Հայաստանի դեսպան. «Ադրբեջանը նոր հարձակում է պատրաստում Հայաստանի դեմ, այդ թվում` Նախիջևանի կողմից»
Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարները սեպտեմբերի 16-ին կայցելեն ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքով տուժած շրջաններ, հաղորդում է Հայաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Վահան Հունանյանը:
Նախնական հաշվարկով, Հայաստանի 3 մարզերի սահմանամերձ համայնքներում վնասվել է 192 բնակելի տուն, որոնցից 60-ը՝ ամբողջությամբ
Ջերմուկում վնասվել են քաղաքացիական օբյեկտները. «Ճոպանուղու վրա 11 արկ է ընկել»
Իրավիճակը Գեղարքունիքում շարունակում է լարված մնալ. բնակիչներից ոմանք մեքենայում են գիշերել:
Սեպտեմբերի 13-ին, ժամը 00։05-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները, հրետանային միջոցների, ականանետերի ու ԱԹՍ-ների կիրառմամբ սկսել են հհրետակոծում է ՀՀ ինքնիշխան տարածքը:
Սեպտեմբերի 14-ի երեկոյան Պաշտպանության նախարարության խոսնակը հայտնել էր, որ ժամը 20-ից բոլոր ուղղություններով կրակը գրեթե դադարել է, էական միջադեպեր չեն արձանագրվել։ Միջադեպեր չեն արձանագրվել նաև հաջորդած գիշերը, երեկ օրվա ընթացքում:
Ըստ ՊՆ-ի՝ այսօր ժամը 9-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել:
Ադրբեջանը նոր հարձակում է պատրաստում Հայաստանի դեմ, այդ թվում` Նախիջևանի կողմից, երեկ ՄԱԿ֊ի Անվտանգության խորհրդում հայտարարեց Հայաստանի մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը, ընդգծելով` եթե միջազգային համայնքը հասցեական չդատապարտի ու պատասխանատվության չկանչի Բաքվին, ագրեսիան կարող է ընդարձակվել:
«Մինչ մենք քննարկում ենք հարցը, հավաստի տեղեկություններ են ստացվում, որ Ադրբեջանը ևս մեկ ռազմական հարձակում է ծրագրում` ընդլայնելով ագրեսիայի աշխարհագրությունը, այդ թվում՝ Նախիջևանի կողմից, որպեսզի փորձի իրագործել Հայաստանի ինքնիշխան տարածքով արտատարածքային միջանցք ստեղծելու իր անօրինական նկրտումները», - ասաց Մարգարյանը:
Պաշտոնական Երևանի խնդրանքով հրավիրված արտահերթ նիստում Հայաստանի դեսպանը նաև նոր թվեր հրապարակեց:
Մասնավորապես ՝ հաստատված 105 զոհերից բացի հայկական կողմում կան նաև տասնյակ վիրավորներ ու անհետ կորածներ, առնվազն 7 ռազմագերի է նույնականացվել, և չի բացառվում, որ այս թիվը կարող է ավելի մեծ լինել: Մոտ 200 տուն զգալի վնասներ է կրել, 60֊ը` լիովին ավերվել: «Ջերմուկի ռմբակոծումը, որտեղ ռազմական ոչ մի թիրախ չկա, պատերազմական հանցագործություն է», - պնդեց դեսպանը, հավելելով` Ադրբեջանը թիրախավորել է նաև Կեչուտի ջրամբարը` ստեղծելով բնապահպանական ու հումանիտար ահռելի վտանգներ:
Սեպտեմբերի 13-ի կեսգիշերին հայ - ադրբեջանական սահմանին սկիզբ առած ռազմական գործողությունների ընթացքում հայկական կողմի հաստատված զոհերի թիվը հասավ 135-ի: Այս տվյալը Կառավարության այսօրվա նիստի ժամանակ հրապարակեց Փաշինյանը՝ հավելելով, որ այս թիվը վերջնական չէ: Ունենք նաև բազմաթիվ վիրավորներ
Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամներից չորսը` բացառությամբ Չինաստանի, հայտարարեցին, որ հայկական և ադրբեջանական զորքերը պետք է վերադառնան նախկինում զբաղեցրած դիրքեր:
Ռուսաստանի դեսպան Վասիլի Նեբենզյանը տեղեկացրեց`«Մոսկվան սերտ շփումների մեջ է կողմերի հետ, էական քայլեր են ձեռնարկվում Պաշտպանության նախարարության և Սահմանապահ դաշնային ծառայության միջոցով` կրակի դադարեցման, ադրբեջանական ու հայկական զորքերը ելման դիրքեր վերադարձնելու ուղղությամբ», - հայտարարեց Նեբենզյան՝ խոսելով նաև սահմանազատման անհրաժեշտության մասին:
Վասիլի Նեբենզյան խոսեց սահմանի դեմարկացիայի անհրաժեշտությունից, կրկին նշեց, որ Մոսկվան պատրաստ է այս հարցում խորհրդատվական, տեխնիկական և այլ անհրաժեշտ աջակցություն տրամադրել, ինչպես նաև օգնել կողմերին խաղաղության պայմանագիր կնքելու հարցում:
«Կայուն արդյունքի հասնելու համար կպահանջվի ժամանակ և էական ջանքեր Բաքվի ու Երևանի կողմից, ինչպես նաև համախմբվածություն միջազգային համայնքում: Աշխարհքաղաքական մրցակցությունը և որևէ արդյունքի չհանգեցնող խաղերը կարող են միայն վնասել գործընթացը», - ասաց նա:
ՄԱԿ-ում Ֆրանսիայի դեսպան Նիկոլա դը Ռիվյերը, որը նախագահում է Անվտանգության խորհրդի նիստը, զորքերը հետ քաշելու կոչը հասցեագրեց ուղիղ Ադրբեջանին:
Դիվանագետը նույնպես ընդգծեց, որ վերջին օրերին Հայաստանի մի շարք բնակավայրեր ու ենթակառուցվածքներ են գնդակոծվել, հավելելով` նախագահ Մակրոնը Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների հետ զրույցներում երեք հիմնական ուղերձ է փոխանցել.
«Նախ, ծայրաստիճան կարևորում ենք 2020 թվականի նոյեմբերի 9֊ի հրադադարի պահպանումը, երկրորդ` կոչ ենք անում Ադրբեջանին քայլեր ձեռնարկել, որպեսզի սեփական զինված ուժերը գտնվեն նախնական դիրքերում: Հայ ֊ ադրբեջանական սահմանի դեմարկացիան պետք է ընթանա բացառապես խաղաղ և բանակցությունների միջոցով: Հայաստանի տարածքային ամբողջականությունը պետք է հարգվի: Երրորդ` կողմերը պետք է ակտիվացնեն երկխոսությունը` դեռևս չկարգավորված բոլոր հարցերը լուծելու համար: Մենք կոչ ենք անում քայլ անել առաջ` դեմարկացիայի և նոր բռնությունները կանխելու հարցում, օրինակ` զորքերը տարանջատելով», ֊ ասաց Նիկոլա դը Ռիվյերը:
Միացյալ Նահանգների դեսպան Ռիչարդ Միլսը հատուկ ընդգծեց, որ Վաշինգտոնն անհանգստացած է Հայաստանի բնակավայրերի և ենթակառուցվածքների գնդակոծմամբ:
«Մենք, մասնավորապես, մտահոգված ենք, որ Հայաստանի տարածքում խաղաղ բնակիչներ են տուժել: Կոչ ենք անում Հայաստանի ու Ադրբեջանի կառավարություններին վերականգնել ուղիղ հաղորդակցությունը` ռազմական ու դիվանագիտական խողովակներով, և հանձնառու մնալ դիվանագիտական գործընթացին», - ասաց Միլսը:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Հայաստանի հանդեպ Ադրբեջանի զինված ագրեսիայի հարցով քննարկման ընթացքում ելույթ է ունեցել Հնդկաստանի մշտական ներկայացուցիչ Ռուչիրա Կամբոջը:
«Հայ-ադրբեջանական սահմանին հարձակման, այդ թվում՝ քաղաքացիական բնակավայրերի ենթակառուցվածքների թիրախավորման մասին վերջին հաղորդումները խոր մտահոգություն են առաջացնում։ Մենք ագրեսոր կողմին կոչ ենք անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և զսպվածություն ցուցաբերել։ Այս գործողությունները լուրջ վտանգ են ներկայացնում տարածաշրջանում խաղաղության և կայունության համար։ Այս խորհուրդը պարզապես չի կարող լուռ կանգնել և թույլ տալ, որ իրավիճակը էլ ավելի վատթարանա։
Ցանկանում եմ կարևորել այն գլոբալ կարգը, որը մենք կառուցել ենք միջազգային իրավունքի, ՄԱԿ-ի կանոնադրության և պետությունների տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ հարգանքի վրա»,- ասել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Հնդկաստանի մշտական ներկայացուցիչը:
ՄԱԿ-ը ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հրադադարի մասին պայմանավորվածությունները եւ հույս ունի, որ հրադադարը կպահպանվի։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Միրոսլավ Յենչան։
Նա հայտնել է, որ ՄԱԿ-ը, Հայաստանի խնդրանքով առաքելություն կուղարկի երկիր՝ գնահատելու սահմանին տիրող իրավիճակը՝ անդամ երկրներին հետագա զեկույցներով։
«Անհրաժեշտ է լիովին հավատարիմ մնալ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղ կարգավորմանը, եւ բոլոր ջանքերը պետք է գործադրվեն ներկայիս լարվածությունը թուլացնելու համար, որպեսզի կողմերը կարողանան վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ եւ օգնել նրանց հասնել խաղաղության եւ կայունության տարածաշրջանում»,- ասել է նա՝ կոչ անելով կողմերին կատարել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հրադադարի հայտարարության շրջանակներում ստանձնած պարտավորությունները։ «Մենք կողմերին կոչ ենք անում վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ եւ քայլեր ձեռնարկել պայմանագրի ստորագրման ուղղությամբ»։