Չգնահատված «ամենահայրենասերը». iLur
Այս օրերին մի յուրահատուկ մրցակցություն է սկսվել հասարակական բազմաթիվ շերտերում, մասնավորապես իրենց քաղաքական գործիչ համարող անհատների, փորձագետների, վերլուծաբանների միջև` Ղարաբաղի հարցի սպասվող հանգուցալուծման առիթով: Նրանցից յուրաքանչյուրը, կոկորդ պատռելով, ցուցադրում է, թե որքան հայրենասեր է և որքան պահանջատեր: Դրանցից մեկն է լրագրող Էդիկ Անդրեասյանը, որը հավակնում է ամենաարմատականն ու հայրենասերը լինելու դերին: Այս առիթով թերևս տեղին է հիշեցնել, թե տարիներ առաջ այդ անձնավորությունը հրապարակավ ինչպիսի կարծիք է արտահայտել Ղարաբաղի և մասնավորապես ղարաբաղցիների մասին՝ «Ղարաբաղցու մուննաթից Աստված հեռու տանի» վերնագիրը կրող իր հոդվածում.
«Ղարաբաղցու մուննաթը շատ ծանր է: Հայաստանի վրա փթանոց մեղադրանքներ բարդել գիտեն, որ էլ սուս: Ահավասիկ, մի ղարաբաղցի մեզ մեղադրում է այն բանում, որ Բաքու-Ջեյհան է կառուցվել, Ադրբեջանի նավթը հոսել է Արեւմուտք, Արեւմուտքից միլիարդավոր դոլարներ են եկել Ադրբեջան, ներդրումներ են արվել, Բաքուն ռազմական բյուջե է մեծացրել, իսկ Հայաստանում սպասում են ինչ-որ հրաշքի կամ պարզապես աշխարհի վերջին: Ու այդ ղարաբաղցու տանձին էլ չէ, որ արդեն 25 տարի ողջ հայ ժողովուրդը միայն Ղարաբաղի խնդրով է ապրում ու Ղարաբաղի համար: Մուննաթ գալը հեշտ է: Մեկը լինի` իրենց վրա մուննաթ գա, որ Ղարաբաղի համար այսքան բան անելուց հետո էլ մարդիկ փախչում են Ղարաբաղից, ինչպես Հայաստանից են գնում: Մի անգամ էլ ինքներդ ձեզ վերլուծեք, փորձեք հասկանալ, թե ինչու չեք կարողանում ամենահասարակ բաներն անել` կով պահել, խոզ պահել, արտադրություն կազմակերպել: Ո՞ւր են գնում այն միլիոնավոր դոլարները, որ Հայաստանն ու Սփյուռքն են ներդնում Ղարաբաղում: Բերանս բացել չտաք, լաչառ կնկա լաց էլ չդնեք: Ձեր աչքով եք տեսել, թե ինչի են ընդունակ Հայաստանն ու հայկական բանակը, ու ոնց է միլիարդատեր Ալիեւը պոչը քաշում ոտքերի արանքը, երբ 18 տարեկան տղեն, ճակատը մահու տված, ենիչերիների ջոկատներ է սատկացնում: Ու փոխանակ այդ տեսնելու, Ալիեւի նավթադոլարներն եք հաշվում… Հապա մի ղարաբաղցու մուննաթը կարդացեք. «Եվ հիմա, երբ նախկին արտգործնախարարը (նկատի ունի Վարդան Օսկանյանին) փորձում է հավատացնել, թե իր պաշտոնավարման տարիներին, չնայած Արցախի հարցի չկարգավորվածությանը, հաջողվել է խաղաղություն պահպանել, ակամայից ուզում ես ընդհատել. «Իսկ չէի՞ք կարծում, որ դա խաղ է, Ալիեւը միայն ժամանակ է ձգում, որպեսզի բազմապատկի ռազմական պոտենցիալը եւ փոխի տոնը»»: Ասա ինչի՞ վրա ես մուննաթ գալիս` փաստի՞: Փաստ չէ՞, որ Ղարաբաղի ստատուս քվոն, չնայած հարցի չկարգավորվածությանը, այդ արտգործնախարարի պաշտոնավարման շրջանում պահպանվել է, պահպանվել է նաեւ հարաբերական խաղաղությունը: Եվ, ուրեմն, ինչի՞ մասին է խոսքը: Նույն ղարաբաղցին շարունակում է Հայաստանին խելք սովորեցնել. «Այո, հարկ էր կանխատեսել եւ քայլեր ձեռնարկել: Ոչ թե Հայաստան-Սփյուռք անպտուղ խորհրդաժողովներ հրավիրել կամ «Լինսի» հիմնադրամի փողերով զարկ տալ շինարարությանը, իսկ մամուլը հեղեղել «երկնիշ տնտեսական աճի» եւ «կովկասյան վագրի» մասին վարձահրավիրված հոդվածներով: Հետաքրքիր է, իսկ ո՞ւր մնացին այդ «թռիչքի» արդյունքները»: Այսինքն՝ ի՞նչ է ուզում ասել: Այդ նույն «Լինսի» հիմնադրամից Ղարաբաղին բան չե՞նք հասցրել, Ստեփանակերտն իրենց պապերի փողերո՞վ են սիրուն սարքել, «Համահայկական» հիմնադրամի փողերը Ղարաբաղի հետեւը չե՞նք մտցրել, որ ճանապարհ ու կոմունիկացիաներ ունենան: Թոթի արաղից դենը բան չգիտեք` եկել Հայաստանի վրա՞ եք մուննաթ գալիս» (Հրապարակ, 07.04.2017):
***
Ի դեպ, այս հոդվածին ժամանակին արձագանքել է ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ նշելով մասնավորապես հետևյալը. «Լուրջ մտահոգության առարկա է խաղաղության եւ պատերազմի երկընտրանքի շուրջ ծավալված բանավեճի առիթով սոցցանցերում եւ հատուկենտ լրատվամիջոցներում հայաստանցիների եւ ղարաբաղցիների միջեւ սեպ խրելու նկատվող միտումը։ Այդ տեսակետից հատկապես վրդովեցուցիչ են հեղինակավոր կայքերից մեկում օրերս հրապարակված մի այլանդակ հոդված եւ նրան կցված ավելի այլանդակ comment-ները (hraparak.am. 7.04.2017)։ Այլանդակություն լինելուց բացի, դրանք հայաստանցիների եւ ղարաբաղցիների միջեւ բացահայտ թշնամանք հրահրելուն միտված եղկելի սադրանքի տպավորություն են թողնում։
Հանուն Ղարաբաղի ազատագրման հայաստանցիների կրած զրկանքներն ամենեւին հիմք չեն ղարաբաղցիներին կշտամբելու եւ երախտամոռության, անբանության կամ մակաբուծության մեջ նրանց մեղադրելու համար։ Դեռ մեծ հարց է, թե ով ում է ավելի շատ բան տվել՝ Հայաստանը Ղարաբաղին, թե՞ Ղարաբաղը Հայաստանին։ Այդպիսի հիմք չէ նաեւ Հայաստանում ապաստանած մեկ-երկու տասնյակ ղարաբաղցի պաշտոնյաների ու խոշոր գործարարների նկատմամբ ձեւավորված խիստ բացասական վերաբերմունքը։ Վերջիններիս բարքերից ու ապօրինություններից հավասարապես տուժել եւ տուժում են ոչ միայն հայաստանցիները, այլեւ իրենք՝ ղարաբաղցիները։
Հայաստանն ու Ղարաբաղը մեր ընդհանուր հայրենիքն են, որի քաղաքացիները հավասարապես կիսում են թե՛ հաղթանակները, թե՛ պարտությունները, եւ թե՛ զրկանքներն ու տառապանքները։ Դրանով հանդերձ, չպետք է մոռանալ, որ ղարաբաղցիներն ապրում են հայ-ադրբեջանական առճակատման առաջնագծում, սահմանային ընդհարումների ու գնդակոծությունների մշտական սպառնալիքի տակ, եւ այդ պատճառով ավելի սուր են ընկալում իրողությունները, ինչը հայաստանցիներից բացառիկ նրբանկատություն է պահանջում։ Բնական է նաեւ, որ հայկական պետականության երկու միավորների միջեւ լինեն մարտավարական հարցերի հետ կապված քաղաքական հակասություններ։ Դրանք միշտ էլ եղել են եւ սովորաբար լուծվել են Հայաստանի եւ Ղարաբաղի ղեկավարության փոխըմբռնման միջոցով։ Անթույլատրելին ու դատապարտելին այդ հակասությունները կենցաղային մակարդակի անհանդուրժողականության եւ փոխադարձ մեղադրանքների դաշտ տեղափոխելն է» (Իլուր, Առավոտ, 10.04.2017):