Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ մեղադրյալ Քոչարյանի և մյուսների վերաբերյալ որոշում կայացնելու
Վերաքննիչ քրեական դատարանում՝ նախագահությամբ Արմեն Դանիելյանի, ընթանում է Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի գործով Գլխավոր դատախազության, ինչպես նաև տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչների բողոքների քննությունը:
Այսօր պաշտպանական կողմը պետք է առարկություն ներկայացներ դատախազների և տուժողների բողոքների վերաբերյալ, սակայն, պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը միջնորդեց գործի վարույթը կասեցնել և դիմել ՍԴ:
Այս առնչությամբ մեղադրող դատախազները, հայտնելով իրենց դիրքորոշումը, ասացին, որ իրենք առարկում են այդ ձևաչափին և առաջարկում են շարունակել բողոքների քննության այն կարգը, որը նշում է դատարանը։
Սեդա Սաֆարյանը ևս կարծում է, որ այս կարգը պետք է պահպանվի, նա միացավ մեղադրողների դիրքորոշմանը, տուժողների իրավահաջորդները ևս միացան Սեդա Սաֆարյանին։
Դատավոր Արմեն Դանիելյանը հայտարարեց, որ նկատի ունենալով, որ պաշտպանական կողմը գործը ձգձգելու միտում ունի, ուստի արդարադատության շահից ելնելով՝ հեռանում է խորհրդակցական սենյակ դատական ակտերի վերաբերյալ որոշում կայացնելու:
Բողոքների վերաբերյալ որոշումը կհրապարակվի հունիսի 25-ին ժամը 16-ին: