ա․ Հակոբյանը ամուսնացած է, ունի 4 երեխա և 9 թոռ:

Գիտական գործունեության 45 տարիների ընթացքում Ալեքսան Հակոբյանի համար ամենից հարազատը եղել է Բուն Աղվանքի պատմության և մշակույթի յուրահատուկ այժմեականություն ունեցող թեմատիկան։ Սկսած իր թեկնածուական և դոկտորական ատենախոսություններից մինչև հրատարակված երկու հիմնարար գրքերն ու բազմաթիվ հոդվածները նա մեզանում և արտերկրում հետևողականորեն փաստարկում ու խորացնում է XX դարի երկրորդ կեսի հայագետ աղվանագետների (Հակոբ Անասյան, Ասատուր Մնացականյան, Բագրատ Ուլուբաբյան, Շավարշ Սմբատյան, Բաբկեն Հարությունյան) այն կարևորագույն պարզաբանումը, որ Կուր գետի ի սկզբանե (այսինքն՝ հայ ժողովրդի կազմավորումից՝ էթնոհամախմբումից ի վեր) հայկական աջափնյակը «Աղուանք» է կոչվել միմիայն 428 թվականից հետո, երբ Հայաստանի Արշակունյաց թագավորությունը վերջնականապես կործանած ու այն մարզպանություն վարչամիավորի վերածած Սասանյան Իրանը նրա արևելյան Արցախ և Ուտիք նահանգները մտցրեց հարևան Առան-Աղուանք մարզպանության մեջ։ Նախ և առաջ այս իրողությունն են անտեսում ու նենգափոխում ադրբեջանցի պատմակեղծարարները, և պատահական չէ, որ «բունիաթովշչինա» կոչված այդ հակագիտական միտումի դեմ են շարու նակում ուղղվել Ա. Հակոբյանի նորանոր աշխատանքները։

Երկրորդ հարազատ թեմատիկան հայ մատենագրության հետազոտությունն է ու քննական նոր բնագրերի կազմումն ու հրատարակումը, ապա և՝ արժևորումը։ Առանձին հոդվածներով, դասական բնագրերի գիտական առաջաբան ներով, հանգամանալից ծանոթագրություններով, ձեռագրական ընթերցումների սպառիչ տողատակերով պարզաբանվել ու ճշգրտվել են վաղ միջնադարի բազմաթիվ պատմաքաղաքական, պատմամշակութային, ժամանակագրական հարցեր. մի շարք դասական բնագրեր էլ թարգմանվել են աշխարհաբար և ռուսերեն։ Ի դեպ, նշում են, որ հեղինակի՝ գիտնականին բնորոշ ճշգրտությունն ու հետևողականությունը ակնհայտ է եղել նաև, երբ նա աշխատել է քաղաքական և վարչական բնագավառներում, մասնավորապես՝ Քաշաթաղի շրջանի բնակեցման 12 տարիներին, որտեղ հոգևոր-հումանիտար գործոնը դրված է եղել կարևորագույն դիրքում։

Ա․ Հակոբյանի հաջորդ հարազատ թեմատիկան Հայաստանի և հատկապես Արցախ-Ուտիքի ու Սյունիքի վիմագրության, տեղանվանաբանության և պատմական աշխարհագրության հետազոտությունն է (այդ առումով՝ VII դ. «Աշխարհացոյց»-ի հրատարակումը ևս պատահական չէ)։ Ընթերցվել են նորահայտ մի շարք վիմագրեր, կազմվել են քարտեզներ, կատարվել են բազմաթիվ ստուգաբանական ճշգրտումներ, նահանգների, գավառների սահմանների սրբագրումներ, հինու նոր աշխարհագրական անունների, ճակատամարտերի և այլ վայրերի համադրումներ (ամենից տպավորիչը, իհարկե, Արտազ գավառում Ավարայրի նշանավոր հերոսամարտի դաշտի վերջնական տեղորոշումն է)։

Յուրահատուկ է մեր երկրի հնագույն պատմության, աշխարհագրության և էթնիկ գործընթացների թեմատիկան, որի շրջանակում են հայ էթնոսի կազմավորման ժամանակին ու պատմամշակութային առանձնահատկություններին վերաբերող մի քանի աշխատանքները։ Եվ, իհարկե, նշելի են վերջին տարիների մի քանի հոդվածները՝ նվիրված Երևանի հին պատմությանն ու տեղագրությանը։ Մասնավորապես, հիշատակելի են 591 թվականին Հայաստանի երկրորդ բաժանումից հետո արդի մայրաքաղաքի կենտրոնով անցնող նոր սահմանի երկու կողմում Սասանյանների և բյուզանդացիների՝ իրար դեմ կառուցած զույգ բերդերին վերաբերվող հետազոտությունները, որոնք կարևորագույն նոր հանգամանքներ են պարզաբանում VII դ. 20-ական թվականներին առաջին «Իշխան Հայոց» Սմբատ Բագրատունու նստավայրը դարձած Երևանի ձևավորման ու ծավալման հարցերում։

Մեր հոբելյարը՝ համակուրսեցիս, սիրում է կրկնել, որ եթե առողջությունը ների, ապա ևս տասը տարվա ստեղծագործական կյանքը բավարար կլինի՝ ավարտելու իր բացահայտած նոր գաղափարների վերածումը հոդվածների ու գրքերի։ Իսկ մենք մաղթում ենք նրան շատ ավելի երկար ու բեղուն աշխատանք և ծառայություն՝ ի շահ իր այնքան սիրելի հայագիտության։

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՐՈՒԹՅԱՆ

Պ. գ. դ., ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի մշակութային մարդաբանության բաժնի գլխավոր գիտաշխատող, «Ցեղասպանագիտական հանդեսի» գլխավոր խմբագիր։ Գիտական հետաքրքրությունները՝ ցեղասպանության հիշողություն, ազգային ինքնություն, պատկերագրություն, ժամանակակից ազգային շարժումներ։ Հեղինակ է 7, համահեղինակ 6 գրքերի ու ավելի քան 150 հոդվածի։ ORCID։ 0000-0002-9187-623X ․ Scopus ID: 54892056100. hmarutyan@yahoo.com

«Պատմաբանասիրական հանդես»