Արայիկ Մանուկյան. Այս մասին պետք է իմանալ (տեսանյութ)
ԱՅՍ ՄԱՍԻՆ ՊԵՏՔ Է ԻՄԱՆԱԼ
«Մահը սարսափելի չէ: Մահվանը սպասելն է սարսափելի»:
Այս բառերը Վազգեն Առաջին Ամենայն հայոց կաթողիկոսն ասել է իր քառասուն տարվա գործակից, պատվավոր մտավորական այր Պարգև Շահբազյանին:
Ի՞նչ պարագայում և ինչպես՝ ամենալավը պատմում է Պարգև Շահբազյանը, որը, ցավոք, տարիներ առաջ հրաժեշտ տվեց իր երկրային կյանքին:
Հպարտ եմ, որ կարողացա Պարգև Շահբազյանի կյանքի վերջին շրջանում նրա պատմություններն արձանագրել ու հավերժացնել, քանզի դրանք ոչ միայն բացառիկ պատմություններ են Վեհափառ Հայրապետի և հայ եկեղեցու կյանքից, այլև հայոց լեզվի, խոսքի մշակույթի, բարեկիրթ մարդու բացառիկ վավերապատումներ են: Կարող եք դիտել՝ այստեղ:
1993-ի երկրորդ կեսին՝ Ազգային բարերար Ալեք Մանուկյանի հրավերով, Վազգեն Առաջին Վեհափառ Հայրապետը պետք է մեկներ Միացյալ Նահանգներ: Ինքնաթիռը նրան տարավ Փարիզ, որտեղից Վեհափառը պետք է ուղևորվեր ամերիկյան մայրցամաք, սակայն մեկ շաբաթ անց նա վերադարձավ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ չեղարկելով այցը:
Վեհափառը քաղցկեղ ուներ, սպիտակարյունություն, որ փոխանցվել էր ժառանգաբար, և Փարիզում բժիշկները նրան արգելեցին ուղևորվել ԱՄՆ:
Վեհափառի ինքնազգացողությունը գնալով վատանում էր, թեև ամենատարբեր բուժումներ ու քիմաթերապիա էր ընդունում:
Այդ օրվանից, ըստ էության, Վեհափառ Հայրապետը «սպասում էր մահվանը»:
Վազգեն Առաջին Վեհափառ Հայրապետը մահացավ 1994 թվականի օգոսոսի 18-ին, առավոտյան ժամը 7 անց 15-ին, 86 տարեկան հասակում, սակայն Վեհափառի հուղարկավորությունը տեղի ունեցավ օգոստոսի 28-ին:
Ինչո՞ւ:
Այո, Հայաստան էին ժամանում ամենատարբեր հոգևորական և աշխարհիկ բարձրաստիճան պատվիրակություններ ողջ աշխարհից, բայց կար մի հանգամանք ևս:
Հայ Առաքելական Եկեղեցին վերջին անգամ կաթողիկոս հուղարկավորել էր 1954-ին՝ Գևոր Զ Չորեքչյան կաթողիկոսին:
Հասկանալի էր, որ խորհրդային երկրում կաթողիկոսը չէր կարող հուղարկավորվել այնպիսի արարողակարգով, որ հանրությունը կարողանար հավուր պատշաճի հրաժեշտ տալ իր հոգևոր առաջնորդին և կաթողիկոսի հուղարկավորությունը բացառապես եկեղեցական արարողակարգ էր:
Իսկ Վազգեն Առաջին Վեհափառը մահացավ, երբ Հայաստանն անկախ պետություն էր, և Հայաստանի քաղաքացիները պետք է կարողանային հավուր պատշաճի հրաժեշտ տալ իրենց հոգևոր առաջնորդին՝ սիրված մի անհատականության, ով նաև 88-ի համազգային զարթոնքի խորհրդանիշերից էր, ով մինչև կյանքի վերջին վայրկյաններն ապրեց Հայաստանի ազատության ու անկախության գաղափարով, իսկ կաթողիկոսին հուղարկավորելու աշխարհիկ արարողակարգ, որը նաև պետք է համադրվեր եկեղեցու արարողակարգի հետ՝ գոյություն չուներ:
Ստեղծվեց հանձնխումբ, որը ղեկավարում էր Հայաստանի փոխնախագահ Գագիկ Հարությունյանը: Հանձնախմբում ընդգրկված էին բարձրաշխարհիկ հոգևորականներ, իշխանության ներկայացուցիչներ, մտավորականներ և այլն:
Օրեր շարունակ հանձնախումբն աշխատեց Վեհարանում՝ քննարկելով բազմաթիվ նուրբ և առաջին հայացքից անտեսանելի խնդիրներ, բացառիկ մանրամասներ՝ դետալ առ դետալ ստեղծելով այն կարգը, որով պետք է հուղարկավորվեր Վեհափառ Հայրապետը:
Ես՝ որպես հայկական հեռուստատեսության ներկայացուցիչ, ևս պատիվ ունեցա լինել հանձնախմբում և առավոտից մինչև ուշ երեկո Վեհարանում մասնակցել քննարկումներին ու արարողակարգի ստեղծմանը:
Ստեղծված էր նաև Վեհափառի հուղարկավորության կազմակերպման պետական հանձնաժողով՝ նախագահ Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, որի կազմում էին Սիլվա Կապուտիկյանը, Գրիգոր Խանջյանը, Սեն Արևշատկանը և այլոք:
Ի վերջո՝ Վեհափառի հուղարկավորման օր նշանակվեց օգոստոսի 28-ը, իսկ օգոստոսի 26-28-ը Հայաստանում հայտարարվեց համազգային սգի օր:
Երևանը Վեհափառ Հայրապետին հրաժեշտ տվեց Սուրբ Սարգիս Առաջնորդանիստ եկեղեցում:
Հայկական հեռուստատեսությունը շարժական կայանով մի քանի խցիկներ էր տեղադրել Սուրբ Սարգիս Առաջնորդանիստ եկեղեցու շրջակայքում, հարակից բլուրների լանջերին և հեռարձակում էր Վեհափառի հրաժեշտի արարողությունը: Իսկ երբ սգո թափորն ուղղվեց դեպի Մայր Աթոռ սուրբ Էջմիածին, մեր օպերատորը, (եթե չեմ սխալվում՝ Ռուբեն Դավթյանը), ամբողջ ճանապարհը՝ մինչև Էջմիածին, նկարահանեց հեռուստատեսության ավտոմեքենայի տանիքին պառկած:
Ես չանսացի պետնախարար Արմենակ Ղազարյանի հորդորին՝ օպերատորին հեռու պահել այդ վտանգավոր քայլից, որովհետև դա մեր որոշումն էր։
Հայ ժողովուրդը հրաժեշտ էր տալիս իր հոգևոր առաջնորդին:
Իսկ Վեհափառի աճյունը Մայր Աթոռ տեղափոխվեց օգոստոսի 26-ին, որտեղ էլ օգոստոսի 28-ին կայացավ Ամենայն Հայոց Հայրապետի հուղարկավորությունը:
Հայաստանի Հանրապետության նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն ունեցավ իր հրաժեշտի խոսքը, որը ոչ միայն Վեհափառի գործունեության գնահատանքի խոսք էր, ոչ միայն եկեղեցու խորքային ընկալման խոսք, այլև պետության առաջնորդի խոսք, խոսքարվեստի նմուշ՝ գրված իր իսկ ձեռքով:
Լևոն Տեր-Պետրոսյանը մեծագույն հարգանք էր տածում Ամենայն Հայոց Վեհափառի անձի և գործի հանդեպ:
Պատահական չէր, որ 1991-ին, երբ Տեր-Պետրոսյանը պետք է երդման արարողությամբ ստանձներ նախագահի պաշտոնը, իր իսկ ցանկությամբ և ներդրած ավանդույթով՝ նախագահը երդվեց՝ ձեռքը «Վեհամոր Ավետարան»-ին: Մի Ավետարան, որը փրկվել ու Մատենադարանին էր հանձնվել Վեհափառ Հայրապետի շնորհիվ, մեկ այլ Ավետարանի հետ՝ «Վեհափառի» և «Վեհամոր» անուններով կնքված:
Իսկ Վեհափառի մահվանից շուրջ մեկ ամիս առաջ՝ «…Հայոց եկեղեցու բարգավաճման գործին, ընդհանրապես ազգին, հայրենիքին և մեր նորանկախ պետականությանը մատուցած…» հսկայական ծառայությունների համար նախագահը՝ այցելելով Երևանի կաթողիկոսական առանձնատուն, Վեհափառ Հայրապետին շնորհեց «Հայաստանի Ազգային Հերոս» առաջին կոչումը և «Հայրենիքի» շքանշանը՝ նորանկախ Հայաստանի առաջին անձնագրերի հետ:
Նախագահ Տեր-Պետրոսյանի ելույթը
«Սիրելի հայրենակիցներ,
Մեծարգո հյուրեր,
Այսօր սգացող հայ ժողովուրդը հայրենյաց սուրբ հողին է հանձնում եւ դեպի երկնային արքայություն ճանապարհում իր ամենամեծ երախտավորներից մեկին՝ Վազգեն Ա Ամենայն հայոց կաթողիկոսին։
Վեհափառ հայրապետի շուրջ քառասնամյա գահակալությունը, որ համընկավ ստալինյան բռնապետության թոթափման, մտքի ազատագրման ու մարդկային արժեքների վերականգնման տառապագին տարիներին, եղավ համակ նվիրումի, եկեղեցական բարեշինության եւ ազգային զարթոնքի լիապարփակ ժամանակաշրջան։
