Հեղափոխության համար ծախսել ենք 200 հազար դոլլար․ Փաշինյան
2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը «ռոմանտիզմի հաղթանակ էր պրագմատիզմի նկատմամբ», ՌԲԿ ՏՎ-ին տված հարցազրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Սակայն այնուամենայնիվ դրա համար հարկավոր է եղել գումար ծախսել, ասել է նա՝ պատասխանելով թղթակցի դիտարկմանը, թե ցանկացած հեղափոխություն որևէ մեկը ֆինանսավորում է:
Վարչապետը նշել է, որ որևէ մեկի առաջ ստվերային պարտավորություններ չունի, քանի որ հեղափոխության համար գումարները նա ստացել է հասարակ մարդկանցից:
Փաշինյանի խոսքով՝ առանց սոցցանցերի հեղափոխությունն ընդհանրապես անհնար կլիներ:
«Մենք մեր հեղափոխության համար մոտ 200 հազար դոլար ենք ծախսել: Որտեղի՞ց հայտնվեցին այդ փողերը: Մարդկանցից ենք խնդրել: Մենք ունեինք էլեկտրոնային դրամապանակ և բոլոր երկրներից հայերը , ընդ որում մեծ մասը Ռուսաստանից, մեզ փող էին նվիրաբերում: Մենք ծախսել ենք այդ փողերը և հեղափոխության ընթացքում մենք ամեն շաբաթ հրապարակում էինք որքան գումար և ինչի համար ենք ծախսել», — պատմել է Փաշինյանը:
Վարչապետի խոսքով՝ նման մոտեցումը հեղափոխականներին թույլ է տվել պարտք չմնալ այս կամ այն շրջանակներին:
«Ահա թե ինչու ինձ և մեր կառավարության մոտ ոչ մի ստվերային պարտավորություն չկա՝ ոչ մի անձի կամ ընկերության առաջ», —նկատել է վարչապետը: