Արցախում Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը բաղկացած կլինի 1960 զինծառայողից
Ռուս խաղաղապահներին տեղափոխող ևս երկու Իլ-76 ինքնաթիռ է մեկնել Ուլյանովսկ-Վոստոչնի օդանավակայանից։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ռուսաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը:
Ինքնաթիռներից մեկում օդանավի անձնակազմն է ու զրահամեքենան։ Մյուս օդանավում խաղաղապահ զորամիավորման անձնակազմն է, ինչպես նաև նյութական միջոցներ և ավտոմոբիլային տեխնիկա։
Ընդհանուր առմամբ Ռուսաստանից արդեն խաղաղապահներ տեղափոխող 6 ինքնաթիռ է ուղարկվել։
ՌԴ ՊՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ կրակի դադարեցման և ռազմական գործողությունների վերահսկողության համար Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տեղակայվելու է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմ ՝ 1960 զինծառայողների, 90 զրահամեքենաների, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայի քանակով։