Արտակ Հարությունյան. Նիկոլը գիտի: Ուրեմն ինչու՞ է անում
Այն, որ Արցախյան առաջին պատերազմը պարտադրված պատերազմ էր, որ ղարաբաղյան շարժումը սկսվել է Արցախի բնիկ բնակչության արդար պահանջով, հետագայում նոր ինստիտուցիոնալ բնույթ ստացել, որի միայն մի էտապում Լևոն Տեր-Պետրոսյանը միացել է շարժմանը, իր կազմակերպչական ու այլ կարևոր հատկանիշների շնորհիվ դարձել առաջնորդ, գիտեն թեման ուսումնասիրած բոլոր մարդիկ։
Գիտեն նաև, որ Տեր-Պետրոսյանը, դրանից հետո, որպես առաջնորդ պատվով առաջ է տարել պարտադրված պայքարը՝ այդ ճանապարհին գրանցնելով Հայաստանի Հանրապետության անկախացումը, արցախյան պատերազմի հաղթանակը, արցախյան հիմնախնդրի լուծման դիվանագիտական տարբերակին հասնելն ու շատ այլ բաներ։
Դա շատ լավ գիտի նաև Նիկոլ Փաշինյանը ու գիտի, որ չի կարող Տեր-Պետրոսյանին վերագրել ոչ պատերազմը սկսելը, ոչ հիմնախնդիրն առաջացնելը։
Ուրեմն ինչու՞ է անում։ Ի թիվս այլ պատճառների, կարծում եմ կա նաև այս պագտճառը. ի տարբերություն վերը շարադրածիս, 44 օրյա պատերազմը հնարավոր էր բացառել։ Սկսվելուց հետո կարելի էր շուտ կանգնեցնել՝ նվազ կորուստներով։ Եղած արդյունքների պարագայում կարելի էր Արցախը հայկական պահել։ Արցախը կորցնելուց հետո կարելի էր պահպանել Հայաստանի ինքնիշխանությունը, ոչ թե հլու հնազանդ կատարել Ադրբեջանի բոլոր պահանջները։ Այս ամենը անձամբ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության հետևանքն են ու նա արդարացի մեղադրվում է դրանցում։
Սա Նիկոլին չի կարող հանգիստ տալ։ Եթե սրանցում իրեն են մեղադրում, ապա պետք է ստեղծի իրավիճակ, որ առաջին պատերազմում էլ Լևոն Տեր-Պետրոսյանին մեղադրեն, որպեսզի իր հանցագործ քաղաքականությունը ընտրողի աչքում մեղմվի։
- Հոգ չէ, որ դրանով ինքը կեղծում է պատմությունը։
- Հոգ չէ, որ դրանով ինքը արժեզրկում է մեր պետության, ազգի, ժողովրդի բացառիկ հաջողությունները։
- Հոգ չէ, որ դրանով ինքը ադրբեջանական կողմին տալիս է հնարավորություն մեզ մեղադրեու ագրեսիայի մեջ՝ հղվելով ՀՀ փաստացի ղեկավարի խոսքերին։
- Հոգ չէ, որ դրանով ինքը զրոյացնում է պատերազմներում բոլոր զոհվածների, վիրավորվածների, այլ կերպ տուժածների վաստակը, որոնց առջև իբր խոնարհվում է։
- Հոգ չէ, որ դրանով ինքը տեղահանված արցախահայությանը վիրավորանք է հասցնում։
- Հոգ չէ, որ ուղղակի թևաթափ է անում Հայաստանի բնակչությանը՝ դարձնելով անողնաշար մի օրգանիզմի։
- Հոգ չէ, որովհետև իր դարդը չեն ոչ մեր պետությունը, ոչ պատմությունը, ոչ արժեքները, ոչ մշակույթը ու ոչ էլ մարդիկ՝ որոնց իբր սիրում է ու խոնարհվում նրանց առաջ։
Հայ ազգային կոնգրեսի վարչության անդամ
Արտակ Հարությունյան


