Հայաստանը փրկարարական ջոկատներ է ուղարկում Սիրիա և Թուրքիա
Հայաստանի Հանրապետությունն այսօր՝ փետրվարի 7-ին, փրկարարական ջոկատներ է ուղարկում Սիրիա և Թուրքիա՝ աջակցելու ավերիչ երկրաշարժի հետևանքով տուժած շրջաններում իրականացվող որոնողափրկարարական աշխատանքներին:
Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը:
Հայաստանը նաև սնունդ կուղարկի Սիրիա, ինչպես նաև այլ տեսակի օգնություն: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
Սիրիայում ավելի քան 1,5 հազար մարդ է զոհվել, ավելի քան 3,5 հազար մարդ վիրավորվել է երկրաշարժի հետևանքով, և այդ թվերը կաճեն: Տեղեկությունը ՄԱԿ-ում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Սիրիայում Կարմիր խաչի միջազգային ֆեդերացիայի պատվիրակության ղեկավար Մադս Բրինչ Հանսենը:
«Վերջին տվյալներով՝ Հալեպում, Լաթակիայում և Համայում 175 շենք է փլուզվել։ Զոհվել է 1509 մարդ, վիրավորվել՝ 3548-ը։ Համայում և Լաթակիայում հարյուրավոր մարդիկ մինչ օրս անհետ կորած են համարվում։ Սպասվումէ, որ առաջիկա 24 ժամվա ընթացքում այդ թիվը կտրուկ կաճի», - ասել է Մադս Բրինչ Հանսենը։
Նա ավելացրել է, որ ընթացիկ գնահատականներով՝ առնվազն 4 հազար ընտանիք կորցրել է իրենց տները, իսկ 50 հազար ընտանիք անհապաղ աջակցության կարիք ունի։
Սիրիայի Հալեպ քաղաքի բնակիչների մեծ մասը գիշերն անցկացրել են եկեղեցիներում, տարբեր միութենական կառույցների շենքերում, ապաստարաններում ու ավտոմեքենաներում։ Այս մասին գրում է Սիրիայում գործող «Գանձասար» հայկական պարբերականը։
Պարբերականը հայտնում է, որ երկրաշարժի հետցնցումները շարունակվել են մինչև լուսաբաց։