«  Օգոստոս 2026  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Яндекс.Метрика


Գոռ Հովհաննիսյան. Պապի ջան, անունդ չիմացա, բայց եթե ինչ-որ հրաշքով կենդանի ես մնացել, իմացիր. քանի կամ` չեմ մոռանալու

Գոռ Հովհաննիսյան. Պապի ջան, անունդ չիմացա, բայց եթե ինչ-որ հրաշքով կենդանի ես մնացել, իմացիր. քանի կամ` չեմ մոռանալու

44 օրյայի ժամանակ հանդիպեցի իմ կյանքի ամենատպավորիչ մարդուն։ Նման լեգենդար կերպար կամ հնդկական կինոն կարար հորիներ, կամ էլ դաժան ճակատագիրը։

Պատերազմի երկրորդ շաբաթն էր, երբ մենք Մարտունի 2-ում երրորդ գիծ էինք պահում։ Համեմատաբար խախանդ էր մեր մոտ։ Չնայած նրան, որ ամեն վայրկյան մի բան տրաքում էր, մեկը վիրավորվում էր և այլն։ Ու մեր դիրքերում ոչ մեկ ոչ մի բանից տեղյակ չէր։ Չգիտեինք, որ մեզանից  մի քանի տասնյակ կմ հեռավորության վրա արդեն ամեն ժամ հարյուրներով զոհեր ենք տալիս ...

Հետո հրաման եկավ բոլոր կամավորներին տեղափոխել։ Ու մեզ տարան Ֆիզուլի։ Նստացրեցին գռուզավիկներն ու գնացինք։ Էդ օրվա զորք տեղափոխող ոչ բոլոր ավտոները հասան տեղ։ Սաստավի կեսը տենց էլ վառվեց ու մնաց ճամփեքի վրա։ Ովքեր էլ տեղ հասան` բերեցին ու իջացրեցին երկու բլուրների մեջտեղում` Ֆիզուլի քաղաքից երեք-չորս կմ-ի վրա` թշնամու հրետանու հասանելիության սահմաններում ու բաց դաշտի մեջ։ Ֆիզուլի քաղաքն էլ արդեն մերը չէր։

Ամեն մեկիս տվել էին չորս մագազին փամփուշտ ու երկու նռնակ։ Մեկ էլ ամեն ավտոյի մեջ մի քանի հատ բահ կար ու մի հատիկ քլունգ։ Իջացրեցին դաշտի մեջ ու մեքենաները արագ գնացին։ Դաշտի երկայնքով արդեն իսկ հայկական վառված զրահատեխնիկաներ կային։ Երևի թե Ֆիզուլիի հայկական դիրքերին էին փորձել օգնության գնալ։ Բայց դե տեղ չէին հասել։

Մեքենաները գնացին, մենք մնացինք դաշտում նստած։ Շուրջբոլորը մեր նման կամավորներ ու զինվորներ էին։ Հարյուրներով ուղղակի նստած էինք խումբ-խումբ։ Ու էս նստած խմբերի շարքերը Մարտունուց դեպի Ֆիզուլի գնացող ճանապարհի աջ ու ձախ կողմերում կիլոմետրներով ձգված էին։

Ու դեռ էլի մարդիկ էին բերում, արագ իջացնում ու նույն կերպ արագ գնում։ Կես ժամից ավելի ոչ մի բան չգիտեինք։ Հետո եկավ ինչ-որ զինվորական սպա ու ասեց, որ խրամատ պիտի փորենք ու գնաց։ Իսկ մեր էն հարցին թե թուրքերը որտե՞ղ են, կամ որ ամեն մեկիս մոտ ընդամենը չորս մագազին փամփուշտ կա` բան չասեց։ Զուտ գնաց։

Սենց նստած նայում էի։ Բոլորին պոխույ էր։ Չկար մեկը մի բան ասեր։ Մոտիս հեռախոսի ջիպիեսով նայում եմ` հաստատ պատերազմի սահմանին կպած ենք։ Զարմանում էի, թե ի՞նչ հրաշքովա, որ մինչև հիմա մեզ Ադրբեջանի դռոնները չեն ֆիքսել։ Թե ո՞նց ենք մենք մինչև հիմա սաղ մնացել էս բաց տեղանքում սենց մեծ կուտակումներով։ Զենքերով սելֆիների ու իրար տուֆտա պատմություններ պատմելու ժամն էր արդեն սկսվել։

Մեկ էլ լսում եմ, որ հեռվից մեկը գոռգռալով գալիսա։ Կեսին համոզելով, կեսին կոպտելով ստիպումա, որ գործ անեն։ Խրամատ փորելա տալիս։ Նայեմ ու տեսնեմ, որ սպիտակ մազերով ու երկար սպիտակ բեղ-մորուքով պապիա։  Ներքևը հին ու մաշված շալվարա ու ռեզինից սապոգներ հագին, վերևն էլ հին զինվորական շոր։ Պապին սկսեց կորդինացնել խրամատ փորելու գործը, խորհուրդներ տալ, բացատրել։ Ցույց տվեց թե սահմանը էդ պահին որտեղովա անցնում։ 
Խոսում էր Արցախի բարբառով, գրագետ ու շատ ազդեցիկ։

Ընդամենը մի պահ հետը զրույցի բռնվեցի։ Պարզվեց հենց էդ սարի հետևի գյուղից էր։ Գյուղի կանայք արդեն դատարկվել ու գնացել էին Ստեփանակերտի կողմ։ Գյուղից բան չէր էլ մնացել։ Բայց էս մեր պապին, ով նաև առաջին արցախյանից հետո թոշակի անցած զինվորական սպա էր, որոշել էր, որ ոչ մի տեղ չի գնալու։

Հագել էր իր հին ֆոռմեն ու հայդա մեր մոտ։ Ասեց, որ արդեն երկու անգամ տունա կորցրել։ Ու որ էս պիտի իրա վերջին տունը լինի։

Մեր դիրքի լեռան լանջի հատվածում արդեն բոլորն իրար գիտեին։ Մեծամասամբ Էջմիածնից ու Աշտարակից եկած կամավորներ էինք։

Մի մասը պապու օգնությամբ սկսեցին լավից-վատից խրամատ փորել, մյուս պստիկ մասն էլ հիշեցին իրանց 18 տարեկանը ու դրանք սկսեցին գողական գնալ։ Թե բա ախպեր ես փորող տղա չեմ։ Դրանց վրով եկեք բան չգրեմ։ Աշխատում եմ հնարավորինս առանց քֆուրների գրել տեքստերս։ Իսկ եթե սկսեմ քրֆել, ապա միայն մի քանի ժամ քֆուր եմ գրելու։ Դրանց մի մասը հենց էդ օրը ըտեղ հավերժ իրանց չփորած խրամատներում մնացին, մյուս մասն էլ մի փամփուշտ անգամ չկրակած փախան։ Ու լսել եմ, որ հետ են եկել ու իրենց չկատարած հերոսությունների մասին անհավանական հեքիաթներ են հորինում։

Հողը բարդ էր փորվում։ Պապին լավ գիտեր, որ երկար ժամանակ չունենք ու գնում գալիս` վռազացնում էր։ Ես հազիվ 30-40 սմ էի խորացել քարքարոտ գետնի մեջ...

Գըմփ-գըմփ-գըմփ-գըմփ։ Հետո նորից նույն կերպ չորս հատ գըմփոց իրար հետևից։ Ու նորից նույնից։ Պարզվումա թուրքերը էդ կողմում երեք հատ ավտոմատ կրակող ականանետներ էին բերել հասցրել։ 
Էդ գըմփոցներին համարյա հավասար սկսեցին լսվել 250մմ-ոց արկերի շվվոցները։ Ու սրանք անդադար լցնում էին մեր դիրքերի վրա։

Իսկ մեր խրամատները դեռ պատրաստ չէին։ Շատ հատվածներում դեռ 10սմ էլ չէին փորել։ Լիքը տեղեր կային, որ խմբերով ուղղակի նստած էին բաց տարածքում։ Ու երկինք-երկիր խառնվեց իրար։

Առաջին իսկ վիրավորներից ու զոհերից հետո պանիկա տարածվեց։ Մեր մոտ էլ մենակ պապին էր ղեկավարում։ Բոլորս մեր կիսատ-պռատ փորած փոսերում զոռով տեղավորված լսում էինք անընդհատ ընկնող արկերի շվվոցներն ու գըմփոցները։ Ես գլուխս ձեռքերիս մեջ պահած ու փոսի մեջ պառկած, ամեն մի շվվոցի հետ սպասում էի, որ հեսա հաջորդն իմ գլխին պիտի ընկնի։ Ու գմփոցների արանքում լսում էի պապիի հրամանները։ Կեսը ռուսերենով էր տալիս, կեսը հայերենով։ Ու էդ ամենը համեմում էր,- այ խոխա, պառկի ու նման արտահայտություններով։

Էդ նեղ մաջալին ինձ սկսեց անտանելի հետաքրքրել, թե պապին ոնցա՞ էս ամենը տեսնում ու վերահսկում։ Էդ որտեղա՞ նստած, որ մեր հատվածում ամեն ինչից տեղյակա։ Հերթական գըմփոցների շարքից հետո պահը բռնեցի ու գլուխս բարձրացրեցի, որ իրան գտնեմ։

Ուրեմն գլուխս բարձրացրեցի ու տեսնեմ, որ պապին իրա համար նստելա ինձանից տաս մետր հեռու մի հատ պստիկ թմբի վրա։ Ոչ թե խրամատի մեջ, ոչ թե պաշտպանված տեղում, այլ պստիկ թմբի վրա։ Նույն վայրկյանին նորից գըմփոցներ ու շվվոցներ լսվեցին։ Հայացքս ընկավ պապի դեմքին։

Իրանից մոտ 50 մետր հեռու հողը տրաքեց ու երկինք բարձրացավ։ Ավազը լցվեց գլխիս, մարդիկ խառնվեցին իրար ու նորից գըմփ ու գըմփ։ Բայց ես մի տեսակ ոնց որ հիպնոսի մեջ լինեի։ Նայում էի պապի դեմքին ու չէի կարողանում հայացքս կտրել։ Զարմանքից անշարժացել էի, ժամանակն էլ կարծես դանդաղած լիներ։

Էն պահին, երբ ամեն ինչ վառվում, տրաքում, կտոր-կտոր էր լինում, պապին հանգիստ նստած էր։ Հայացքի մեջ ոչ մի գրամ, ոչ մի կաթիլ վախ չկար։ Դեմքին ոչ մի մկան չէր շարժվում։ Միակ  բանը, որ պապի մոտ շարժվում էր` մորուքն էր գնում գալիս տրաքող արկերի օդային ալիքներից ու հողի փշուրներից։ Ձախ կողմից շվվոց ու գըգըմփ ու էդ ալիքի հետ պապի երկար, սպիտակ մորուքը աջ էր գնում։ Աջ կողմից էր տրաքում` պապի մորուքը ձախ էր շարժվում։ Ու էդ ամենը ես անհասկանալի պատճառներով մինչև հիմա հիշում եմ հենց դանդաղացրած կադրով։ Շատ էպիկ կինո էր հիշացնում։

Մենակ մի պահ պապը մի թեթև նստած տեղից շարժվեց։ Էն էլ որովհետև ինձ էր տեսել։ Ձեռքով ցույց տվեց իմ կողմն ու նշան արեց, որ գլուխս ցածր պահեմ։ Ինչ-որ բան էլ գոռաց, բայց չլսեցի, որովհետև նույն վայրկյանին իմ ու պապի կողմերը, մեզ շատ մոտ մի բան ահավոր ուժեղ տրաքեց։ Էնքան մոտ էր, որ տաքությունը զգացի, վառածի հոտից քիթս քոր եկավ։ Լսեցի թե ոնց մի քանի բեկոր շվշվացնելով էս կողմ ու էն կողմ թռան։ Հետո փոշին մի թեթև նստեց ...

Իսկ պապը ոնց մինչև էդ հանգիստ ու անսասան նստած էր, տենց էլ նույն տեղում էր։ Մենակ սպիտակ մորուք էր մի քիչ փոշոտվել ու շորերը։

Պապը գոռաց, որ չվախենանք, որովհետև մինամյոտի սնարյադը ավելի շատ շուխուռա անում, քան վնասա տալիս։ Ու ինքը երևի ճիշտ էր։ Ուղղակի պապը տեղյակ չէր, որ հեսա մեզ էին հասնելու նաև դռոնները, ովքեր խմբերով կամ իրար մոտիկ պառկած զինվորներին օդերով էին հանելու։ Պապը կյանքում դռոն տեսած չկար։

Պապի ջան, անունդ չիմացա ու դժվար թե ֆեյսբուք ունենաս։ Բայց եթե ինչ-որ հրաշքով կենդանի ես մնացել։ Եթե ինչ-որ հրաշքով էս գրածս քեզ հասնի, ուղղակի իմացի որ շնորհակալ եմ։

Ուղղակի իմացի որ էդ դժոխքի մեջ քո անչափ հանգիստ դեմքն ու պայթյունների մեջ ալեկոծվող սպիտակ մորուքը, քո հոգատար հրամանները հավերժ դաջվել են ուղեղիս մեջ։ Քանի կամ` չեմ մոռանալու։ Ու խոստանում եմ, որ եթե մի օր պահը գա ու պետք լինեմ` ուրիշների համար նման մի պապի էլ ես եմ դառնալու։ Ես արդեն մինամյոտներից էլ եմ տեղյակ, դռոններից էլ, մեջքի հետևից կաբինետում նստած խփողներից էլ։

Իմիջիայլոց էդ օրը ես իմ առաջին կանտուզիան ստացա։ Ու էդ պահից սկսած ամեն վայրկյան ականջներիս մեջ բարձր շվվոց կա։ Էդ անդադար շվվոցն էլ միշտ հիշացնումա ընկնող արկերի ձայնը։ Հանգիստ չի տալիս։

 Գոռ (Այզակ) Հովհաննիսյան