«  Փետրվար 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728

Яндекс.Метрика

Արփի Մախսուդյան. «Պատերազմի ժամանակ գաթա չեն բաժանում»

Արփի Մախսուդյան. «Պատերազմի ժամանակ գաթա չեն բաժանում»

««Ցուրտ ու մութ» տարիները ինձ մոտ միայն քաղցր հուշեր են արթնացնում, չնայած էն ամբողջ զրկանքներին, որոնց մեջով ծնողներս անցնում էին:

Ամեն երեկո հայրս լամպի լույսի տակ մեզ համար գիրք էր կարդում, քեռիս իր բեռնատարի ակումուլյատորը հանել էր ու փոքր հեռուստացույցով ամբողջ թաղամասը հավաքվում ու նայում էր սկզբից լուրերը, որով հաղորդում էին զոհերի, ազատագրված տարածքների, կատաղի մարտերի մասին, հետո գալիս էր իմ աստեղային ժամը. երեխեքն ու տատիկները հավաքվում էին սերիալ նայելու, իսկ ես թարգմանում էի։

Օրեր կային, որ հայրս գիշերով գնում կանգնում էր հացի հերթ ու հետ էր գալիս ձեռնունայն, ալյուր չկար, փուռը հաց չէր թխել։ Դպրոց գնում էի մորս իմ հասակի կեսի չափ սապոքներով ու կռիվ արած հետ գալիս, ստից հիվանդանում էի, որ չգնամ ու էլի վրաս չծիծաղեն, ծնողներս չէին ստիպում, հասկանում էին "հիվանդության" իրական պատճառը: Տատս ժամանակ առ ժամանակ անիծում էր Գորբաչովին' "գյոզալ երկիրը" քանդելու համար, իսկ հայրս հակադարձում էր.

«Այ մեր, պատերազմ է, բա ինչ ես ուզում, կփոխվի, կլավանա վիճակը, սենց չի մնա, բա ճգնաժամ է, սահմանը փակ է, բա անկախությունը սինիով ում են մատուցել, որ մեզ չմատուցեցին, մարդիկ ռումբի տակ են ապրում, մենք գոնե սահմանից հեռու ենք»:

Մերոնք ծանր, շատ ծանր օրեր ու գիշերներ լուսացրեցին, բայց չտրտնջացին։ Եղած մի կտոր հացը կիսեցին չունեցողի հետ, մրսածին տուն բերեցին, տաքացրեցին, իրենք սոված քնեցին ու արթնացան, բայց մի գրամ թույն չթափեցին, որովհետեւ պատերազմ էր, իսկ պատերազմի ժամանակ գաթա չեն բաժանում: Ես նույնիսկ մի երկու հայրենասիրական ոտանավոր գրեցի' ոգեւորված պապայիս պրիոմնիկից հնչող սանտիմեր առ սանտիմետր ազատագրվող հողերի մասին լուրերով:

«Ցուրտ ու մութ» տարիների իմ ու իմ հասակակիցների համար կամ գոնե նրանց համար, ովքեր մեր տանը լսում էին հորս ընթերցած գրքերը, ոչ թե ցրտի ու մթի, այլ հաղթանակի, անկախության նվաճման, ավելի ուժեղ պետություն կառուցելու երազանքի ու արժեհամակարգի ձեւավորման տարիներ էին»:

Արփի Մախսուդյան