«  Օգոստոս 2025  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Яндекс.Метрика

Կարպիս Փաշոյան. Կարող ենք արձանագրել հետևյալը...

Կարպիս Փաշոյան. Կարող ենք արձանագրել հետևյալը...

Արդեն վաղուց Փաշինյանը որպես մարդ և անհատականություն ինձ համար դադարել է գոյություն ունենալ, բայց որքան էլ տարօրինակ հնչի երեկ մի փոքր լարվել էի, անհանգիստ էի։ Մտքիս մեջ ասում էի արագ կարդա, կարդա, հանկարծ խայտառակ չլինել, արագ կարդա միայն թե ծաղրի առարկա չդառնաս քեզ հետ միասին նաև Հայաստանը։ Միգուցե հենց սա է գավառական հայրենասիրությունը, որը հատուկ է նաև ինձ։ 
Ինչևիցե, Թրամփի փայլփլուն խոսքերից, ծափահարություններից, ՔՊ-ականների և իշխանական պրոպագանդիստների տոնական տրամադրություններից անդին կարող ենք արձանագրել հետևյալը․ 

ա/ 1988-2025 թթ․-ի հակամարտությունը մոտեցավ ավարտին և Հայաստանն ու հայ ժողովուրդը համեմատաբար շատ ավելի վատ դրության մեջ են, քան 1988 թ․-ին։

բ/ Ադրբեջանն ի վերջո ստացավ այն առավելագույնը, որի մասին միգուցե չէր էլ կարող երազել։ 6 տարի առաջ միայն Ջաբրայիլի և Ֆիզուլիի մասին երազող Ալիևը ստացավ Ստեփանակերտը, ամբողջական Արցախն առանց հայերի և միջանցք ոչնչի դիմաց։ Իսկ Հայաստանը ստացավ միայն խաղաղության, կայունության և զարգացման մասին խոստում։

գ/ Շարունակում եմ պնդել, որ ամերիկյան միջնորդությունը դեռևս հում է և ոչ ինստիտուցիոնալ։ Այն ընդամենը խարսխված է մի ժամանակավոր մարդու վկայության վրա։ Մարդ, որը հետաքրքված չէ խորապես ներթափանցել տարածաշրջանային նրբությունների և առանձնահատկությունների մեջ և հայ-ադրբեջանական կոնֆլիկտը նրա համար ընդամենը հերթականներից մեկն է։

դ/ Խաղաղության մասին ճոխ և վերամբարձ ձևակերպումները կարճ ժամանակ անց կարող են հօդս ցնդել, երբ Հայաստանը նորից բախվի օբյեկտիվ իրականությանը։ Իրականություն, որտեղ հաշվի չեն առնվում Ռուսաստանի և Իրանի գործոնները։ Այսօր նրանք լուռ են և զգուշավոր, բայց մեկ տարի անց իրավիճակը կարող է և փոխվել։

ե/ Հայաստանի ապաշրջափակման հեռանկարը շարունակում է մշուշոտ մնալ, փոխարենը Ադրբեջանը դեռևս ակնկալում է նորանոր զիջումներ՝ անկլավներ, Սահմանադրություն, ինչպես նաև շարունակելով նորանոր բարենապաստ բարձունքներ զբաղեցնել սահմանամերձ գոտիներում։

զ/ Հայաստանի փոխարեն արժեքավոր նվաճումներ արձանագրեցին ՔՊ-ն և Նիկոլ Փաշինյանը։ Վերջինս թղթի կտորով և ինքնիշխանության մասին հեքիաթներով կարող է նորից կորզել պատերազմներից հոգնած, հուսալքված և մաշված քաղաքացիների ընտրական ձայները։ Բացի այդ նա Վաշինգտոնից կվերադառնա բռնությունների, հետապնդումների  carte blanche-ով։ Բոլոր ընդդիմացողները կամայական կերպով կնետվեն բանտերը՝ որպես հինգերորդ շարասյուն և ռուսական լրտեսներ։ Վաշինգտոնն ու Բրյուսելը աչք կփակեն հայկական ժողովրդավարական պատրանքի չեզոքացման վրա։ Չէ՞ որ նրանք դարի գործարք են ստացել Փաշինյանից։

Կարպիս Փաշոյան