«  Հոկտեմբեր 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Яндекс.Метрика

Արամ Մանուկյան. Մարտի 1-ի կազմակերպիչներին պաշտպանողներն ակամա դառնում են այդ հանցագործության պաշտպանողները

Արամ Մանուկյան. Մարտի 1-ի կազմակերպիչներին պաշտպանողներն ակամա դառնում են այդ հանցագործության պաշտպանողները

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Արամ Մանուկյանը:

– Ձեր կարծիքով ՍԴ նախագահի լեգիտիմության խնդիրն իրավակա՞ն է, թե՞ քաղաքական:

– Այն դարձավ քաղաքական, երբ որ շատ սկսեցին քչփորել, այդ խնդիրը հենց սկզբից իրավական էր: ՍԴ շուրջ ճգնաժամի մեղքը Հրայր Թովմասյանինն է. երբ որ նա գրում էր Սահմանադրություն, որով Սերժ Սարգսյանին դարձրեց վարչապետ, մոռացել էր գրել մեկ նախադասություն, որի արդյունքում ունենք ՍԴ անդամներ և դատավորներ. մոռացել էր գրել, որ ՍԴ անդամները այս Սահմանադրությունն ընդունելուց հետո դառնում են ՍԴ դատավոր, և թնջուկը լուծվում էր, հարցը կարգավորվում էր, ճգնաժամ չէր առաջանում… Այս խնդիրը իրավական լուծման անհրաժեշտություն ունի: Կա այս խնդրի լուծման պարզ իրավական տարբերակ. խորհրդարանը պետք է հանդես գա հայտարարությամբ, որ Հայաստանում առկա է իրավական ճգնաժամ՝ կապված նրա հետ, որ ՍԴ-ում կան երկու տեսակ անդամներ, ՍԴ ձևավորող մարմինները՝ ԲԴԽ-ն, կառավարությունը և նախագահ Արմեն Սարգսյանը ներկայացնում են իրենց թեկնածուներին, խորհրդարանը հաստատում է: Այս խնդիրը ամիսներ առաջ պետք է լուծված լիներ բարձր լեգիտիմություն ունեցող ԱԺ-ի կողմից, խնդիրը բարդացնում են, աջ ձեռքով ձախ ականջն են բռնում:

ԱԺ-ն ուշանում է, այս վախվորածությունն անհասկանալի է: ՍԴ-ն լեգիտիմ չէ, կարիք չկար այս ոչ լեգիտիմ մարմնին նամակ ուղարկելու, նա չի կարող որոշում կայացնել: Հենց նամակի մերժման օրը ԱԺ նախագահը պետք է արտահերթ նիստ հրավիրեր ՍԴ ճգնաժամը լուծելու համար: Սա կարծես լողացողի ոտքից կախվածի նման բեռ լինի մեր երկրի վրա, որը չի թողնում զբաղվել ուրիշ խնդիրներով: Հ. Թովմասյանը, արդեն որպես քաղաքական բեռ, խոչընդոտում է մեր երկրի զարգացումը: ՍԴ-ն հին իշխանությունների ճնշման տակ է, որոնք մտել են քաղաքական խաղի մեջ և հայտարարություններով են հանդես գալիս: Տեսեք՝ ովքեր են դոշ տալիս նրանց համար, ակնհայտ է, որ արդեն խնդիրը քաղաքական է: Իսկ ի պաշտպանություն Քոչարյանի ստորագրությունները լուսարձակի նման ցույց են տալիս, թե ովքեր են Ռ. Քոչարյանի թիկունքին, և նրանք նույն մարդիկ, նույն ուժերն են, որոնք նաև ՍԴ նախագահին են պաշտպանում:

– Ես նկատեցի, որ այդ մարդկանցից շատերը տարբեր, հակոտնյա ճամբարներում էին մի ժամանակ:

– Պատեհապաշտներ կան, որոնք որտեղ հարմար ու տաք է եղել, հայտնվել են այնտեղ: Կան մարդիկ, որոնք 6 ամիս առաջ Ն. Փաշինյանի կողքին էին, բայց հիմա նրա դեմ դեմարշ են անում, օրինակ՝ Վազգեն Մանուկյանը: Եվ ես վստահ եմ, որ Նիկոլ Փաշինյանը ներողություն է խնդրելու, որ ներողություն խնդրեց Վազգեն Մանուկյանից: Այսօր Վ. Մանուկյանը Ռ. Քոչարյանին է պաշտպանում: Հայաստանում կա՞ մեկը, որը չգիտի, թե Մարտի 1-ին ինչ է տեղի ունեցել: Մարտի 1-ի կազմակերպիչներին պաշտպանողներն ակամա դառնում են այդ հանցագործության պաշտպանողները: Եթե գիտեմ, ով էր երկրի ղեկավարը, ում օրոք են եղել այդ սպանություններն ու բռնարարքները, ու ես պաշտպանում եմ այդ արարքների կազմակերպչին, ուրեմն դառնում եմ նրա գործողությունների պաշտպանը: Լավ են անում, թող ստորագրեն:

– Կարծում եք՝ չե՞ն գիտակցում՝ ինչ են անում:

– Չգիտեմ՝ վախենում են, պարտք են, «տաք» է այդ քայլն իրենց համար, իրենց գործն է: Բայց ժողովուրդը տեսնում է, թե ովքեր են հանցագործության հեղինակներին պաշտապանողները: Հանցագործության հեղինակներին պաշտապանողները ոչ պակաս հանցագործներ են:

– Դատաքննությունը կարծես տեղապտույտի մեջ է:

– Շատ ճիշտ եք: Եվ ամեն ինչ անելու են տեղապտույտի ընթացքը երկարաձգելու համար, ինչը շատ վատ է: Իմանալով հանդերձ, թե ինչ կա մեղադրանքում, նրանք փորձելու են ամեն ինչ անել, որ այդ մեղադրանքի տեքստը չհասնի հասարակությանը: Ռ. Քոչարյանը, կարծում եմ, մի անգամ չէ, որ վիրահատության խնդիր կունենա, որպեսզի դատավարությունը հետաձգվի, նա կարող է մի քանի օրգան էլ զոհաբերել, որպեսզի դատարան չգնա: Նրանց խնդիրն է՝ ձգձգել այնքան, մինչև երկրում ինչ-որ բան փոխվի, այս իշխանության ռեյտինգն ընկնի կամ հազար ու մի այլ բան, չգիտեմ՝ ինչ կա իրենց մտքին, բայց ակնհայտ է, որ ամբողջ թիմը ահռելի գումարներ է ծախսում, ամեն ինչ արվում է, որ գործը չմտնի հիմնական դատական փուլ, մեղադրանքը չհնչի: Եվ այս խնդիրը, ինչպես և ՍԴ խնդիրը, բեռի պես կասեցնում է երկրի զարգացումը:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում