Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը Քննչական կոմիտեում է. հաղորդագրություն
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննություն է տարվում՝ Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի կողմից օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելու և անցկացնելու փորձ կատարելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն:
«2020թ. դեկտեմբերի 21-ին ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Գորիսի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-2251 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Նույն օրը` ժամը 06:30-ին, Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը ձերբակալվել է՝ օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելու և անցկացնելու փորձ կատարելու կասկածանքով:
Քրեական գործն ընդունվել է ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթ, կատարվում է նախաքննություն:»,- ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք՝ երեկ կեսգիշերին մոտ Առուշանյանը Ֆեյսբուքի իր էջում հանդես էր եկել կոչով՝ հորդորելով գորիսեցիներին առավոտյան ժամը 6-ին հավաքվել քաղաքի Գրիգոր Տաթևացու անվան հրապարակում և այնտեղից շարժվել Սյունիքի դարպասներ՝ «արգելելու հայոց հողը օտարող, Սյունիքի երբեմնի անառիկությունը խաթարող «վարչապետի» մուտքը Սյունիքի մարզ»։
Լուսադեմին Առուշ Առուշանյանը բերման ենթարկվեց։