Գագիկ Քամալյան. «Սասուն Միքայելյանը երևի մոռացել է...»
Սասուն Միքայելյանը երևի մոռացել է, որ ինքը 1999թվ Հոկտեմբերի 27-ից հետո, եղել է հանրապետական կուսակցության կողմից «ընտրված» պատգամավոր, ջերմ հարաբերությունների մեջ է եղել Սերժիկ Սարգսյանի հետ, ոչ մի անգամ ձայն չի հանել, երբ կեղծվում էին 2003թ ընտրությունները, տեղի էր ունենում Ապրիլի 12, կեղծվում էր սահմանադրական հանրաքվե, իր պաշտելի սպարապետի մոր հանդեպ նախագահական նստավայրի մոտ՝ իր իսկ իշխանությունը անհարգալից վերաբերմունք էր ցույց տալիս...
Միայն 2007-08 թվականների համաժողովրդական շարժման միջոցով էր, որ Սասուն Միքայելյանի կերպարը ռեաբիլիտացվեց։ Ես շատ լավ հիշում եմ, որ երբ նա եկավ հրապարակ, անդքան էլ միանշանակ չէր նրա հանդեպ վերաբերմունքը, և միայն Լևոն Տեր-Պետորսյանի ջանքերի շնորհիվ Սասունի կերպարը դրականորեն գեղարվեստականացվեց...
Ես ոչ մեկի պաշտպանելու մտադրություն չունեմ, որովհետև առաջին նախագահը ինքն իրեն շատ լավ կարող է պաշտպանել, բայց երբ ես տեսնում եմ նման մակարդակի դավաճանական դրսևորումներ, սիրտս պարզապես խառնում է։ Հենց այս երևույթն է, որ մեր երկրում բռնաբարում է քաղաքական արժեհամակարգ կոչվածը։
Տարիներ առաջ, Դ. Գորդոնի հաղորդման ժամանակ հարց տրվեց Բ. Նեմցովին, թե նա ի՞նչ կարծիք ունի ելցինյան իշխանության կարևոր սուբյեկտներից մեկի՝ Կորժակովի մասին, և Նեմցովը տվեց շատ դիպուկ պատասխան, որ նա անկախ ամեն ինչից, չի կարողանում ընդունել դավաճանություն կոչվածը (Предательство), որովհետև Կորժակովը ցինիկաբար դավաճանել էր Ելցինին։
Հարգելի ընթերցողներ, քաղաքական հարցերի շուրջ կարելի է բանավիճել, հակադրվել, մրցակցել, քննադատել, բայց երբեք կեղտոտ ձևով չի կարելի դավաճանել, որովհետև այդ դեպքում դուք խախտում եք համակեցության չգրված օրենքերը, իսկ դա շատ հակամարդկային ու հակապետական արարք է։