Տիգրան Պասկևիչյան. Մի քանի հարց քաղաքական թերմացքով սնվողներին

Ուրեմն ամեն գնով արդարանալ փորձող մեկն այսօր ասել է, թե «Հռչակագրի առանցքային գաղափարական դրույթները կոնֆլիկտային էին…»։ Նա նկատի ունի, որ մենք՝ ամբողջ մի ժողովուրդ, սովետական գաղափարաբանության կուտն ուտելով, սկսել ենք Արցախյան շարժում եւ դրա հիման վրա էլ հռչակել Հայաստանի անկախությունը։
Ձեռքը փրփուրներին գցող այդ անձին պատասխանել չեմ ցանկանում, անիմաստ է։
Ուզում եմ մի քանի հարց տալ նրանց, ովքեր՝ խաղաղության գոլ հովից շոյված, կարող են քաղաքական մտքի այս թերմացքն էլ կուլ տալ։
Եվ այսպես.
Հարց N 1։ Ի՞նչ կլիներ, եթե Հայաստանի եւ Արցախի հայ ժողովուրդը չսկսեր Ղարաբաղյան շարժումը։ Եթե КГБ-ն (ԽՍՀՄ անվտանգության կոմիտեն) այդքան զորեղ էր, եթե 50-ականներից ներարկված գաղափարաբանական շիճուկն այդքան ազդեցիկ էր, մի՞թե այդ շարժումը չէր սկսվելու ինքնին կամ հակառակ կողմից։ Եվ եթե КГБ-ի հարկադրանքով ու սովետական գաղափարաբանության ազդեցությամբ Ադրբեջանն ինքը սկսեր Ղարաբաղյան ի՛ր շարժումը՝ փորձելով պերեստրոյկա-գլասնոստ թաշխալայի մեջ ազատվել իր կազմում եղած ինքնավար մարզից ու նրա հայ բնակչությունից, ի՞նչ պետք է անեին Հայաստանն ու Արցախը։ Ի՞նչ…
Հարց N 2: Ի՞նչ կլիներ, եթե անշարժում ՀԽՍՀ-ում՝ օգտվելով շուրջ 160-200 հազար հայրենակիցների առկայությունից, Ադրբեջանը սկսեր տարատեսակ ընդվզումներ, սաբոտաժներ, դիվերսիաներ (իհարկե, ոչ առանց КГБ-ի գիտության եւ հովանավորության)։ ՀԽՍՀ ղեկավարները, հրապարակ չեկած քաղաքական առաջնորդները, սովետական գաղափարաբանությունից զզվող ժողովուրդը պետք է խոնարհություն եւ հեզությո՞ւն դրսեւորեին։ Ադրբեջանն ուներ դա անելու ռեալ հնարավորություն, КГБ-ն՝ էլ այդ հնարավորությունը խաղարկելու փորձ եւ ունակություն։
Հարց N 3: Ի՞նչ կլիներ, եթե Ադրբեջանը՝ նույն խոնարհություն-հեզությունից օգտվելով, Մեղրիից մի հատված պոկեր եւ ցամաքային կապ հաստատեր Նախիջեւանի հետ։ Այս հարցում կարող է առարկություն լինել՝ դե, Մոսկվան թույլ չէր տա։ Նորի՞ց Մոսկվան ու КГБ-ն էին մեր հույսը լինելու։
Արցախի եւ Հայաստանի հայ ժողովուրդը, քաղաքական առաջնորդները Երեւանում եւ Ստեփանակերտում արել են ընդամենը մի բան՝ ընդունել են КГБ-ի եւ խորհրդային գաղափարաբանության նենգամիտ մարտահրավերն ու հաղթահարել են ժամանակի բոլոր փորձությունները։
Պատվով են հաղթահարել։
Դրա վկայությունն արդեն 35-ամյա Հռչակագիրն է, որի պարարտ հողում աճած ծառը փորձում է չորացնել թավշյա մի մարիոնետ։
Շնորհավոր անկախ Հայաստանի ծնունդը։ Հռչակագիրը եղել է ու կա Հայաստանի ծննդյան վկայականը եւ ոչ մի հանրաքվե այն չի վերացնի։