Եւ թեեւ այդ ժամանակաշրջանում մակընթացություններին հաջորդեցին նաեւ տեղատվություններ, ձեռնարկվեցին մտքի ու խղճի ազատության նորանոր սահմանափակումներ, բորբոքվեցին անհարկի ներեկեղեցական տարաձայնություններ, բայց Վեհափառ հայրապետը, միշտ գտնվելով Ամենայն հայոցի բարձրության վրա, իր իմաստուն եւ հավասարակշռված գործունեությամբ, անվրեպ ձեռնարկներով ու ծանրակշիռ խոսքով կարողացավ Եկեղեցին ու իր հոտը հեռու պահել աղետալի փորձություններից եւ անվերականգնելի կորուստներից։
Դրա համար պահանջվում էր, իհարկե, երկաթյա կամք, ծով համբերություն, խոր իմաստություն ու հեռատեսություն՝ հատկանիշներ, որ նախախնամությունը, բարեբախտաբար, Վեհափառին չէր զլացել։
Հասուն կյանքի ավելի քան յոթանասուն երկարուձիգ տարիների ընթացքում զգայասիրտ հայրապետը լիովին կիսեց իր ժողովրդին բաժին ընկած բոլոր տառապանքները եւ հայրենասիրական պարտքի ու հովվապետական պատասխանատվության բարձր գիտակցությամբ ջանաց ամոքել նրա ցավերը, թեթեւացնել նրա բազմազան հոգսերը։
Վազգեն Վեհափառը, սակայն, բախտն ունեցավ նաեւ վայելելու իր ժողովրդի տարած հաղթանակները, հրճվելու նրա հաջողություններով, վերապրելու զանգվածային ներգաղթի ոգեւորությունը, մասնակցելու ետպատերազմյան Հայաստանի շենացմանը, ականատեսն ու նեցուկը լինելու արցախահայության հերոսամարտի եւ ողջունելու Հայոց պետականության վերականգնումը։
Երիտասարդական ավյունով նա լծվեց նորանկախ հանրապետության ամրապնդման սրբազան գործին՝ այն վեր դասելով մնացյալ բոլոր ժամանակավոր ու անցողիկ խնդիրներից, անչափ ոգեւորվեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի ստեղծման գաղափարով եւ իր անձնական օրինակով ու անմիջական մասնակցությամբ քաջալերեց նրա հաջող ընթացքը։
Չնայած երկրի ներկա տխուր իրավիճակին, առկա հսկայական դժվարություններին, սոցիալ-տնտեսական ծանր խնդիրներին՝ Վեհափառ հայրապետը, օժտված լինելով հիմնականն ու երկրորդականը, անցողիկն ու մնայունը զանազանելու բացառիկ շնորհով, մինչեւ վերջին շունչը մնաց լավատես՝ հայ ժողովրդի եւ Հայաստանի Հանրապետության ապագայի նկատմամբ։
Հայ Առաքելական Եկեղեցու 1700-ամյա պատմության մատյանում Վազգեն Վեհափառը երջանկությունն ունեցավ դասվելու հազվագյուտ կաթողիկոսների շարքը, ովքեր իրենց ազգին ծառայեցին Հայոց անկախ պետականության գոյության պայմաններում՝ դրանով հնարավորություն ձեռք բերելով բազմապատկելու հովվապետական գործունեության արդյունքները։ Վեհափառն այսպիսով իր անձնական օրինակով եւս մեկ անգամ հաստատեց ազգի բնականոն գոյության երկու անհրաժեշտ պայմանների՝ պետության եւ եկեղեցու ճակատագրի միասնության անառարկելի ճշմարտությունը։
Նա թողեց, սակայն, նաեւ անկատար մի երազ, որի իրականացման համար թեեւ չխնայեց որեւէ ջանք, մանավանդ գահակալության վերջին տարիներին։ Այդ երազը Հայ Առաքելական Եկեղեցու միասնության եւ ավանդական նվիրապետության վերականգնումն էր, որը որպես սուրբ պատգամ հանձնվեց մեր սերնդի խղճին։
Վեհափառ հայրապետը աշխարհից հեռացավ խլյակ դարձած մարմնով, բայց նրա փառավորված հոգին գնաց ճախրելու երկնային արքայության մեջ՝ Լուսավորչի, Սահակի, Մեսրոպի, Ներսես Շնորհալու, Խրիմյան Հայրիկի անմահ հոգիներին թեւանցուկ։
Վազգեն կաթողիկոսի լուսավոր կերպարը հավերժ կմնա յուրաքանչյուր հայի բաբախող սրտում՝ որպես եկեղեցաշինության, անձնվիրության, հայրենասիրության եւ հաստատունության անանց խորհրդանիշ, իսկ նրա աղոթքները որպես պահապան հրեշտակներ մշտապես կհսկեն մեր փշոտ ուղին»։
Հ.Գ. Պարգև Շահբազյանի պատմության և Արմենպրեսի լուսանկարային շարքի հղումները՝ մեկնաբանություններում: