«  Փետրվար 2025  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728

Яндекс.Метрика

Արման Գալոյան. Իրականում Հայաստանը պարտվել է նախագահ Տեր-Պետրոսյանի հրաժարականով

Արման Գալոյան. Իրականում Հայաստանը պարտվել է նախագահ Տեր-Պետրոսյանի հրաժարականով

1998թ. փետրվարի 3-ին հրաժարական ներկայացրեց Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը։

27 տարի առաջ տեղի ունեցած այս իրադարձությունը կարելի է համարել անկախ Հայաստանի պատմության մեջ մեծ ջրբաժան։ Նախագահի հրաժարականից, իսկ ավելի ճիշտ՝ պետական հեղաշրջումից հետո կտրուկ եւ արմատապես փոխվեց երկրի վարած քաղաքականության փիլիսոփայությունը, ինչն էլ, ի վերջո, հանգեցրեց անխուսափելի մեծ աղետի։ Աղետ, որ դեռ չի ավարտվել, այլ՝ նոր դրսեւորումներ է ստանալու։

***

Նախագահի հրաժարականին նախորդել էին ԼՂ հիմնախնդրի կարգավորման տարբերակների վերաբերյալ դիրքորոշման ներկայացումն ու հավաստիացումը, որ ինքը պատրաստ է ու պետք է գնալ հարցի լուծման՝ փոխզիջումային տարբերակով, հակառակ դեպքում նման նպաստավոր պահ այլեւս չի լինի։

1997թ. սեպտեմբերի 26-ի ասուլիսում Տեր-Պետրոսյանն անդրադարձել էր հիմնահարցի կարգավորման տարբերակներին, ապա՝ նոյեմբերի 1-ին հրաժարակվեց «Պատերազմ, թե խաղաղություն. լրջանալու պահը» հոդվածը, իսկ 98-ի հունվարի 7-8-ին ԱԽ ընդլայնված նիստ էր գումարվել։

Տեր-Պետրոսյանին չհաջողվեց իշխանական էլիտայի մի մասին՝ իր երբեմնի զինակիցներին համոզել գնալ խնդրի լուծման։

Եւ իշխանության ներսում հասունացած ճգնաժամը լուծվեց «հայտնի մարմինների» պահանջի բավարարմամբ՝ նախագահի հրաժարականով. «Միայն հարկ եմ համարում նշել, որ իշխանության ճգնաժամում Արցախի հարցի արծարծումն ընդամենը պատրվակ էր։ Խնդիրը շատ ավելի խորն է եւ կապված պետականության հիմնադրույթների, խաղաղության ու պատերազմի այլընտրանքի հետ։ Իսկ կյանքը ցույց կտա, թե ով ինչ է արել Արցախի համար, եւ ով է իրականում ծախում այն»,- իր հրաժարականի տեքստում հայտարարել էր Տեր-Պետրոսյանը, որ նաեւ ասել էր, թե «ստեղծված իրավիճակում նախագահի սահմանադրական լիազորությունների կիրառումը հղի է երկրի ապակայունացման լուրջ վտանգով»։

Թե ինչ վտանգի մասին էր խոսքը, Տեր-Պետրոսյանը մանրամասնել էր արդեն 2021թ. ՀԱԿ համագումարում. «Իշխանության ներսում, այսինքն՝ Վազգեն Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի շրջապատում, ոչ բոլոր ուժերն էին, որ գոհ էին իրադարձությունների նման զարգացումից: Շատերի՝ այդ թվում բանակի, ազգային անվտանգության, ոստիկանության, երկրապահի որոշ շրջանակների կողմից ես ստացել եմ աջակցության լուրջ առաջարկներ եւ այդ հեղաշրջումը զսպելու պատրաստակամություն: ….Ես մերժել եմ աջակցության բոլոր այդ առաջարկները, կրկնում եմ՝ բացառապես քաղաքացիական պատերազմից խուսափելու համար: Չեմ չափազանցնում՝ Վազգեն Սարգսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը պատրաստ էին նման պատերազմի»։

Տեր-Պետրոսյանի թիմակիցներից «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, ՀՀՇ վարչության նախագահ Վանո Սիրադեղյանն «Առավոտ» թերթին տված հարցազրույցում ըստ էության տվել էր հարցի պատասխանը, թե պետականության հիմնադրույթների հետ կապված ի՞նչ խնդրի մասին էր ակնարկում նախագահը։ Հրաժարականից մեկ ամիս չանցած՝ փետրվարի 27-ին նա ասել էր. «Հայ դատի եւ պահանջատիրության գաղափարները պետական քաղաքականության հիմք դարձնելու միտումներ կան:

...Այդ նվիրական գաղափարները, մտքերն ու մտայնությունները կարող են լինել կուսակցությունների, մամուլի, ժողովրդի սրտում, դա վտանգավոր չի դեռ, բայց որ պետկան գաղափարախոոսության աստիճանին հասնեն, իսկ դրա միտումները կան, կրկնում եմ, կան՝ սա հղի է պատերազմով, լավագույն դեպքում՝ ուշ, իսկ վատագույն դեպքում՝ մոտալուտ պատերազմով, կամ էլ շրջափակումն առավել կխորանա: Համենայն դեպս, այդ ճանապարհով մեր ժողովուրդն իր պատմության մեջ երբեք չի շահել»:

Ու ժամանակը ցույց տվեց՝ ոչ միայն չշահեց, այլեւ՝ կորցրեց անվերադարձ, կորցրեց այն, ինչ դժվար էր պատկերացնել, որ մի օր այլեւս քոնը չի լինի….

***

Այս տարիների ընթացքում շատ է հնչել հարցը՝ ի՞նչ կլիներ, եթե Տեր-Պետրոսյանն այնուամենայնիվ, հրաժարական չտար։ Արդյո՞ք այսօրվա վիճակը շատ ավելի վատ չէ, քան եթե նախագահը կիրառեր իր սահմանադրական լիազորությունները, թեկուզ եւ երկրի ապակայունացման գնով։ Որովհետեւ, այն, ինչ հաջորդեց նրա հրաժարականին, եւ հատկապես, 44 օրյա պատերազմը, Արցախի վերջնական հայաթափումն ու Հայաստանի գլխին այսօր կանգնած սպառնալիքները շատ ավելի վատ է, քան միգուցե քաղաքացիական պատերազմը, որ կարող էր պայթել 98-ին։

Բայց պատմությունը «եթե»-ներ չի սիրում։ Ու որքան էլ գայթակղիչ թվան տարիների հեռվից հնչող վերլուծությունները։ Մանավանդ, երբ այսօր խոսում ենք՝ վերջին 5 տարում Հայաստանին պատուհասած աղետի միջով անցնելուց, վտանգները տեսնելուց հետո։ Մի բան, որ կարծես թե անհնար էր պատկերացնել 1998թ., կամ գրեթե անհնար էր ….

Թեեւ՝ ինքը Տեր-Պետրոսյանը նաեւ նախազգուշացնում էր. «Այն, ինչ մերժում ենք այսօր, ապագայում խնդրելու, բայց չենք ստանալու, ինչպես բազմիցս եղել է մեր պատմության մեջ»։ Նաեւ՝ ահազանգում. «Ես ցավով նախազգում եմ, թե դա ինչ ահավոր վտանգ է ներկայացնում թե՛ Ղարաբաղի, թե՛ Հայաստանի գոյության համար։ Այսօր մենք, ինչպես Բաթումից ու Ալեքսանդրապոլից առաջ, թերեւս Ղարաբաղի հարցի նպաստավոր լուծման եւ Հայաստանի բարգավաճման վերջին պատեհությունն ենք կորցնում»։

Հենց այս հեռանկարն էր պատկերացնում, թե մտածել, որ այնուամենայնիվ, վերջին պահին հնարավոր կլինի փրկել գոնե նվազագույնը….

Իսկ միգուցե… Բայց պատմությունը, կրկնեմ, «եթե»-ներ չի սիրում։ Եւ այսօրը վաղը կդառնա երեկ, անվերադարձ։

P.S. Իսկ մինչ այդ կրկնեմ տարիներ առաջ հայտնածս միտքը։

Իրականում Հայաստանը պարտվել է ոչ թե 2020թ. 44-օրյա պատերազմում, այլ դրանից շատ ավելի վաղ, 1998թ. փետրվարի 3-ին, Նախագահ Տեր-Պետրոսյանի հրաժարականով, երբ (ժամանակավորապես) պարտվեց խաղաղության եւ արժանապատիվ հաշտության կուսակցությունը։

Պարտության, կապիտուլյացիայի հիմքերն այդ օրն են դրվել ներպալատական հեղաշրջմամբ։

Իսկ հետո տեղի ունեցածն արդեն վերջին ակորդներն էին, որ դեռ չեն ավարտվել.....

Ու մի բան էլ. տեղի ունեցածի համար պատասխանատու եւ մեղավոր են 1998թ-ից Հայաստանի բոլոր իշխանություններն իրենց առաջնորդներով։

Արման Գալոյան