«  Փետրվար 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728

Яндекс.Метрика

Հայաստանում գրիպի Ա տեսակից մահվան դեպք է գրանցվել

Հայաստանում գրիպի Ա տեսակից մահվան դեպք է գրանցվել

 Ամենօրյա մշտադիտարկման տվյալների համաձայն` փետրվարի 4-ի դրությամբ սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակի կայունացումը շարունակվում է: Ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպություններ դիմելությունը նվազել է՝ 1275: Հոսպիտալացումներում դիտվում է կայունացում. հոսպիտալացված է 781 հիվանդ, 92,8%-ը`  երեխաներ են: Այսօրվա դրությամբ սուր շնչառական վարակներով դուրս է գրվել 81 պացիենտ: Կայուն վիճակ է դիտվում նաև սուր շնչառական վարակներով պայմանավորված շտապ օգնության կանչերում՝ 89 կանչ: 

Իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքների համաձայն` հանրապետությունում շրջանառում է գրիպի Ա տեսակի H1N1 և H3N2 ենթատեսակները: 

Դպրոցներում և մանկապարտեզներում շարունակվում է «համաճարակային ֆիլտրի» իրականացումը: Ներկայացված տվյալները փաստում են, որ սուր շնչառական վարակներով կրթական կազմակերպություններ հաճախող երեխաների թիվը ևս նվազում է: Փետրվարի 4-ի դրությամբ սուր շնչառական գանգատներով հայտնաբերվել է 120 երեխա (Երևան՝ 51, մարզեր՝ 69), որոնք տուն են ուղարկվել: 

Չնայած իրավիճակի կայունացմանը, հանրապետության հիվանդանոցներում առկա են նաև ծանր հիվանդներ, որոնց կլինիկական վիճակի վատացմանը նպաստում են բժշկական օգնության ուշ դիմելիությունը և ուղեկցող հիվանդությունները: 

Ցավոք, վերջին 2 օրվա ընթացքում մահվան դեպք է արձանագրվել: Վերջինիս մոտ հաստատվել է գրիպի Ա տեսակը: Մահվան վերջնական արդյունքը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո:

Հիմք ընդունելով գրիպի և սուր շնչառական վարակների ներկայիս սեզոնային իրավիճակը, ինչպես նաև գրիպով չհիվանդանալու և հետգրիպային բարդություններից խուսափելու համար առողջապահության նախարարությունը ևս մեկ անգամ հորդորում և հիշեցնում է.

  •  մի´ օգտագործեք հակաբիոտիկներ և մի´ տվեք դրանք ձեր երեխաներին առանց բժշկի նշանակման, քանի որ դրանք ցուցված չեն գրիպի բուժման համար, խուսափե´ք  գրիպանման երևույթներով հիվանդների հետ շփումից,
  • եթե հիվանդ եք, մնացե´ք տանը, մի´ հաճախեք աշխատանքի: Եթե հիվանդ է ձեր երեխան, մի´ թույլ տվեք հաճախել դպրոց կամ մանկապարտեզ,
  • եթե հիվանդ եք դուք կամ ձեր երեխան, հրավիրե´ք տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին և մի´ զբաղվեք ինքնաբուժմամբ,
  • հագնվե´ք  և հագցրեք ձեր երեխաներին եղանակին համապատասխան,
  • պահպանե´ք և սովորեցրեք ձեր երեխաներին հազի և փռշտալու վարվելակարգը,
  • օգտագործե´ք հնարավորինս շատ հեղուկներ,
  • հաճախակի օդափոխե´ք փակ տարածքները,
  • հետևե´ք ձեր և ձեր երեխաների անձնական հիգիենային՝ հաճախակի լվացեք ձեռքերը տաք ջրով և օճառով,
  • 0-5 տարեկան երեխաներին, հղիներին, խրոնիկ հիվանդություններով տառապող անձանց, տարեցներին խորհուրդ է տրվում պատվաստվել գրիպի դեմ:

ՀՀ առողջապահության նախարարություն