Ղազաստանի ՆԳՆ դիմել է հետախուզման մեջ գտնվող Նարեկ Գուրուրյանին
Ղազաստանի ներքին գործերի նախարարությունը դիմել է «Հին Հռոմ» ռեստորանում տեղի ունեցած սպանության համար կասկածվող և հետախուզման մեջ գտնվող Նարեկ Գուրուրյանին, հաղորդում է Zakon.kz-ը:
Գերատեսչության ներքին և արտաքին հաղորդակցությունների դեպարտամենտի տնօրեն Ալմաս Սադուբաևի խոսքով՝ գործով 8 ձերբակալված կա, իսկ կասկածյալներից մեկը՝ քաղաքացի Գուրուրյանը, գտնվում է հետախուզման մեջ:
«Հետաքննվող գործի շրջանակում ոստիկանները մեկնել են նրա հնարավոր գտնվելու վայրեր: Համացանցում կասկածյալի ուղերձի հայտնվելու հետ կապված նրա հարազատներին են փոխանցվել մեր աշխատակիցների տվյալները:
Ղազախստանի Հանրապետության ՆԳՆ-ն երաշխավորում է գործի օբյեկտիվ հետաքննություն ու Գուրուրյանին խորհուրդ տալիս իրավիճակի ծանրացուցիչ հանգամանքներից խուսափելու համար ինքնակամ հանձնվել ոստիկանությանը»,- ասել է Սադուբաևը:
Ավելի վաղ Ն. Գուրուրյանը տեսանյութ էր հրապարակել, որում հայտարարել է, որ մասնակցել է զանգվածային ծեծկռտուքին, սակայն ոչ ոքի չի սպանել: