«Ինչո՞ւ «Հրանտ Մաթևոսյան» կենտրոնը չի գործում: Ի՞նչն է ձեզ խանգարում ՔԱՅԼ անել»
Մի անգամ` դեռևս հին Հայաստանի օրերին, գրել էի, որ սա մի երկիր է, ուր առատ բերքն էլ է խնդիր դառնում: Եկան պայծառ օրեր: Եղավ հեղափոխություն: Պարզվեց, որ «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոնի լինելիությունը կարող է խնդիր դառնալ մշակութային, սոցիալական, բնապահպանական, կրթական հեղափոխությունների նկրտումների երկիր նոր Հայաստանում:
Մեկ տարվա ընթացքում լրատվամիջոցներում երկար հունցվեց «Հրանտ Մաթևոսյան» կենտրոնի հարցը` հանդիպեցին, քննարկեցին, դեմ են, առաջարկում են, ձգտում են փոխհամաձայնության, էլի հանդիպում են, վերաքննարկում են, վերաձևակերպում են...
Պարզվում է, որ Մշնախն ունի' տեսլականներ «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոնի վերաբերյալ, բայց... չի ասում: Առավել ևս` չի անում: Սպասում է «Հրանտ Մաթևոսյան» հիմնադրամի բիզնես ծրագրին, երկարաժամկետ և կարճաժամկետ պլանին, պետությունից ստանալիք ֆինանսական ակնկալիքներին:
Հիմա ուշադրություն` սպասվելիք պլանի, ծրագրի ու ակնկալիքների հայեցակարգային դրույթներում տեղեկանքը հիմնադրամը ներկայացրել էր դեռևս ամռանը` հունիս ամսին: Այդ տեղեկանքում հերթական անգամ շարադրված էր նաև ՀՀ կառավարության և նրա պատկան մարմինների կողմից անհրաժեշտ պրոֆեսիոնալ-մասնագիտական մասնակցության, ներգրավման հարցը` հիշեցնելով, որ շենքը կառուցվել է ՀՀ կառավարության որոշմամբ` բյուջեի` հարկատուներիս փողերով: Սրա մասին ես տեղյակ եմ, որովհետև ինձ հետաքրքիր է կենտրոնի ճակատագիրը: Ընդամենը հետաքրքիր է: Որովհետև շատ ուզում եմ, որ կենտրոնը վերջապես գործի: Իսկ «տեսլականներ և հայեցակարգեր» ունեցող Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի, երիտասարդության նախարարությունը չգիտի, կամ մոռացել է, կամ չի կարդացել հիմնադրամի ուղարկած փաթեթը, կամ լավ չի կարդացել...
«Ձևակերպումների» և «հայեցակարգերի» մաշող քաշքշոցն ուղղակի ամոթալի է դառնում: Մշակույթի ենթաբաժնի և կրթության նախարարության հարգելի պաշտոնյաներ` կոնկրետ եղեք ձեր ձևակերպումներում` ի՞նչն է ձեզ խանգարում ՔԱՅԼ անել: Ի՞նչ եք ուզում ասած լինել: Ի՞նչ եք ուզում առհասարակ: Ինչու՞ մշակութային կենտրոնը չի գործում: Ինչի՞ն եք սպասում: Ինչու՞ եք բարդացնում հիմնադրամի հետ համագործակցությունը: Ուզում եք, որ հիմնադրամն ի՞նչ ասի կամ ի՞նչ անի:
Մենք դեռևս հին Հայաստանի ժամանակներից սկսած` շատ զզվել էինք իշխանական տարտամությունից և ամբողջ հոգով մերժել դա: Կոնկրետացեք ձեր որոշումներում, ուզելիքում, պատկերացումներում, անելիքներում: Բարեկիրթ ցրողականությունից արդեն վատ հոտ է գալիս: Շատ վատ հոտ: