Այվազյանը մայիսի 19-ին Դուշանբեում կմասնակցի ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստին
Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանն այսօր՝ մայիսի 19-ին Դուշանբեում կմասնակցի ՀԱՊԿ Արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին, տեղեկացնում է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը։
Հիշեցնենք՝ պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ Հայաստան-Ադրբեջան սահմանին ստեղծված իրավիճակի առնչությամբ ՀԱՊԿ-ում արտակարգ խորհրդատվություններ անհապաղ սկսելու նպատակով մայիսի 14-ին Նիկոլ Փաշինյանը նամակներով դիմել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի գործող նախագահ, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնին և դաշինքի անդամ մյուս պետությունների ղեկավարներին։
Մայիսի 12-ից սկսած ադրբեջանական զինուժը առնվազն երեք ուղղություններով ներխուժել է Հայաստանի Հանրապետության տարածք և փաստացի ամրացել մի քանի կիլոմետր խորության վրա։ Այս հարցի լուծման շուրջ բանակցություններ են ընթանում։