«  Դեկտեմբեր 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Яндекс.Метрика

Իրավապաշտպան. «Պատմության մեջ դժվար է գտնել մեկ այլ դեպք, երբ պետությունը հրաժարվել է իր գերիներից»

Իրավապաշտպան. «Պատմության մեջ դժվար է գտնել մեկ այլ դեպք, երբ պետությունը հրաժարվել է իր գերիներից»

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ տարածված գաղտնի տեսանյութին, որում նա խոսում է հայ ռազմագերիների մասին։

Գերիների թեմայի շուրջ իրավական տեսանկյունից խոսելը տեղին չէ, շատ ավելի ճիշտ է խոսել հենց մարդկային տեսանկյունից։ Ըստ այդմ` պետությունը պարտավորություններ ունի իր քաղաքացիների առջև և առաջին հերթին պարտավորություն ունի իր զինվորների առջև։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց իրավապաշտպան Վարդան Հարությունյանը։

«Պետությունն է նրանց ուղարկում մարտադաշտ, պետությունն է նրանց հրամայում գնալ պատերազմ, հետևաբար պարտավոր է ապահովել նրանց անվտանգությունը, զոհվելու դեպքում` հուղարկավորումը, իսկ գերեվարվելու դեպքում` նրանց իրավունքների պաշտպանությունն ու հայրենիք վերադարձնելը»,– ասաց իրավապաշտպանը։

Հարությունյանի կարծիքով` պատմության մեջ դժվար է գտնել մեկ այլ դեպք, երբ պետությունն իր ուսերից դեն է նետել պարտավորությունն ու հրաժարվել գերիներից։

Իրավապաշտպանի խոսքով` երևի միայն ստալինյան ժամանակներում է եղել նման բան, երբ ԽՍՀՄ առաջնորդը հայտարարեց, որ իրենք չունեն գերիներ, որ նրանք հայրենիքի դավաճաններ են։ Նման ծայրահեղ մոտեցումը յուրահատուկ է տոտալիտար համակարգերին, որտեղ մարդն ընդհանրապես արժեք չէ։

«Հիմա մեր երկրի ղեկավարները պետք է պատասխանեն հարցին` իրենց քաղաքացու կյանքը արժե՞ք է իրենց համար, թե՞ ամենամեծ արժեքն իշխանությունն է, որը պետք է պահեն ամեն գնով։ Գործող իշխանությունները պատերազմից անմիջապես հետո անընդհատ խոսում էին այն մասին, որ զբաղված են գերիներին վերադարձնելու հարցով, բայց չկարողացան դա անել ու տեսնելով, որ իրենց ուժը չի պատում, դիմում են նման քայլի, ինչն անմարդկային է և չի տեղավորվում 21-րդ դարի շրջանակներում»,– նշեց իրավապաշտպանը։

Հարությունյանի դիտարկմամբ` իշխանությունների նման քայլերն ու հայտարարությունները վնասակար են բանակի համար, նման բան կարող էր լինել հին Սպարտայում, բայց ոչ մերօրյա Հայաստանում։

Հիշեցնենք` դեկտեմբերի 7-ին համացանցում հայտնվեց Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ գաղտնի նկարահանված մի տեսանյութ, որում ԱԺ նախագահը հայտարարում է` գերիների ծնողներն էլ գիտեն, որ իրենց որդիները դասալքություն են արել։

Հիշեցնենք՝  գերիների և անհետ կորածների հարազատներին զայրացրել է Ալեն Սիմոնյանի ասածը: Նրանք հավաքվել էին Հանրապետության հրապարակում` կառավարության շենքի մոտ, ԱԺ-ի մոտ, ճանապարհներ էին փակել, շիրակցի գերիների հարազատներն էլ բողոքի ակցիա էին արել մարզպետարանի շենքի մոտ։

Նշենք, որ ի վերջո Ալեն Սիմոնյանը հանդիպել է գերիների ու անհետ կորածների հարազատների 10 ներկայացուցչի հետ։

NEWS.am-ի հետ զրույցում անհետ կորածի հարազատ Արսեն Ղուկասյանը հակիրճ ներկայացրել է հանդիպման մանրամասները. «Մարդու տղան (ԱԺ նախագահը-խմբ.) ասում է, որ դա սարքած թեմա է, ես տենց բան չեմ ասել, չնայած, իր խոսքը դեմը դրեցինք, ինքը շարունակում է ասել՝ չէ, ես ուրիշ տեքստ եմ ասել։ Ես գիտեի, որ կռուտիտ պիտի լինի։ Ինքը ներողություն խնդրեց, բայց ես չեմ ընդունել, բացատրել եմ, թե ինչու չեմ ընդունել։ Ինքն ասում էր էն բաները, որոնք իրականությանը չեն համապատասխանում, ինքը կանգնած նայում է մեր աչքերի մեջ ու ստում, ես ասում եմ՝ դու ասե՞լ ես բառը, ասում է՝ հա, ես ասում եմ՝ դու իրավունք չունես նման արտահայտության անելու, անկախ նրանից քեզ նկարո՞ւմ են, թե՝ ոչ, քանի որ քո ասածը կարող է ճակատագրական լինել մեր երեխեքի ապագայի վրա»։

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանի հետ հարցազրույցը՝ սկզբնաղբյուրում: