«  Դեկտեմբեր 2020  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Яндекс.Метрика

ՀՀ ՊՆ. Թշնամու սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի վեց վիրավոր, հակառակորդն ունի զոհեր և վիրավորներ

ՀՀ ՊՆ. Թշնամու սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի վեց վիրավոր, հակառակորդն ունի զոհեր և վիրավորներ

Դեկտեմբերի 12-ին ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները, կուտակելով հավելյալ անձնակազմ և զինտեխնիկա, այդ թվում նաև ծանր հրետանային միջոցներ, կոպտորեն խախտելով նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության պահանջները, հարձակում են նախաձեռնել Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ։
Այդ մասին հայտարարում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

«Մի քանի ժամ տևած մարտերի արդյունքում հակառակորդին հաջողվել է մտնել Հին Թաղեր գյուղ, ինչպես նաև ընդհուպ մոտենալ Խծաբերդ գյուղին։

Ադրբեջանական սադրանքի արդյունքում վերսկսված մարտական գործողությունների հետևանքով հայկական կողմն ունի վեց վիրավոր, հակառակորդն ունի զոհեր և վիրավորներ։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը խստորեն դատապարտում է ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված սադրանքը։

Ստեղծված իրադրությունը որևէ աղերս չունի Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների կողմից ստորագրված հայտարարության առանցքային պահանջի՝ մարտական գործողությունների դադարեցման հետ և վտանգում է փխրուն խաղաղությունը, որը ձեռք է բերվել Ռուսաստանի նախագահի անմիջական ջանքերի շնորհիվ։

Ադրբեջանական կողմի գործողություններն անմիջապես քննարկման առարկա են դարձել Արցախում տեղակայված Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի ղեկավարության հետ։

Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն այս խնդիրը քննարկել է նաև ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ հանդիպման ընթացքում։

Ինչպես երեկ ուշ երեկոյան, այնպես էլ այս պահին Հադրութի շրջանում ընթանում են բանակցություններ հայ, ռուս և ադրբեջանցի զինվորականների միջև՝ ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու, կողմերը նախկին բնագծեր վերադարձնելու շուրջ»,-տեղեկացնում են պաշտպանական գերատեսչությունից:

Հիշեցնենք` երեկ ՀՀ ՊՆ-ն տեղեկացրեց, որ ադրբեջանական կողմը հարձակողական գործողություններ է սկսել Հադրութի շրջանի երկու գյուղերի՝ Հին թաղերի ու Խծաբերդի ուղղությամբ։ Սրանք այն գյուղերն են, որոնք հայկական ուժերի վերահսկողության տակ են մնացել։

ՌԴ խաղաղապահներն արձանագրել են, որ սա նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությունից հետո հրադադարի առաջին խախտումն է։ ՌԴ-ն կոչ է արել պահանել հրադադարի ռեժիմը։
Քննություն է ընթանում պարզելու համար, թե որ կողմն է խախտել հրադադարի ռեժիմը։