Ավագանու նիստի օրակարգից հանվեց ՀՀ նախագահի նստավայրը «Հանրապետության տուն» անվանակոչելու մասին հարցը

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ավագանու նիստի օրակարգից հանեց Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրը «Հանրապետության տուն» անվանակոչելու մասին հարցը:
«Գտնում եմ, որ այս հարցը վերաբերվում է ոչ միայն մայրաքաղաքին, այլ ամբողջ հանրապետությանը, այստեղ ավելի լայն հանրային քննարկում է պետք: Այդ հանրային քննարկումները երբ լինեն, դրանից հետո նորից կանդրադառնանք այս հարցին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Հայկ Մարությանը:
Երևանի քաղաքապետը նիստի օրակարգից հանեց նաև «Իրինա Ռոդնինայի գեղասահքի մարզադպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունն անվանափոխելու և կանոնադրության մեջ փոփոխություն անելու հարցը:
ՀՀ նախագահի նստավայրը «Հանրապետության տուն» անվանակոչելու առաջարկով Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին դիմել էր ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանը, ինչին ի պատասխան Հայկ Մարությանը հայտնել էր, որ ՀՀ նախագահի նստավայրը «Հանրապետության տուն» անվանակոչելու հարցը սահմանված կարգով կներկայացվի Երևանի ավագանու նիստի քննարկմանը: