Արամ Աբրահամյան. Պատմություն սովորելու օգուտները
Թեեւ «Վիքիպեդիայում» գրված է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը «մասնագիտությամբ բանասիրական գիտությունների դոկտոր» է, ես նրան ընկալում եմ առաջին հերթին որպես պատմաբանի: Ավելին՝ կարծում եմ, նրա պատմաբան լինելը շատ բանով պայմանավորում է նրա պետական ու քաղաքական գործունեությունը:
Իսկ պատմություն, հատկապես նոր եւ նորագույն պատմություն ուսումնասիրելն այսօր դառնում է խիստ արդիական: Մանավանդ, երբ պետության առաջին դեմքը, ձեւ անելով, թե կրթվելը «նորաձեւ է» համարում, իրականում տանում է պատմագիտության առումով չափազանց տգետ քարոզչություն: Եթե բոլոր «հռետորական հնարքները» մի կողմ դնենք, ապա այդ քարոզչության մեխն այն է, որ եթե հայերը խելոք մնային եւ ռուսներին չլսեին, ապա ցեղասպանություն չէր լինի: Պատմությունը քաղաքական կոնյունկտուրային հարմարեցնելու դասական դեպք է:
Այդ առիթով խորհուրդ եմ տալիս վերընթերցել Տեր-Պետրոսյանի ելույթը Ցեղասպանության 80-ամյակին նվիրված գիտաժողովում: Այդ տեքստում, օրինակ, այսպիսի մի շեշտադրում կա. «Հայ ժողովուրդն իր բոլոր կարողությունների գերլարմամբ հանդերձ՝ ի զորու չէր վիժեցնելու Օսմանյան պետության մշակած հրեշավոր ծրագիրը, մանավանդ որ՝ հայերի մոտ, ցավոք սրտի, ակնհայտորեն բացակայում էր այդ ծրագրի (Թուրքիայի՝ ցեղասպանության ծրագրի) գոյության գիտակցությունն անգամ»:
Եվ հաջորդ կետում. «Տիրապետող այն տեսակետը, թե հայ ժողովուրդը կարող էր խուսափել արհավիրքից, հրաժարվելով Թուրքիայի ներքին գործերին եվրոպական երկրների միջամտությանը նպաստելու գաղափարից եւ փորձելով հայկական նահանգների բարենորոգումների հարցը լուծել թուրքական իշխանությունների հետ անմիջական համագործակցությամբ, կարծում եմ, հեռու է իրատեսությունից»:
Այն ժամանակվա մեր քաղաքական մտքի երկու հոսանքներին (կղերա-բուրժուական եւ հեղափոխական) Տեր-Պետրոսյանը քննադատում է 1908-1914 թվականներին «ինքնապաշտպանությանը չպատրաստվելու համար»: Եվ այդ տեսանկյունից սխալ է համարում Հայ հեղափոխական դաշնակցության 8-րդ ընդհանուր ժողովի որոշումը (1914թ.), որը «պարտավորություն ստանձնեց մասնակցել Օսմանյան կայսրությունում հայտարարված ընդհանուր զորահավաքին»: Զորահավաքին չմասնակցելով, ըստ այդմ, «հնարավոր էր կազմակերպել ավելի լուրջ ինքնապաշտպանություն եւ խուսափել իսպառ բնաջնջումից»:
Վերջապես, եւս մի, իմ կարծիքով, գերարդիական մեջբերում նույն տեքստից. «1920 թվականին, շարունակելով պահպանել հավատարմությունը Անտանտի երկրներին, Հայաստանի Հանրապետության վարիչները չկարողացան ճիշտ գնահատել Խորհրդային Ռուսաստանի եւ Քեմալական Թուրքիայի հզորացմամբ ստեղծված նոր իրադրությունը, որի պատճառով կորցրին թե՛ Հայաստանի անկախությունը, թե՛ նրա տարածքների մի մասը»:
Այսպիսին է պատմաբանի հայացքը ավելի քան 100 տարի առաջ տեղի ունեցած արհավիրքին:
2020 թվականին տեղի ունեցավ նոր աղետ, որն իր կործանարար հետեւանքներով համազոր է ցեղասպանությանը: Ինչպիսի՞ն կլինի պատմաբանների գնահատականը 80 տարի հետո՝ այսօր, բնականաբար, հնարավոր չէ ասել: Պարզ է միայն մի բան. պետականության բացակայության դեպքում մենք կարող ենք խոսել «հայ ժողովրդի», «քաղաքական մտքի» կամ «քաղաքական հոսանքների» մասին: Երբ գնահատվում է պետության պարտությունը, պետք է խոսել պետության եւ նրա ղեկավարի պատասխանատվության ու մեղքի մասին: Պատմության դատի առաջ ոչ մի «շուստրիություն» հնարավոր չի լինի կիրառել:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի