Իշխող զույգի մասին՝ մի քիչ ավելի լուրջ. «ՉԻ»
«Չորրորդ Իշխանություն»-ը գրում է.
Կարիք կա՞ արդյոք անդրադառնալ վարչապետի տիկնոջ՝ համընդհանուր զայրույթ առաջացրած հայտնի ելույթին։ Դե հիմա կին է, իշխանական պալատներում կտրվել է իրականությունից ու ինքն իր համար վիրտուալ աշխարհ հորինել, որտեղ ամուսինը վիշապի դեմ ժողովրդավարական մուրճով կռվող ասպետի ու Ռոբին Գուդի հիբրիդն է, ինքը՝ մոտավորապես Ժաննա դ Արկ, որն «իրա կնիկ հալով» ջոկատներ է ստեղծում ու պայքարում հանուն հայրենիքի, բայց այդ նույն հայրենիքի 500-600 հազար վախկոտ ու հաստափոր տղամարդիկ ի վիճակի են միայն հուղարկավորություններ կազմակերպել ու ոտանավոր արտասանել, իսկ կռվի ժամանակ փախչում են և իրեն ու ամուսնուն մենակ թողնում․․․ Բայց տիկնոջ հորինած այդ կեղծ իրականությունը հետևողականորեն ներարկվում է հանրային գիտակցության մեջ ու կաթիլ առ կաթիլ թունավորում այն, ինչ դեռևս մնացել է իրենց հասցրած հնգամյա ավերից հետո, ուստի անդրադառնալ այնուամենայնիվ պետք է։ Ի վերջո խոսքը ժողովրդի որակի մասին է, ու իշխանությունները հենց դա են թիրախավորում։
Հիմա՝ կոնկրետ «11 հազար դասալիքների» և 500-600 հազար «վախկոտ տղամարդկանց» մասին։ Պետությունների միջև պատերազմները, ի տարբերություն հարևան գյուղերի միջև ինչ-որ հանդի համար մահակակռվի, մղում են ոչ թե «քաջ տղամարդիկ», այլ կանոնավոր բանակները։ Ըստ այդմ, պետության ղեկավարը պարտավոր է նախ՝ հնարավոր ամեն ինչ անել պատերազմ թույլ չտալու համար, իսկ եթե չի ստացվում՝ որոշել, թե ինչ չափերի պիտի հասցնել այդ կանոնավոր բանակը (ասենք՝ խաղաղ պայմաններում 50 հազարանոց բանակը դարձնել 80, 100 կամ 150 հազարանոց), և նախապես մշակված պլանով ու ինստիտուտներով իրականացնել դա՝ անկախ նրանից, մոբիլիզացվածները քա՞ջ են, թե՞ վախկոտ։ Էլ չենք խոսում այն մասին, որ փոքր պետությունների միջև լոկալ պատերազմներում, որպես կանոն, հաղթում են ոչ թե այն երկրները, որոնց բանակներն ավելի ուժեղ են, իսկ տղամարդիկ՝ ավելի քաջ, այլ այն երկրները, որոնց իշխանությունները բավարար խելք ունեն՝ ավելի հզոր բանակներ ունեցող դաշնակիցներ ձեռք բերելու համար։ Կամ՝ գոնե թույլ չտալու համար, որ թշնամին այդպիսի դաշնակիցներ ձեռք բերի։ Դրա համար էլ, ի դեպ, նույն «վախկոտ տղամարդկանց ժողովուրդը» մի առաջնորդի օրոք հաղթում է, մի ուրիշի օրոք՝ պարտվում։
Ինչևէ։ Իսկ ինչպե՞ս է վարվել «բարձրաշխարհիկ Ժաննա դ Արկի» ամուսինը։ Եթե կարճ՝
1․ բացառիկ բթամտությամբ փչացրել է հարաբերությունները դաշնակիցների հետ,
2․ չի կանխել պատերազմը, թեև տեղեկացված էր դրա հավանական աղետալի հետևանքների մասին,
3․ բացառիկ փնթի ղեկավարմամբ ձախողել է ռազմական գործողությունները,
4․ ժամանակին չի կասեցրել աղետը, թեև դրա հնարավորությունը կար,
5․ մեղմ ասած՝ տխմար արտաքին-քաղաքական մանյովրներով ժամ առ ժամ խորացնում է աղետը։
Իրականությունը սա է, իսկ մնացածն իշխող զույգի կամ երկու «մեզանից մեկերի»՝ վարպետորեն հորինված հալյուցինացիաները հասարակության վզին փաթաթելու խղճուկ փորձեր են։
Մարկ Նշանյան
Ամբողջական՝ սկզբնաղբյուրում: