«  Մարտ 2026  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Яндекс.Метрика


Ընդդեմ սեփական պատմության կեղծարարության – 72. Լևոն Տեր-Պետրոսյան. Բեկումնային հանգրվան

Ընդդեմ սեփական պատմության կեղծարարության – 72. Լևոն Տեր-Պետրոսյան. Բեկումնային հանգրվան

Սկիզբը՝ այստեղ

Ընդդեմ սեփական պատմության կեղծարարության – 72.
Լևոն Տեր-Պետրոսյան. Բեկումնային հանգրվան. (ելույթ 2009թ. մայիսի 1 ի հանրահավաքում)

Սիրելի հայրենակիցներ,

Նախ եւ առաջ կցանկանայի հանձինս ձեզ շնորհավորել մեր ողջ ժո­ղովրդին աշխատավորների համերաշխության միջազգային տոնի առ­թիվ, որի այժմեականու­թյունը մանավանդ կարեւորվում է Հայաս­տանի ներկա անմխիթար իրականության հանգամանքով։

Մարտի 1‑ի հանրահավաքից անցել է ուղիղ երկու ամիս՝ կար­ճա­տեւ մի ժամանա­կա­միջոց, սակայն հագեցած բազմաթիվ նշանակալի գործընթացներով ու իրադարձու­թյուն­ներով, որոնցից ձեր ուշադրու­թյանն եմ ուզում ներկայացնել հետեւյալ չորսը.

1. Սոցիալ-տնտեսական իրավիճակի վատթարացում.

2. Յոթ քաղբանտարկյալների գործի տապալում.

3. Հայ–թուրքական երկխոսության խորացում.

4. Երեւանի քաղաքապետի ընտրության նախապատրաստություն։

Ստորեւ ես կփորձեմ, որքան հնարավոր է սեղմ կերպով, մեկ­նա­բա­նել Հայ Ազգային Կոնգրեսի դիրքորոշումը նշված խնդիրներից յուրա­քանչ­յուրի վերաբերյալ։

Սոցիալ-տնտեսական իրավիճակ

Ինչպես կանխատեսել էինք մարտի 1‑ի հանրահավաքում, երկրի տնտե­սությանն սպառնում էին լուրջ փորձություններ, գլխավորաբար կապված դրամի արժեզրկման սպասվող վտանգի հետ։ Իմ ելույթում ես մասնավորապես նշել էի. «Շատ շուտով կառավարությունն ստիպ­ված է լինելու հրաժարվել դրամի փոխարժեքի արհեստական պահ­պան­ման քաղաքականությունից։ Ընդ որում, դրամն արժեզրկվելու է ոչ թե սահուն կերպով, ինչպես տեղի ունեցավ ռուսական ռուբլու պա­րագայում, այլ պարզապես գահավիժելու է»։ Գահավիժումն իրա­կա­նա­ցավ հանրահավաքից երկու օր անց, մարտի 3‑ին՝ բացահայտելով կա­ռա­վարության եւ Կենտրոնական բանկի վերջին շրջանում վարած քա­ղա­քականության ողջ սնանկությունը, եթե չասենք՝ հանցավորու­թյու­նը։ Իշ­խա­նությունները մինչ այդ հասարակությանը հավատացնում էին, թե իբր դրամի փոխ­արժեքը ոչ թե արհեստական, այլ լողացող է, ինչը բացարձակ սուտ դուրս եկավ, որով­հետեւ լողացող փոխարժեքը մեկ օրում 30%‑ով անկում չէր ապրի։ Պարզվեց նաեւ, որ անց­յալ տարվա վերջին եւ այս տարվա առաջին ամիսներին Կենտրո­նական բանկի պահուստներից դուրս գրված շուրջ 800 միլիոն դոլարը ծառայել է ոչ այնքան դրամի փոխարժեքի պահպանման, որքան բոլո­րովին այլ նպատակի։ Այդ գումարը, ինչպես նաեւ փոխանակման մի­ջո­ցով բնակ­չությունից հայթայթված արտարժույթի պատկառելի քանա­կը նստել են բանկիրների, պետական պաշտոնյաների եւ օլիգարխների հաշիվ­նե­րին, ինչն այլ բան, քան ազգային հարստության բացահայտ կողո­պուտ, չի կարելի համարել։

Իշխանություններն այժմ գոհունակությամբ նշում են, որ մարտի 3‑ի գահավիժու­մից հետո դրամի փոխարժեքը կայունացել է։ Բայց, չգի­տես ինչու, նրանք մոռացության են մատնում այն փաստը, որ դրամի արժեզրկման եւ նրա պատճառած գնաճի հետեւանքով բնակչության կենսամակարդակում շուրջ 30%‑ի անկում է արձա­նագրվել։ Կառավա­րու­թյան երկաթյա տրամաբանությամբ՝ կայունա­ցու­մը նույնիսկ կա­տար­յալ կարելի է համարել, նկատի ունենալով այն նշա­նակալի իրո­ղությունները, որ այս տարվա առաջին եռամսյակում Հա­յաս­տանում ար­դեն իսկ գրանցվել է 6,1%‑ի տնտեսական անկում, իսկ հարկային մուտքերը կազմել են բյուջեով նախատեսված եկա­մուտ­ների ընդամենը 40%‑ը։ Եւս մի այսպիսի կայունացում, եւ ժողովուրդը կհայտնվի լիա­կատար աղքատության գրկում։ Թեեւ դրամի փոխարժեքն այժմ արդեն իսկապես լողացող է, բայց, չգիտես ինչու, այն լողում է միայն մեկ ուղղությամբ՝  դեպի հարաճուն ու տեւական անկում։ Դա նշանակում է, որ առայժմ եւ մոտակա ապագայում տնտեսական կայունաց­ման մասին խոսք անգամ չի կարող լինել։ Չպետք է մոռանալ, որ չափա­զանց ծանր դրության մեջ են հայտնվել բանկերը՝ դրամային վարկերի պարագայում դրամի արժե­զրկման հետեւանքով կրած վնասների, իսկ դոլարային վարկերի պարագայում՝ դրանց մարման խնդրում առաջա­ցած անհաղթահարելի դժվարությունների պատճառով։ Այս երեւույթն անխուսափելիորեն հանգեցնելու է մի շարք բանկերի սնանկացման եւ, որպես դրա հետեւանք, դրամի փոխարժեքի մի նոր կտրուկ անկման։

Դրամի արժեզրկման եւ գնաճի պատճառով Հայաստանի տնտե­սու­թյունը բախվել է նաեւ մի այլ բացասական երեւույթի՝ առեւտրի ծավալների էական կրճատման եւ դրա հետեւանքով հարկային մուտ­քերի կտրուկ նվազման հետ։ Բյուջեի մասին օրենքը վերածվել է թղթի կտորի, որովհետեւ կառավարությունն, ըստ էության, գործում է ոչ թե այդ օրենքի, այլ տարրական հաշվապահության հիման վրա, այսինքն՝ օրական որքան ստանում, այնքան էլ ծախսում է, հազիվ կարողանալով հոգալ պետական ապարատի կենսագործունեության եւ աշխատավար­ձերի վճարման կարիքները։ Մուտքերի աղե­տալի նվազումը կառավա­րությանն ստիպում է խստացնել վարչարարությունը եւ խրա­խուսել մաք­սային ու հարկային ծառայությունների կամայականությունները, այդ նպատակով որպես գործիք օգտագործելով նաեւ դատական մարմին­ները։ Հարկային բեռն, այսպիսով, ինչպես անցյալում, շարունակում է ծանրանալ, առանց այդ էլ սնան­կության եզրին հասած, մանր ու միջին ձեռնարկատերերի ուսերին։ Սերժ Սարգսյանն ինքն էլ իր վերջին ասուլիսում ակամա խոստովանեց, որ խոշոր բիզնեսը հարկային դաշ­տից դուրս է մնում։ Եթե այդ խոստովանությունն անկեղծ լիներ, ապա կարող էր վիճակը շտկելու հույս ներշնչել։ Բայց քանի դեռ նախագահի աթոռն զբաղեցնում է Սարգսյանը, խոշոր բիզնեսը շարունակելու է այդ­պես էլ դուրս մնալ հարկային դաշտից, որովհետեւ նա է նրա գլխա­վորած ավազակապետական համակարգի ամենահուսալի հենարանը եւ սեփական բարգավաճման հիմնական աղբյուրը։

Մարտի 1‑ի հանրահավաքից հետո զգալիորեն սրվել են նաեւ սո­ցիա­լական դժգո­հու­թյան արտահայտությունները, մասնավորապես տաք­սու վարորդների, մանրածախ առեւտրի շուկաների եւ տոնա­վա­ճառ­ների աշ­խա­տողների շարքերում, որոնց շուտով կարող են միանալ գոր­ծազուրկներն ու բյուջետային ոլորտի աշխատողները։ Դրանք առայժմ կրում են տարե­րային ու չկազմակերպված բնույթ, սակայն բավարար լու­ծում­ներ չգտնելու պարագայում սպառնում են վերածվել լուրջ ցնցում­ների։ Իշխանու­թյուն­ները թեթեւամտորեն փորձում են սոցիա­լական բո­ղոքի ակցիաները ճզմել ահա­բեկում­ների ու ոստիկանական գործողու­թյունների միջոցով, ինչը չափա­զանց վտանգավոր եւ հակաարդյու­նավետ մտահղացում է։ Այնինչ նրանք պարտավոր էին անել ճիշտ հակա­ռակը, այսինքն՝ ոչ թե բնում խեղդել իրավացի դժգոհությունները, հուսալով, որ դրանք չեն ծավալվի, այլ ջանքեր գործադրել մանր ու միջին ձեռնարկատերերին եւ վարձու աշխատողներին հուզող խնդիր­ները լուծելու ուղղությամբ։ Պետությունն իրավունք չու­նի ձեռքերը լվա­նալ գործատերերի եւ աշխատավորների, վարձատուների եւ վարձակալ­ների հարաբերություններից։ Նրա պարտքն է ակտիվորեն միջա­մտել եւ կարգավորել այդ հարաբերությունները։ Կարող են առարկել, թե օրենք­ները բավարար են այդ հարա­բերությունները կարգավորելու համար։ Բայց ամբողջ խնդիրն այն է, որ հակասու­թյուն­ներն առաջանում են հենց օրենքների խախտման, պաշտոնեական կամայականու­թյունների եւ համատարած կոռուպցիայի պատճառով։ Եթե պետությունը չստանձ­նի այդ հակասությունների լուծման պարտավորությունը, վաղը դա արդեն անելու են արհես­տակցական միությունները, որոնք պետության կրավորակա­նության հետեւանքով ան­պայման ձեւավորվելու եւ հզորա­նալու են, քանի որ աշխատավորների իրավունքների պաշտպանության այլ միջոց գոյու­թյուն չունի։ Նկատի ունենալով խնդրի կարեւո­րու­թյունը եւ անկան­խա­տեսելի սոցիալական ցնցումներից խուսափելու անհրա­ժեշ­տու­թյունը, Հայ Ազգային Կոնգրեսը պատրաստ է խորհրդատվական եւ իրավաբանական աջակցություն ցուցաբերել անկախ արհեստակցա­կան միությունների կազմակերպման հարցում։ Մենք բազմիցս հայտա­րարել ենք, որ Կոնգրեսի գլխավոր նպատակը Հայաստանում քաղա­քա­ցիա­կան հասարակության ստեղծումն է, իսկ արհեստակցա­կան միու­թյունները քաղաքացիական հա­սա­րակության ամենակարեւոր բաղկա­ցուցիչ մասերից մեկն են։

Յոթի գործի անփառունակ վախճանը

Թեեւ Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակը ս.թ. ապրիլի 2‑ին հարցի կապակցությամբ հանդես է եկել հատուկ հայ­տարարությամբ, սակայն ավելորդ չեմ համարում ներկա ընդարձակ լսա­րանի առջեւ եւս մեկ անգամ վերհանել այդ նշանա­կալի իրա­դար­ձու­թյան կարեւորությունը։ Այսպես կոչված յոթի (իրականում՝ տասն­մե­կի) գործի էությունն ըմբռնելու համար նախ հարկ է պարզել, թե ինչ նպատակով էր հարուց­ված այդ գործը։ Տարակույս չի կարող լինել, որ նպատակը պարզից էլ պարզ էր, այն է՝ ողջ աշխարհին ապացուցել ընդդիմության կողմից իշխանության բռնի յուրացման փաստը եւ դրանով արդարացնել իշխանությունների պատասխան գործողություն­նե­րը, որոնք են՝ խաղաղ ցույցի սառնասիրտ գնդակոծումը, 10 քաղա­քա­ցիների սպանությունը եւ արտակարգ դրության հաստատումը։ Ըստ այդմ, դատական մարմինների առջեւ խնդիր էր դրված յոթի գործը շու­տա­փույթ կերպով հասցնել ավարտի եւ կայացնել պա­հանջ­ված դատա­վճիռը՝ ի հաստատումն մարտի 1‑ի իրադարձությունների պաշտոնա­կան վարկածի։ Սակայն համաժողովրդական համառ պայքարի, քաղ­բանտարկյալների կորովի պահվածքի, փաստաբանների գրագետ մար­տավարության, ինչպես նաեւ միջ­ազ­գային կազմակերպությունների մի­ջամտության շնորհիվ այդ խնդիրը տապալվեց։ Դեմքը փրկելու համար իշխանություններն ստիպված եղան լուրջ փոփոխություններ կատարել քրեական օրենսգրքում, դրանց հիման վրա վերաձեւակերպել ներկա­յաց­ված մեղադրանքները եւ յոթի գործը մասնատել առանձին գործերի։

Այս քայլով, մասնավորապես քրեական օրենսգրքի 300 հոդվածով առա­ջադրված մեղադրանքի վերացմամբ, իշխանությունները փաստո­րեն խոստովանեցին, որ յոթի գործը սկզբից եւեթ շինծու է եղել, եւ որ ընդ­դիմության կողմից իշխանության յուրացում կամ նույնիսկ յուրացման փորձ տեղի չի ունեցել։ Իսկ սպանությունների գործի ան­ջատ­մամբ իշխանությունները խոստովանեցին նաեւ, որ այդ սպանու­թյուն­ները որեւէ կապ չեն ունեցել ցուցարարների գործողությունների հետ։ Այսպիսով, մարտի 1‑ի իրադար­ձությունների պաշտոնական վար­կա­ծը վերջնականապես ջուրն ընկավ, եւ հրապա­րա­կում մնաց միայն իշ­խանությունների իրագործած սահմռկեցուցիչ ոճրագործությունը, որը վաղ թե ուշ բացահայտվելու է ամենայն մանրամասնությամբ։

Այդ դեպքում, բնակա­նաբար, հարց է առաջանում, թե ինչով էին հիմնավորված մարտի 1‑ին իշխանություն­ների, մեղմ ասած, ոչ համ­ար­ժեք, իսկ իրականում բարբարոսական գործողությունները։ Թերեւս ընդ­դիմության կողմից զանգվածային անկարգությունների կազմա­կերպ­մա՞մբ, ինչում վերաձեւակերպված մեղադրանքով ամբաստանվում են նույն յոթ անձնավո­րությունները։ Չխոսած այն մասին, որ ինքնին իրա­վագիտական անգրագիտություն կամ անհեթեթություն է միեւնույն զանգ­վա­ծային անկարգությունների առանձին կազմակեր­պիչներ ճա­նա­չել յոթ անձնավորության, կասկածից վեր է, որ մասնատված գոր­ծերը եւս արժանանալու են մայր գործի բախտին, քանի որ ընդդի­մու­թյան ոչ մի ներկայա­ցուց­չի այդպես էլ մինչ այժմ անձամբ բռնություն գործելու, մեքենա հրկիզելու կամ խանութ թալանելու կոնկրետ մեղա­դրանք չի ներկայացվել։ Եթե այնուամենայնիվ դատարանին հաջողվի, ան­գամ օրենքի կոպտա­գույն խախտումներով, դատավճիռներ կայաց­նել, միեւնույն է, դրանք հօդս են ցնդելու եւրոպական դատարանում։

Իսկ թե իրականում ովքեր են եղել զանգվածային անկարգու­թյուն­ների կազմա­կերպիչները, մեքենաներ հրկիզողներն ու խանութներ թա­լա­նող­նե­րը, այդ մասին սահ­մանափակ լսարանի առջեւ ես խոսել եմ 2008թ. դեկ­տեմ­բե­րի 21‑ին, Հայ Ազգային Կոնգրեսի առաջին համա­ժո­ղո­վում, մաս­նա­վո­րա­պես նշելով հետեւյալը. «Հավաստի աղբյուրներից ստացված տե­ղե­կու­թյուն­ների հիման վրա մենք պարզել ենք, որ մարտի 1‑ին մեքե­նաների հրկի­զումները, խանութների թալանը եւ այլ սադրանք­ներ իրակա­նաց­րել են որո­շակի ավազակախմբեր, որոնց անդամների ընդհանուր թիվը կազմել է 950 հոգի։ Այդ ավազակախմբերը կազմա­վորվել, հան­դերձ­վել եւ նշված գործո­ղությունները համակարգող կենտ­րոնի տրամա­դրու­թյան տակ են դրվել հինգ բարձրաստիճան պետա­կան պաշ­տոնյա­ների եւ չորս հայտնի օլի­գարխների կողմից։ … Բոլոր այդ տվյալները Հայ Ազգային Կոնգրեսի կենտ­րոնական գրասենյակը ներկայացրել է Փաստա­հա­վաք խմբին, ինչ­պես նաեւ տրամադրել Եւրո­խորհրդի Մարդու իրա­վունք­ների կոմիսար Թո­մաս Համմարբերգին եւ Հայաստանում հավա­տար­մագրված մի քանի օտար­երկրյա դեսպան­նե­րի»։ Նշված տեղե­կու­թյուն­ների հավաստիությունը հաստատվում է նրա­նով, որ իշխա­նություն­ները կտրականապես արգելել են Փաստահավաք խմբին ստուգումներ կա­տարել Պաշտպանության նա­խա­րարության պա­հեստներից մեկում, որտե­ղից հիշյալ ավազակախմբերը ստացել են իրենց հանդերձանքը։ Հար­գելով Փաս­տա­հավաք խմբի գոր­ծունեության գաղտնիությունը, մենք առայժմ զերծ ենք մնում այդ ավա­զակախմբերի պարագլուխների անուն­ները հրապարակելուց։ Այդ մարդիկ այսօր էլ բարձրագույն պետական պաշտոններ եւ ազդեցիկ տնտեսական դիրքեր են զբաղեցնում Հայաս­տա­նում։ Չպետք է կասկածել, որ գալու է պահը, երբ մենք այդ անունները դարձ­նելու ենք հանրության սեփակա­նու­թյու­նը, եւ բոլորը համոզվելու են, թե քրեական ինչպիսի զազրելի տարրերի ձեռքում է գտնվում Հայաստանի ու նրա ժողովրդի բախտը։

Հայ–թուրքական հարաբերություններ

Հայ–թուրքական հարաբերություններում վերջերս նկատվող աննա­խա­դեպ տեղա­շար­ժը արժանի է հատուկ գնահատականի, որովհետեւ այն շոշափում է Հայոց պետա­կանության զարգացման ամենակեն­սա­կան խնդիրներից մեկը։ Միանգամից նշեմ, որ Հայ Ազգային Կոնգրեսը, բա­ցառությամբ իր մասը կազմող մի կազմակերպության, կողմ է հայ–թուրքական հարաբերությունների շուտափույթ կարգավորմանը եւ պատ­րաստ է այդ հարցում աջակցել Հայաստանի իշխանությունների ձեռ­նար­կած բոլոր դրական քայ­լերին։ Մեր միակ առարկությունը վերա­բերում է Ցեղասպանության ուսումնասիրման նպատակով հայ եւ թուրք պատմա­բանների հանձնաժողովի ստեղծմանը, քանի որ մեր համոզ­մամբ՝ դա այլ բան, քան Հայոց ցեղասպանության ուրացում, չի նշանակում։

Իսկ այժմ տեսնենք, թե ինչում է արտահայտվում հիշյալ տեղա­շարժը։ Ակնհայտ է, որ հայ եւ թուրք դիվանագետների գաղտնի շփում­ների արդյունքում ստեղծվել է մի աշխատանքային փաստաթուղթ, որն ընդգրկում է հետեւյալ կետերը.

– Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբե­րությունների հաստատում.

– Պետական սահմանների փոխադարձ ճանաչում.

– Հայ–թուրքական սահմանի բացում.

– Հայ եւ թուրք պատմաբաններից կազմված հանձնաժողովի ստեղծում։

Հետագայում այդ փաստաթուղթը կոչվեց «ճանապարհային քար­տեզ», եւ բացահայտվեցին մի քանի այլ մանրամասներ։ Ինչեւէ, թվում է, թե մենք գործ ունենք միջպե­տական հարաբերությունների հաստատ­ման մի լուրջ մտադրության հետ, մանավանդ նկատի ունենալով, որ Թուր­քիան, կարծես-թե, հրաժարվել է հայ–թուրքական հարաբե­րություն­ների կարգավորումը Ղարաբաղի խնդրի լուծմամբ պայմանավորելու իր նախ­կին ապակառուցողական դիրքորոշումից։ Սակայն առկա են երկու հանգամանքներ, որոնք մթագնում են այս տպավորությունը։ Հայկական կողմի համար ակնհայտորեն որոշակի դժվարություն պիտի հարուցեր հայ եւ թուրք պատմաբանների հանձնաժողովի ստեղծման գաղափարը, եւ վերջիվերջո նրան հաջողվել է այն վերանվանել միջ­կա­ռա­վարական հանձնա­ժողով։ Բայց դա ընդամենը միայն խնդիրը քողարկելուն եւ հայ ժողովրդին հանդարտեցնելուն միտված մեղմա­սացություն (եւֆիմիզմ) է, քանի որ միջկառավարական հանձնա­ժողո­վում եւս ենթադրվում է ստեղծել պատ­մաբանների ստորաբաժանում, ինչից հարցի էությունն ամենեւին չի փոխվում։ Իսկ թուրքական կողմը չի կարող հաշվի չնստել ադրբե­ջանական հասարակության եւ սեփական ընդդիմության ճնշման հետ, ուստի ստիպված կրկին վերա­դառնալու է իր նախկին դիրքորոշմանը։ Այսինքն, հակառակ լավա­տե­սա­կան կանխա­տե­սումներին եւ հակա­ռակ բոլոր սպասումներին, Հա­յաս­տանի եւ Թուրքիայի հարա­բերու­թյուն­ները չեն կարգավորվելու եւ հայ–թուրքական սահմանը չի բաց­վելու, քանի դեռ էական առաջընթաց չի արձանագրվել Ղարաբաղյան հակամարտության լուծման հարցում։

Այս դեպքում հարց է առաջանում. ի՞նչն էր, ապա, բարձրացված այդ ամ­բողջ աղմուկի իմաստը։ Ցավոք, հարցի պատասխանը դառնահամ է լի­նելու հայկական կողմի համար։ Ամբողջ խնդիրն այն է, որ Թուրքիան, Հա­յաս­տանի հետ հարաբերությունները կարգավորելու ընդհանուր տրամա­դրվա­ծությունից բացի, իր առջեւ նաեւ մի ավելի նվազագույն եւ կոնկրետ նպա­տակ էր դրել, այն է՝ ամեն գնով կանխել Ամերիկայի Միացյալ Նա­հանգների նախագահ Բարաք Օբամայի եւ ամերիկյան կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վտանգը։ Թուրքիան լիովին հասավ իր նպատա­կին, Հայաստանը մնաց ձեռնունայն, իսկ Սփյուռքը դարձյալ հուսախաբ եղավ։ Ֆուտբո­լային դիվանագիտությամբ սկսված խաղի առաջին կեսն ավարտվեց 1 ։ 0 հաշվով՝ հօգուտ Թուրքիայի։

Թուրքիայի ղեկավարները նախագահ Օբամայի առջեւ դրին հայ եւ թուրք դիվանա­գետների աշխատանքի արդյունքում ծնված վերոհիշյալ փաստաթուղթը եւ, ինչպես սպասելի էր, նրան հեշտությամբ համո­զե­ցին, որ հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման բնագա­վա­ռում լրջագույն գործընթաց է մեկնարկել։ Օբաման, թեեւ գովե­լի ազնվությամբ, հայտարարեց, որ Հայոց ցեղասպանության գնահատ­ման հարցում չի փոխել նախընտրական շրջանում արտահայտած իր տեսակետը, սակայն պետական այրին վայել կեցվածքով բացատրեց, որ մտադիր չէ խանգարել այդ դրական գործընթա­ցին, հասկացնել տալով, որ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցն առայժմ հանվում է Ամերիկայի Միացյալ Նահանգների օրակարգից։

Կարելի՞ է, արդյոք, Թուրքիային եւ Ամերիկայի Միացյալ Նահանգ­նե­րին մե­ղադրել երկերեսանիության մեջ։ Ամենեւին ոչ։ Թուրքիան, նա­խանձելի դի­վանագիտական հնա­րամտություն դրսեւորելով, այս հանգրվա­նում փայ­լուն կերպով լուծեց իր հետապնդած առաջնահերթ խնդիրը։ Իսկ Ամե­րի­կա­յի Միացյալ Նահանգների նախագահը վարվեց այնպես, ինչպես նման իրա­վիճակում կվարվեր ցանկացած պատասխանատու առաջնորդ։ Եթե, այնու­ամենայնիվ, մեղադրանքի թիրախ փնտրելու ան­հրա­ժեշտություն կա, ապա այդ թիրախը կարող են լինել միայն Հա­յաս­տանի վերջին տասնմեկ տարվա իշխանությունները՝ հանձինս Ռո­բերտ Քոչարյանի, Վարդան Օս­կան­յանի, Սերժ Սարգս­յանի եւ Էդ­վարդ Նալբանդյանի, որոնք բառացիորեն պղծեցին ցեղասպանության սուրբ գաղափարը, այն վերածելով քաղաքա­կան աճուրդի ու սակարկության առարկայի։ Եւ դա ոչ թե պետական կամ ազգային վեհ նպատակների, այլ բացառապես Սփյուռքին հա­ճոյանալու եւ ներքաղաքական դիվի­դենտ­ներ ստանալու մանրախնդիր նկատառումով։

Այս կապակցությամբ հետաքրքիր է հետեւել նրանց վարած միան­գա­մայն սնանկ ու վնասակար քաղաքականության էվոլյուցիային.

– Քոչարյանի վարչակազմի առաջին գործը եղավ դավաճանական կամ հակազ­գային հայտարարել Թուրքիայի հետ առանց նախա­պայ­ման­ների հարաբերություններ հաստատելու՝ նախկին իշխանու­թյուն­նե­րի որդեգրած քաղաքականությունը։

– Հայաստանի արտաքին քաղաքականության անկյունաքարը հռչակ­վեց Ցեղա­սպանության միջազգային ճանաչման պահանջը, որը որպես հայ–թուրքական հարաբե­րու­թյուն­ների կարգավորման բանական հիմք, հոխորտանքով դրվեց նաեւ Թուրքիայի առջեւ։

– Երբ, երկար համառելուց հետո, Քոչարյանը եւ Օսկանյանը ի վեր­ջո համոզվե­ցին, որ այս ճանապարհը փակուղային է, նրանք վերա­դար­ձան իրենց կողմից ժամանա­կին դավաճանական հայտարարված՝ Թուր­քիայի հետ առանց նախապայմանների հա­րաբերություններ հաս­տա­տելու սկզբուն­քին, ակամա բացահայտելով Հայաստանի թու­լությունը եւ Թուրքիային հիմք տալով ավելի կոշտացնելու իր դիրքորոշումը։

– Թե՛ այս օբյեկտիվ պատճառով, եւ թե՛ սեփական լեգիտիմության խնդրի լուծ­ման նկատառումով, Սերժ Սարգսյանն ընկավ մի ավելի վտան­­գավոր ծայրահեղության գիրկը՝ հայ–թուրքական սահմանի բաց­ման դի­մաց անխոհեմաբար համաձայնելով ընդ­առաջել ցեղասպա­նու­թյան ուսում­նասիրման հարցով հայ եւ թուրք պատմաբաններից կազմ­ված հանձ­նաժողով ստեղծելու վերաբերյալ Թուրքիայի վարչապետ Ռե­ջեփ Էրդո­ղանի կողմից տարիներ առաջ արված համարյա մոռացված առաջարկին։

Ոչ մի այլ բան, քան քաղաքական խարխափումների, անհեռատես քայլերի եւ անպատասխանատու ձեռնարկների այս խայտառակ շարքն է, ահա, որ հանգեցրեց նախագահ Օբամայի Թուրքիա կատարած այցի բերած արդյունքին։ Իհարկե, չի կարելի պնդել, որ եթե չլիներ հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում մեկնարկած վերոհիշյալ գործընթացը, Օբաման ապրիլի 24‑ի իր ուղերձում, արդեն Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի հանգամանքով, ան­պայ­ման կարտա­սա­ներ ցեղասպանություն բառը կամ ամերիկյան կոնգ­րե­սը կճանաչեր Հայոց ցեղա­սպա­նությունը։ Այսպիսի իրավիճակներ շատ են եղել, բայց երբեք այդ բանը տեղի չի ունեցել։ Բայց ներկա իրավիճակն էականորեն տարբերվում է նախորդներից, քանի որ այս ան­գամ արդեն հարցի մերժման ֆորմալ պատրվակը Թուրքիայի հետ ամեն գնով, այդ թվում ցեղասպանության ուրացման գնով, մերձենալու Սերժ Սարգսյանի ձախորդ նախաձեռ­նությունն է։ Այս­պիսով, առանց դույզն իսկ չափազանցության, հարկադրված ենք արձանագրել. Սերժ Սարգսյանը հանուն սեփական իշխանության երկարաձգման, բառիս բուն իմաստով, ծախեց Ցեղասպանությունը։ Նրա հաջորդ քայլն, անկասկած, լինելու է Ղարաբաղը ծախելը, ինչից հետո, բնականաբար, նա դառնալու է առաջին հայը, որը կարժանանա Նոբելյան մրցանակի։

Ես մեղմ եմ արտահայտվում. վստահաբար, Սարգսյանի վարքը շատ ավելի անխնա գնահատականների է արժանանալու Հայաստանի եւ մանավանդ Սփյուռ­քի արմատական շրջանակներում։ Արդարությունը պահանջում է, սակայն, կատարվածում մեղադրանքի որոշ բաժին հասցեագրել նաեւ Սփյուռքի ազգային ջոջե­րին, ովքեր ոչ միայն երբեւէ Հայաստանի իշխանություններին չզգուշացրին ցեղասպա­նու­թյան ճա­նաչ­ման հարցը պետականորեն բարձրացնելու ձեռնարկի անխոհե­մու­թյան ու վնասակարության մասին, այլեւ ընդհակառակը, ոգեւորու­թյամբ խրախուսեցին վեր­ջիններիս ջանքերն ու թմբկահարեցին նրանց «սխրանքները»՝ արդյունքում ստանալով այն, ինչ ստացան։ Ավե­լի քան քառասուն տարիների ընթացքում Հայոց ցեղասպա­նության միջազ­գա­յին ճանաչման նպատակով Սփյուռքի ներդրած հսկայական ջանքերն ու դրամական միջոցներն, այսպիսով, մեկ օրում ջուրը թափվեցին։ Դժվար է պատկերացնել, թե ինչպես կարելի է շտկել վիճակը եւ դար­մա­նել պատճառված վնասը։

Այս ամենով հանդերձ, թեկուզ նման տխուր արդյունքով ավարտ­ված հայ–թուրքա­կան հարաբերությունների կարգավորման ներկա գործ­­ըն­թացը բոլորովին զուրկ չէ դրա­կան տարրերից։ Մի կողմից՝ Թուրքիայի բնական շահագրգռվածությունը հայ–թուրքա­կան հարաբե­րու­թյունների կարգավորման հարցում, իսկ մյուս կողմից՝ այդ կարգավոր­ման պայ­մանավորումը հայ–ադրբեջանական հարաբերու­թյուն­ներում ակնկալ­վող տե­ղա­շարժով, որոշ հող է ստեղծում Ղարա­բաղյան հակամարտու­թյան կարգավորման գործ­ըն­թացի խթանման հա­­մար։ Դրական պետք է համարել նաեւ դեպքերի բերումով նախա­գահ Օբամայի ստանձնած բարոյական պատասխանատվությունը, ին­չը նրա ղե­կա­վարած երկրի առջեւ պարտավորություն է դնում ավելի ակտիվորեն ու ան­կողմնա­կալ կերպով ներգրավվել ինչպես հայ–թուրքական հարաբերությունների, այնպես էլ Ղարաբաղյան հակամար­տության կարգավորման գործըն­թա­ցում։ Բարաք Օբաման իդեալիստ է՝ բառիս ամենադրական իմաս­տով։ Իսկ հայտնի է, որ թեեւ աշխարհը սովորաբար կառավարում են պրագ­մա­տիկներն ու ցինիկները, բայց քաղաքակրթու­թյունն առաջ են մղում ժամանակ առ ժամանակ հայտնվող իդեալիստները։ Ընդ որում, իդեալիստ ասելով, ես ամենեւին նկատի չունեմ իդեոլոգներին, այլ բա­րո­յականության, ազնվության եւ արդարության հարցերում կայուն սկզբունք­ներ ունեցող հազվագյուտ պետական անձանց։

Երեւանի քաղաքապետի ընտրությունները

Երբ Հայ Ազգային Կոնգրեսը հայտարարեց, որ իմ գլխավորու­թյամբ մասնակցելու է Երեւանի քաղաքապետի առաջիկա ընտ­րություն­ներին, իշխանական ճամբարից հնչած առաջին արձագանքն այն եղավ, որ Կոնգրեսը քաղաքականացնում է այդ ընտրություն­ները, այսինքն՝ գործում է զարհուրելի մի հանցանք, որի նմանը տեսնված չէ համաշ­խարհային պատմության մեջ։ Ցանկացած հարցի քաղաքականացումն այդպես արձա­գան­քող­ների համար, կարծես-թե, հավասարազոր է ժանտախտի, որից գլխակորույս պետք է փախչել։ Նախ՝ դրանով իշխա­նա­կան կոալիցիայի մաս կազմող խորհրդարա­նական կուսակ­ցություն­ներն իրենց դնում են ծիծաղելի դրության մեջ, մոռանալով, որ հենց իրենք են իսկզբանե ծայրահեղորեն քաղաքականացրել քաղաքապետի ընտրու­թյուն­ները, որդեգրելով հարյուր տոկոսանոց համամասնական սկզբունքը։ Եւ երկրորդ՝ նման արձագանքով նրանք անզգուշորեն մատ­նում են իրենց քրեական էությունը, որովհետեւ քաղաքականացման այլ­ընտ­րանքը ոչ այլ ինչ է, եթե ոչ քրեականացումը։

Ժամանակն է վերջապես գիտակցել, որ պետության մեջ ոչ քաղա­քական հարց գոյություն չունի, որովհետեւ պետության կենսակերպը հենց քաղաքականությունն է։ Եթե այդպես չլիներ, ապա ինչ իմաստ կունենային, ասենք, տնտեսական քաղաքակա­նություն, սոցիալական քաղաքականություն, ագրարային քաղաքականություն, կրթա­կան քա­ղա­քա­կանություն, մշակութային քաղաքականություն, առողջապահա­կան քա­ղա­քա­կանություն եւ բազմաթիվ այլ նմանատիպ հասկացու­թյունները։ Պետություն եւ քաղաքականություն բառերն անգամ ծագում­նաբանությամբ նույնական են, եթե նկատի ունենանք, որ քաղաքա­կա­նու­թյուն (պոլիտիկա) բառն առաջացել է հունական պոլիս (քա­ղաք‑պետություն) բառից։ Այս բանն, ի դեպ, գիտակցվել է անգամ միջնադարում, ինչի վկայությունն է այն, որ XIII դ. հայ մատենագիր Հովհաննես Երզնկացին պետու­թյուն հասկացությունն արտահայտելու համար գործածում է քաղաք բառը։

Պաշտոնական քարոզչամեքենան ընտրությունների քաղաքականաց­ման մեջ Կոնգրեսին մեղադրելուց բացի, փորձում է մեզ անհարմար դրության մեջ դնել նաեւ մի այլ ծիծաղելի հնարքով՝ քաղաքապետին, իր պատկերացմամբ, օժտելով միայն աղբահա­վաքի նվաստ դերով։ Նախ՝ ո՞վ է ասել, որ աղբահանությունն ինքնին կարեւոր գործ չէ։ Եւ երկրորդ՝ եթե քաղաքապետի միակ պարտականությունը աղբահանությունն է, ապա ինչո՞վ բացատրել, որ Երեւանի մասին 60 մեծադիր էջից բաղ­կացած օրենքում այդ խնդրին ընդամենը մեկ տող է հատկացվել, մինչ­դեռ ողջ մնացյալը վերաբերում է քաղաքականությանը։ Եթե տրված բա­ցատրություններից հետո էլ կարծիքներ կհնչեն, թե Հայ Ազգային Կոնգրեսը քաղաքականացնում է քաղաքապետի ընտրությունները, ապա դրա համար պետք է միայն շնորհակալություն հայտնել Կոնգ­րեսին, քանի որ քաղաքականացնելով, նա ձգտում է կանխել ընտ­րությունների քրեականացումը։

Այսօր ես ամենեւին մտադիր չեմ զբաղվել նախընտրական քա­րոզ­չու­թյամբ։ Դա մենք կանենք մեր հաջորդ հանրահավաքներում։ Սակայն առաջիկա ընտրությունների կապակցությամբ չեմ կարող ձեր ուշադրու­թյունը չհրավիրել մի վերջին կարեւոր հարցի վրա։ Ի՞նչ տեղի կունե­նար, եթե Հայ Ազգային Կոնգրեսը որոշեր չմասնակցել Երեւանի քաղա­քա­պետի ընտրություններին։ Անկասկած, ոչ այլ բան, քան այն, ինչ տեղի ունեցավ 2007թ. խորհրդարանական ընտրություններում։ Դրանք կանցնեին արտաքուստ նույն­քան ազատ ու արդար պայման­ներում, իշխանական թեկնածուն համոզիչ հաղթանակ կտաներ, իսկ միջազ­գա­յին դիտորդներն այդ ընտրությունները կգնահատեին որպես ժողովրդա­վարության խորացման ուղղությամբ կատարված նշանակա­լի քայլ։ Սերժ Սարգս­յանն, այդ ընտրությունները դրոշ դարձնելով, հե­տին թվով ինչ‑որ առումով կլեգիտիմացներ 2008թ. նախագահական կեղծված ընտրությունները եւ հսկայական վարկ ձեռք կբերեր միջազ­գա­յին հանրության աչքում։

Եթե Սարգսյանն իսկապես մտածում է իր եւ պետության վարկի մա­սին, ապա նա այսօր էլ ունի տվյալ նպատակին հասնելու հնա­րա­վո­րու­թյունը։ Թող անցկացնի օրի­նա­կան ընտրություններ, որոնք, վստա­հաբար, կարժանանան ոչ միայն միջազգային դի­տորդների, այլեւ մեր հասա­րա­կու­թյան գնահատանքին։ Նա պետք է վերջիվերջո գի­տակ­ցի, որ օրինա­կան ընտրությունների արդյունքում ոչ միայն իշխա­նու­թյան, այլեւ նույն­իսկ ընդդիմության հաղթանակը ուժեղացնում է պե­տու­թյունը եւ նրան զերծ պա­հում արտաքին ճնշումներից։ Այլապես նա երբեւէ պետական այր կոչվելու իրավունք չի ձեռքբերի։ Իսկ եթե Սարգս­յանը, նեղմտություն դրսե­ւո­րելով, փորձի կրկնել այն, ինչ կա­տա­րեց նա­խա­գահական ընտ­րու­թյուն­նե­րի ժամանակ, չխորշելով ոչ միայն բացահայտ կեղծիքներից, այլեւ ֆի­զի­կական բռնություններից, ապա պետությանը կհասցնի հերթա­կան ծանր հարվածը, որից այս անգամ արդեն այն կարող է այլեւս ուշքի չգալ։ Քա­ղա­քա­պետի ընտրու­թյուն­ների օրինականության ապահովումը Սերժ Սարգս­յանի համար Հայաս­տա­նի հասարակության եւ միջազգային հան­րու­թյան առջեւ որոշ հեղի­նակություն ձեռքբերելու վերջին շանսն է։ Այդ շան­սը չօգտագործել, հեր­թա­կան անգամ, նա կարող է միայն Հայաս­տա­նի պետական շահը զոհաբերելու գնով։

Եւ այսպես, վաղվանից մենք մտնում ենք ընտրապայքարի մի նոր փուլ, որը մի էական հատկանիշով, այն է՝ ընդդիմության միաս­նա­կանությամբ, տարբերվում է նա­խա­գահական ընտրապայքարից, ինչը մեծա­պես կնվազեցնի ընտրությունների արդյուն­քները կեղծելու իշխա­նությունների հնարավորությունը։ Մենք չափազանց ափսոսում ենք, որ չհաջողվեց ընտրություններին մասնակցել Հայ Ազգային Կոնգրեսի եւ Ժառան­գություն կուսակցության ընդհանուր ցուցակով։ Սակայն գնա­հա­տում ենք նաեւ՝ ընդդի­մության քվեները չփշրելու նկատառումով ընտ­րություններին չմասնակցելու վերաբեր­յալ Ժառանգության կայաց­րած որոշումը։ Միաժամանակ համոզված ենք, որ Ժառան­գությունն, այնուամենայնիվ, կանի ամեն ինչ՝ առաջիկա ընտրություններում ընդ­դիմու­թյանը սատարելու համար։

Մեր հաջորդ, արդեն նախընտրական հանրահավաքը տեղի կունենա մայիսի 15‑ին։ Մենք հանրահավաքներ եւ ընտրողների հետ հանդի­պում­ներ ենք նախատեսել նաեւ Երեւանի թաղային համայնքներում։ Ուզում եմ նաեւ տեղեկացնել, որ Հայ Ազգային Կոնգրեսի բոլոր շտաբներում գոր­ծելու են հատուկ բաժիններ, ուր դուք կարող եք ներկայացնել քաղաքի խնդիր­ների վերաբերյալ ձեր գրավոր առաջարկները, որոնք բարեխղճու­թյամբ քննության կենթարկվեն եւ հաշվի կառնվեն մեր հետագա գործու­նեու­թյան մեջ։ Իսկ այժմ՝ բարի երթ, որի ուղին եւ անցկացման կարգը, ինչ­պես միշտ, ձեզ կներկայացնի Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանը։

Լեւոն Տեր-Պետրոսյան, Վերադարձ, Երեւան, 2009, էջ 351–364

(շարունակելի)

Ilur