Գերմանիայում ՀՀ դեսպանը խնդրում է չտրվել որևէ սադրանքի
Գերմանիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը ֆեյսբուքի իր էջում գրում է.
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Վերջին օրերի՝ հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում Ադրբեջանի կողմից հրահրված մարտական գործողություններն իրենց արձագանքն են ստացել աշխարհի բազում երկրներում, այդ թվում և Գերմանիայում: Արձանագրվում են ՀՀ դեսպանությունների, հայ համայնքների անդամների հանդեպ բռնության, գույքի վնասման կամ ոչնչացման դեպքեր:
Հրկիզվել է ԳԴՀ֊ում ՀՀ դեսպանության ծառայողական մեքենան:
Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը և կիսելով ձեզանից յուրաքանչյուրի անհանգստությունը՝ խնդրում եմ ցուցաբերել առավելագույն զգոնություն և չտրվել որևէ սադրանքի։
Յուրաքանչյուրիդ խնդրում և հորդորում եմ չմասնակցել ԳԴՀ իշխանությունների կողմից չարտոնված որևէ նախաձեռնության կամ բողոքի ակցիայի, որը կարող է նպաստել արդեն իսկ առկա լարվածության աճին, ինչն էլ սադրիչների հետապնդած նպատակն է։
Խնդրում եմ նաև տարատեսակ սոցիալական հարթակներում չտարածել ագրեսիվ բովանդակություն պարունակող նյութեր և մեկնաբանություններ։ Այս իրավիճակում մենք պետք է լինենք առավելագույնս հավասարակշռված և զգոն, համադրենք բոլորիս ջանքերը մեր հայրենիքի հզորացման անշեղ գործում։
Մեր ընդհանուր խնդիրն է գործել Գերմանիայի Դաշնային Հանրապետության օրենսդրության շրջանակներում։
Դեսպանությունը շարունակում է աշխատել արտակարգ ռեժիմով՝ մշտական կապի մեջ լինելով Գերմանիայի պատկան մարմինների, ինչպես նաև հայկական համայնքային կառույցների ներկայացուցիչների հետ»: