Դմիտրի Մեդվեդև. Զելենսկուն ֆիզիկապես ոչնչացնելուց բացի` ՌԴ-ն այլ տարբերակ չունի
Կրեմլի վրա կիևյան անօդաչուների գրոհը Ռուսաստանին այլ տարբերակ չի թողնում, քան Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և նրա հանցախմբի ֆիզիկական չեզոքացումը։ Այս մասին երեկ՝ մայիսի 3-ին իր Telegram-ում գրառում է արել ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։
«Պետք չէ նույնիսկ անվերապահ կապիտուլյացիայի ակտը ստորագրելու համա։ Հիտլերը, ինչպես հայտնի է, այն նույնպես չի ստորագրել։ Միշտ էլ ինչ-որ փոխարինող կգտնվի՝ ծովակալ Դյոնիցի նման մեկը», գրել է Մեդվեդևը:
Կրեմլը անօդաչու սարքերով գրոհելու ուկրաինական փորձից հետո մայիսի 9-ին Կարմիր հրապարակում շքերթ անցկացնելու ծրագիրը չի փոխվել: Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս հայտարարությունն արել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Հարցին, թե շքերթ անցկացնելու ծրագրերը պահպանվում են, Պեսկովը դրական պատասխան է տվել:
Կրեմլի մամուլի ծառայությունից ավելի վաղ հայտնել էին, որ մայիսի 3-ի գիշերը Կիևը փորձել է ԱԹՍ-ներով հարված հասցնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կրեմլյան նստավայրին: Կրեմլից հայտնում են, որ բեկորների ընկնելու հետևանքով տուժածներ և նյութական վնասներ չկան։
Ռուսական կողմն իրեն իրավունք է վերապահում պատասխան միջոցներ ձեռնարկել որտեղ և երբ անհրաժեշտ կհամարի։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Հելսինկիում կայացած մամուլի ասուլիսում Վլադիմիր Զելենսկին ասել է, որ Կիևը չի հարձակվել Պուտինի և Մոսկվայի վրա։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։