Օրացույց
Ս. Ատոմյանց հիշատակության օրը
Ս. Ատոմյանց հիշատակության օր
- Ս. Ատոմյանք յուրաքանչյուր քրիստոնյայի համար լավագույն օրինակ են: Նրանք կյանքի բոլոր դժվարությունները հաղթահարել են Տիրոջ օգնությամբ և հովանավորությամբ: Ատոմյանց հայազգի զորավարները` Ատոմ Գնունին և Մանաճիհր Ռշտունին, իրենց գնդերով ծառայության մեջ էին Պարսից արքունիքում կռապաշտ Հազկերտ թագավորի օրոք: Մոգպետերի հրահրմամբ, Հազկերտը սկսում է հալածել քրիստոնյաներին` Պարսկաստանում քրիստոնեությունն արմատախիլ անելու նպատակով: Ատոմյանց քրիստոնյա զորավարները հրովարտակ են ստանում Հազկերտից, որով վերջինս նրանց իրենց զորագնդերով հանդերձ կանչում է արքունիք` դավանափոխ անելու մտադրությամբ: Հայոց զորավարները սկզբում հնազանդվում են, սակայն, քաջատեղյակ լինելով թագավորի նախապատրաստած որոգայթին, հայրենիք են վերադառնում և ապաստանում Անձևացյաց գավառում: Տեղեկանալով հետապնդող պարսից մեծաքանակ բանակի մասին` Ս. Ատոմ Գնունու երանելի զինվորները, գոտեպնդված լեռնաբնակ ճգնակյաց մի սրբի մարգարեությամբ և Ատոմի գիշերային տեսիլքով, որոշում են կամավոր նահատակվել: Պարսից զորքը, հասնելով հայոց զորավարներին, շրջապատում և սրախողխող են անում Քրիստոսին խոստովանող և փառաբանող, սաղմոսերգությամբ մարտիրոսության գնացող սրբերին: Իսկ Ս. Մանաճիհր Ռշտունին իր ուղեկիցներով հասնում է հայրենի Ռշտունիք և 449 թվականին նահատակվում:
Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝ 29.01.2024, 17.02.2025, 02.02.2026, 25.01.2027, 15.02.2028, 29.01.2029, 18.02.2030: