Ապագա աղետներն անտեսած՝ անցյալի աղետների հաշվետվությունն ենք լսում. «ՉԻ»
«Չորրորդ Իշխանություն»-ը գրում է.
ՀՀ Քրեական օրենսգրքի 317 հոդվածով սահմանված պատիժները, ցավոք, թույլ չեն տալիս հանգամանորեն անդրադառնալ ԱԺ քննիչ հանձնաժողովում Նիկոլ Փաշինյանի ընթերցած ելույթին, բայց դրա կարիքն առանձնապես չկա էլ։ Ելույթը կարելի էր ներկայացնել ընդամենը մի նախադասությամբ՝ «ես ամեն ինչ ճիշտ եմ արել, ինձանից բացի բոլորը սխալ էին անում»։ Այսինքն՝ այս առումով մի կերպ «գիրկապ անելով» ընթերցված տեքստում որևէ նորություն չկար։ Որովհետև միակ եզրակացությունը, որ կարող էր անել միջին վիճակագրական ունկնդիրը, հետևյալն էր՝ «արա՛, էս ի՞նչ սորտ ա, էս ո՞նց ա ֆռցնում», իսկ դա, համաձայնվեք, վաղուց արդեն որևէ մեկի համար նորություն չէ։ Այնպես որ՝ ավելի լավ է մի կողմ թողնենք անցյալի մասին Նիկոլ Փաշինյանի զեղումներն ու փորձենք հասկանալ, թե ինչ է լինելու ապագայում, այսինքն՝ ի՞նչ նոր պատուհաս է պատրաստվում բերել Հայաստանի գլխին։
Լրատվամիջոցներից մեկի տեղեկությունների համաձայն՝ շաբաթ-կիրակի օրերին ՔՊ-ն Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Դիլիջանում կարգին week-end է կազմակերպել, որտեղ ներկաները սնվելու ընդմիջումներին նաև քաղաքական ելույթներ են ունեցել։ Իշխող խմբակցության պատգամավորներից մեկն էլ կոպիտ սխալ է համարել այն, որ 80-ականների վերջերին Հայաստանը մաքրել են ադրբեջանցիներից, որովհետև եթե նման բան տեղի չունենար՝ հիմա ազգամիջյան թշնամանք չէր լինի, ու նորմալ հարևանություն կանեինք։ Թվում է՝ սա էլ է անցյալին վերաբերող հարց, և իշխանությունները, ամեն ինչի համար իրենցից բացի բոլորին մեղադրելու մոլուցքով, հիմա էլ Ղարաբաղյան շարժումն են «սխալ հանում»։
Խնդիրն այն չէ, որ իրականում որևէ մեկը Հայաստանն ադրբեջանցիներից չի «մաքրել», նրանք անգամ սումգայիթյան ջարդերից հետո են ամիսներ շարունակ հանգիստ ապրել Հայաստանում, և հիմնականում հեռացել են միայն այն ժամանակ, երբ փոխանակել են իրենց տները Բաքվի հայերի՝ շատ ավելի արժեքավոր տների ու բնակարանների հետ։ Խնդիրը նույնիսկ այն չէ, որ պատերազմը մենք չենք սկսել, այլ Ադրբեջանը, բայց հիմա իշխանական պատգամավորը հարցն այնպես է ներկայացնում, թե այդ մենք ենք մեղավոր, քանի որ Հայաստանում «էթնիկ զտումների» ենք ենթարկել ադրբեջանցիներին, իսկ եթե այդպես չանեինք՝ ոչ մի պատերազմ էլ չէր լինի, հայերը հանգիստ կապրեին և՛ Արցախում, և՛ Բաքվում (ինչպես Փարիզում կամ Գլենդելում են ապրում)։ Խնդիրն այն է, որ այս քննարկումներով իշխանությունները հերթական «օվերտոնի պատուհանն» են բացում, որովհետև որպես խաղաղության անհրաժեշտ պայման են ներկայացնում երկու ժողովուրդների «միասին ապրելը»։ Հատուկ շեշտում ենք․ ոչ թե կողք-կողքի՝ հարևանների պես, այլ միասին, նույն երկրում։
Սա միայն մի բան է նշանակում․ «խաղաղության համաձայնագրի» շրջանակներում ինտենսիվորեն քննարկվում է նաև ՀՀ տարածք ադրբեջանցիների վերադարձի և «միասին ապրելու» հարցը, և Նիկոլ Փաշինյանը նաև դրան է համաձայնվել։ Բայց քանի որ նա իր ցանկացած «նշաձողի իջեցում» ներկայացնում է որպես նախկինում ուրիշների կատարած սխալների ուղղում՝ հիմա, բնականաբար, պիտի գեներացնի այն միտքը, որ ադրբեջանցիների վերադարձին համաձայնվելով՝ ուղղում է նախկինների թույլ տված կոպտագույն սխալն ու «վերականգնում արդարությունը»։ Չէ, այնքան միամիտ չէ, որ հույս ունենա, թե դրա դիմաց ադրբեջանցիներն էլ «մեծահոգաբար» հայերին թույլ կտան ապրել Արցախում։ Բայց հարցը հենց այդպես էլ կներկայացնի՝ իբր հենց այդ հույսով է արել։ Հետո, ինչպես միշտ, կասի «ցավոք՝ չստացվեց, պարզվեց, որ դա միայն մեզանից չի կախված»։ Իսկ հետո որպես մեծագույն նվաճում կներկայացնի այդ ծրագիրը կանխելն ու Ադրբեջանից 120 հազար արցախցիներին Սյունիքում վերաբնակեցնելու թույլտվություն ստանալը։
Մարկ Նշանյան
Ամբողջական՝ սկզբնաղբյուրում: