Գևորգ Փանոսյան. «Բաքվից մինչև Կոսովո. հայ մտքի անիրատեսությունը»
Բաքվից մինչև Կոսովո. հայ մտքի անիրատեսությունը
Հասնել Բաքու
Արցախյան հակամարտության մասին խոսելիս շատերը մեղադրում են հայկական կողմին 90-ականներին ցուցաբերած ամաչկոտության ու անվճռականության համար։ Մեղադրանքները կամ ռազմական դաշտում վերջնական լուծում չտալու, կամ դիվանագիտական դաշտում շատ քիչ բան պահանջելու և միջազգային լծակները սխալ օգտագործելու մասին են։ Երկրորդ պատերազմից հետո այս անիրատեսական մոտեցումներն ավելի վառ գույներ են ստացել, և մարդիկ մանտրայի նման կրկնում են այդ մտքերը՝ չհասկանալով, որ այդ մոտեցումները կարող են դառնալ նոր աղետների պատճառ։
Օրինակ Բաքու հասնողները պետք է առաջին հերթին բացատրեն, թե հայկական կողմի համար որն էր լինելու հարևան երկրի մայրաքաղաքը գրավելու և իր հսկողության տակ պահելու գինը։Արդյո՞ք Հայաստանը կստանար ավելին, թե՞ հավանաբար կկորցներ ավելին, քան հիմա է կորցրել։ Պատմության մեջ օրինակները շատ են, երբ ռազմական դաշտում իրականությունը շատ արագ փոխվում է։ 1991 թվականին Կրաինայի սերբական հանրապետությունը ճանաչեց իր անկախությունը Խորվաթիայից և մի քանի տարի ռազմական դաշտում հաջողություններ ունենալուց հետո կարողացավ դե ֆակտո պահել իր անկախությունը։ Բայց արդեն 1995 թվականին խորվաթներն ԱՄՆ-ի օգնությամբ շատ արագ հետ գրավեցին տարածքները և վերահաստատեցին իրենց իշխանությունը Կրաինայի վրա։ Ինչո՞ւ Արցախյան պատերազմում այդպիսի իրականություն հնարավոր չէր, եթե Ադրբեջանը, օգտվելով նավթային իր ռեսուրսներից, կարողացավ ռազմի դաշտ հրավիրել վարձկաններ և ԱՊՀ մտնելուց հետո սկսեց ձեռք բերել ռուսական զրահատեխնիկա։ Ադրբեջանական բնական ռեսուրսներով հետաքրքրված երկրները արդյո՞ք չէին կարող ձեռք մեկնել Բաքվին այնպես, ինչպես Ամերիկան ձեռք մեկնեց Խորվաթիային։ Նման բան իհարկե հետագայում տեղի ունեցավ դիվանագիտական դաշտում, որին դեռ կանդրադառնանք։
1993 թվականին՝ Աղդամի օպերացիայից հետո, Թուրքիան ավելացնում էր ճնշումը հայկական կողմի վրա՝ իր ռազմական ներկայությունը ավելի մեծացնելով մեր սահմանին և պաշտոնական Երևանին մեղադրելով քրդական խմբավորումներին Հայաստանում տեղավորելու մեջ։ (https://www.aniarc.am/2020/10/24/turkey-prepares-to-invade-armenia/)։ Ի՞նչ կլիներ հայկական կողմի հետ, եթե նա հասներ Բաքու, արդյո՞ք Թուրքիան կպահեր իր զսպվածությունը։
Եվ վերջապես հաշվի առնելով այս ամենը՝ պետք է ինքներս մեզ հարց տանք․ի՞նչ էր տալու նման քայլը հայկական կողմին։ Արդյո՞ք միջազգային հանրությունը ճանաչելու էր Արցախի անկախությունը։ Շատերը մոռանում են, թե ինչպես էր միջազգային համայնքը տոնը փոխել հայկական կողմի նկատմամբ, երբ ԼՂԻՄ-ից բացի ևս 7 շրջան ազատագրվեց հայկական ուժերի կողմից։ Եվ այդ փաստը Ադրբեջանը կարողացավ օգտագործել հօգուտ իրեն՝ Ղարաբաղի կոնֆլիկտը ձևակերպելով որպես տարածքային հարց։ Արդյո՞ք Ադրբեջանը ճանաչելու էր ԼՂԻՄ-ի անկախությունը, երբ մինչև օրս Սերբիան չի ճանաչել Կոսովոյինը։ Հայկական կողմը ունենալո՞ւ էր ռեսուրսներ այդ տարածքները պահելու համար, երբ զինադադար էր ցանկանում անգամ Ռուսաստանը, որ միակն էր, որ հայկական կողմին զենք էր մատակարարում։
Նավթ և դեմոգրաֆիկ աճ
Ադրբեջանական կողմը նավթային կոնսորցիումի ստեղծումից հետո հասկանում էր, որ միջազգային համայնքի համար իր կարևորությունը ավելի է մեծանում (https://www.nytimes.com/1997/09/14/world/azerbaijan-has-reason-to-swagger-oil-deposits.html)։ Այդ մասին ահազանգում էր նաև ՀՀ 1-ին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։
Եւ այդպես էլ եղավ, Բաքվում հասկացան, որ շրջափակման մեջ դեմոգրաֆիկ անկում ապրող Հայաստանը հարաբերականորեն թուլանում է։ Հերիք է ուսումնասիրել ստորև բերված գծապատկերները, և հասկանալի կլինի, թե նավթային քաղաքականության շահաբաժինները և բնակչության աճի տարբերությունը ինչքան արագ էին փոխում ուժային հարաբերակցությունը։
Դեմոգրաֆիա
Համաշխարհային բանկ
Անխուսափելի կարգավիճակ
Ադրբեջանը ԼՂԻՄ-ից դուրս տարածքները օգտագործեց պատերազմը լեգիտիմացնելու համար։ Այն, ինչը շատերը ի սկզբանե պատկերացնում էին բուֆերային գոտի, դառնում էր վտանգավոր գոտի, որովհետև Բաքվի համար պատերազմով ստանալը ավելին, քան կար բանակցային սեղանին դրված, դառնում էր շատ իրատեսական։ Իսկ հայկական կողմը չէր ցանկանում հասկանալ Ադրբեջանի պահանջկոտության պատճառները, այլ դա օգտագործում էր իբրև դիվանագիտական հնարք։
Հիշենք, որ Փաշինյանը մի քանի անգամ ասել է, որ բանակցությունների սեղանին դրված լավրովյան պլանն իր համար անընդունելի է, որովհետև դրանով Արցախին կարգավիճակ չէր տրվում։ Զարմանալի է, որ պատերազմի վտանգի մեջ գտնվող Արցախի համար առաջին խնդիրը համարում էին կարգավիճակը։ Այսօր Հայաստանը միջազգայնորեն ճանաչված պետություն է, արդյո՞ք Ադրբեջանը զերծ է մնում պրովոկատիվ քայլերից։ Քանի՞ երկիր իր տարածքային ամբողջականությունը վերականգնելու խնդիր ունի։ Արդյո՞ք եթե Հոնդուրասը և Ֆրանսիան ճանաչեին Արցախի անկախությունը, ադրբեջանական կողմը զենքը վայր էր դնելու։ Իհարկե ոչ։ Առաջնային խնդիրը Արցախի հայկական մնալն էր, կարգավիճակը կարող էր որոշվել ապագայում, երբ արդեն հայերը ապահով ապրելու, զարգանալու և դեմոգրաֆիկ աճ ապրելու հնարավորություն կունենային։ Ոչ մի գերտերություն Արցախին կարգավիճակ չի տվել և մինչև այսօր չի տալիս, որովհետև իրենց դա պետք չէ, և այո՛, Արցախի հարցում հայկական կողմը դաշնակիցներ չունի, եղել և շարունակում է մենակ մնալ։ Հայկական կողմի համար ռացիոնալ էր ընդունել ցանկացած ծրագիր, որը դրված էր սեղանին, և եթե ռուսական կողմի համար շահավետ էր խաղաղապահ տեղավորել Կովկասում, համաձայնել այդ տարբերակին, որպեսզի տարածաշրջանի ամենակարևոր հեգեմոնի հետ շահերը համընկնեին։
Ամեն օր Հայաստանը Իսրայելի հետ համեմատող ու Իսրայելի փորձը մատնանշող մտավորականները թող ասեն, թե քանի անգամ է հենց Թել Ավիվը տարածքային զիջումների գնացել։ Մի՞թե Սինայը կարևոր չէր իրենց համար, որ հետ հանձնեցին Եգիպտոսին խաղաղության պայմանագիր կնքելու և միմյանց սահմանները ճանաչելու համար (Քեմփ Դեյվիդի համաձայնագրեր 1979թ)։ Ցանկությունները որպես իրականություն ներկայացնելու շարունակական գործընթացը ամենակարճ ճանապարհն է դեպի նոր աղետներ։
Կոսովոյի օրինակը բերողները մի՞թե կարծում են, որ UÇK-ի (Կոսովոյի ազատագրության բանակ) ալբանացի անդամները մեծ դիվանագետներ էին։ Մի՞թե այդքան անհասկանալի է, որ ԱՄՆ-ի շահերն էին թելադրում Կոսովոյի անկախությունը, և որ աշխարհում միջազգային իրավունքը չէ իրավիճակ թելադրում, այլ ուժը։ ՄԱԿ-ն էլ իրենց պատկերացրած ոստիկանը չէ, որ անկարգ պետություններին պատժի։ Ցեղասպանություն վերապրած ժողովուրդը գոնե այսքանը արդեն պետք է հասկացած լիներ։ Մինչ Բալկաններում պան-սլավոնական և եվրոպական ուժերը կանգնած էին բալկանյան ժողովուրդների թիկունքում՝ Օսմանյան կայսրության դեմ, հայերը ոչ ոքի չունեին իրենց կողքին Արևմտյան Հայաստանի հարցում։ Հայաստանի մանդատը ոչ մի երկիր, այդ թվում՝ վիլսոնյան Ամերիկան, չի ցանկացել ընդունել։
Անցյալի սխալները չկրկնելու համար պետք է ավելի քան երբևէ լինել ռացիոնալ և իրատես, հակառակ դեպքում այսօրվա թույլ Հայաստանը մեծ ախորժակ ունեցող Ադրբեջանի գործոնով պայմանավորված շատ բան կարող է կորցնել։ Ինչպես 7 շրջանները Ադրբեջանի համար դարձան պատերազմն իրագործելու պատճառ, արդյո՞ք նոյեմբերի 9-ի փաստաթղթի 9-րդ կետը (ՀՀ տարածքով Ադրբեջանին ճանապարհ//միջանցք տրամադրելու մասին) չի կարող դառնալ հիմնավոր պատճառ Բաքվի համար նոր պատերազմ սկսելու։ Իրատեսության ժամանակն է։
Գևորգ Փանոսյան