Արցախում արգելվել են հավաքները, սահմանափակվել է կարծիքի արտահայտման ազատությունը
Արցախում արգելվում են բոլոր տեսակի հավաքները, բացառությամբ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման նպատակով, ինչպես նաև Արցախի Հանրապետության տոների և հիշատակի օրերին կազմակերպվող հավաքների, որոնք կարող են կազմակերպվել միայն ԱՀ կառավարության թույլտվության դեպքում: Այս մասին հրամանագիր է ստորագրել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը` լրացուցիչ սահմանափակումներ կիրառելով ռազմական դրության պայմաններում։ Տեղեկությունը հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։
Նախագահի մեկ այլ հրամանագրով սահմանափակվում է կարծիքի արտահայտման ազատությունը։
«Արգելվում են տեղեկատվության որևէ միջոցով Արցախի Հանրապետության պաշտպանունակության, անվտանգության, տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, սահմանադրական կամ հասարակական կարգի, տնտեսության բնականոն զարգացման վերաբերյալ տեղեկություններ փնտրելը, ստանալը և տարածելը, այդ թվում՝ դրանց դեմ ուղղված քարոզչությունը», նշված է հաղորդագրության մեջ: