Հռոմի Պապը կոչ է անում քննարկել ներգաղթի խնդիրը առանց նախապայմանների
Հռոմի Ֆրանցիսկոս Պապը ողջունել է այն երկրներին, որոնք ընդունել են պատերազմից ու սովից փրկվող ներգաղթյալներին և կոչ արել քննարկել այս խնդիրն առանց նախապայմանների:
Լրագրողների հետ զրույցում Կաթոլիկ եկեղեցու առաջնորդն ասել է, որ այս խնդիրն ունի մարդասիրական բնույթ: Ֆրանցիսկոս Պապը լրագրողների հարցերին է պատասխանել ինքնաթիռում Պանամայից վերադառնալու ճանապարհին:
Նա կոչ է արել եվրոպական երկրներին ավելի շատ ներդրումներ կատարել Աֆրիկայում՝ ներգաղթի խնդիրը կարգավորելու համար:
«Ներգաղթի խնդրի լուծման մյուս ուղիներից է օգնության տրամադրումն այն երկրներին, որտեղից գալիս են ներգաղթյալները: Նրանք լքում են իրենց երկրները սովի կամ պատերազմի պատճառով: Եվրոպան կարող է ներդրումներ կատարել այն երկրներում, ուր առկա է սովը, որպեսզի օգնի այդ երկրներին զարգանալ»,- ասել է Ֆրանցիսկոս Պապը:
Պանամա կատարած իր այցի ընթացքում նա ևս անդրադարձել էր ներգաղթի խնդրին: Կաթոլիկ եկեղեցու առաջնորդը քննադատել է բոլոր ներգաղթյալներին նույնականացնելու փորձերը՝ ընդգծելով, որ անթույլատրելի է և զավեշտական այն պնդումը, որ բոլոր ներգաղթյալները վատ մարդիկ են: