«  Փետրվար 2023  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728

Яндекс.Метрика

Կարպիս Փաշոյան. Միֆեր ՀԱԿ-ի ու նախագահ Տեր-Պետրոսյանի մասին

Կարպիս Փաշոյան. Միֆեր ՀԱԿ-ի ու նախագահ Տեր-Պետրոսյանի մասին

Որոշ մարդիկ և նույնիսկ ընկերներ սրտնեղում են էն փաստից, որ լևոնականները հետևողականորեն և երբեմն էլ ագրեսիվ կերպով պաշտպանում են առաջին նախագահին։ Ավելին՝ էս վարքագիծը բնորոշում են որպես մոլեռանդ և կույր պաշտամունք։

Իմ համոզմամբ՝ սա ընդհանրապես անպատեհ դիտողություն ա, քանի որ ավելի քան օրինաչափ երևույթ է, երբ գաղափարական ընկերները, կուսակիցներն ու համակիրները մարտնչող դիրքավորմամբ պաշտպանում են իրենց առաջնորդին և ավագ ընկերոջը։ Այս երևույթից խրտնող մարդկանց համար միգուցե խորթ են քաղաքական թիմ, կուսակցություն հասկացությունները։ Նույն կերպ դըգոլականները պաշտպանում են՝ դը Գոլին, քեմալականները՝ Աթաթուրքին, շահի կողմնակիները՝ Ռեզա Մոհամմադ Փահլավիին, Սաակաշվիլու կողմնակիցները՝ Միշկային և այլն։ Այստեղ արտասովոր ոչինչ չկա և լևոնականները լուսնից վայր չեն ընկել իրենց պատկերացումների հետ միասին։

Մյուս քննադատությունը վերաբերում է անձի պաշտամունքին։ Էս երևույթը Հայաստանում և հետխորհրդային բոլոր երկրներում տարածված հիմնախնդիր է։ Քաղաքականապես երիտասարդ հանրույթներում քաղաքական համակարգերն ու կուսակցությունները անձնակենտրոն են և սա օբյեկտիվ իրականության պարտադրանքն է։

ՀԱԿ-ի պարագայում խնդիրն էլ ավելի ցցուն է, բայց, իմ կարծիքով այլ կերպ չէր էլ կարող լինել։ Տեր-Պետրոսյանը քաղաքական ծանր քաշային է, Հանրապետության առաջին նախագահը, Ղարաբաղյան շարժման ամենաառանցքային առաջնորդներից մեկը, նրա օրոք Հայաստանը հաղթել է պատերազմում, սաղմնավորվել են շուկայական հարաբերությունները և այլն։ Այսինքն ինչ-որ իմաստով այդ մարդը սիմվոլի կարգավիճակ ունի և տրամաբանական է, որ նրա նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունք կա։ Անբնական կլիներ, եթե կուսակցության մեջ նախագահին, Լևոն Զուրաբյանին և Արման Մուսինյանին նույն հարթության մեջ դիտարկեին։ Այսինքն, քաղաքական համակարգում և ՀԱԿ-ում Լևոնին հավասար ուրիշ մեկը չկա և դա ամենևին էլ իր մեղքը չէ։

Բայց լևոնականների հետևողականությունը շատ ավելի խորը պատճառներ ունի։ Տասնամյակներ շարունակ նախագահի դեմ կեղծ քարոզչություն է իրականացվել, օրինակ՝ Ատոմայականի փակումը, մազութի թալանը, հաղթանակները դարձրել են ցուրտ ու մութ տարիներ կամ էլ անամոթաբար պնդել են, թե Լևոնը կապ չի ունեցել Շուշիի և այլ բնակավայրերի ազատագրման հետ։ Երկրին ու ազգին մեծագույն ծառայություններ մատուցած մարդուն ներկայացրել են որպես հող հանձնող և պարտվողական։ Թիրախավորել են ֆիզիկական վիճակը, առանց իմանալու, թե ինչ հանգամանքներում է նրա աչքը վիրավորվել։

Էսքանից հետո պարզ չի՞ թե լևոնականները ինչի են այդքան հետևողական և նույնիսկ ագրեսիվ։

Մյուս միֆն այն է, թե Լևոնը բազմած Օլիմպոսի գագաթին՝ անհաղորդ է ազգի տառապանքներին և ցավերին։ Չգիտեմ, որքանով է կոռեկտ սրա մասին խոսելը, բայց կարող եմ փաստել, որ հատկապես վերջին երկու ամիսներին նախագահի դարդ ու ցավը Ղարաբաղն ու ղարաբաղցիներն են։ Մտահոգության առարկան այն է, որ հանկարծ արցախահայերի դեմ բռնություններ չլինեն, մեկի քթից արյուն չգա։ Միգուցե պոպուլիստ չի, չի արտահայտում իր զգացմունքները, եթերներով Արցախին ու ժողովրդին սեր չի խոստովանում, չի ասմունքում, դրա համար էլ մարդիկ մտածում են, թե նախագահը թքած ունի ամեն ինչի վրա ու միայն արտաքին քաղաքականությամբ է հետաքրքրվում։

Բոլոր այս նախապաշարմունքներով սպառազինված մարդիկ հաճախ հեգնում և ծաղրում են ՀԱԿ-ականներին, իբրև թե Լևոնը մարգարե ա, ամեն ինչ կանխատեսել ա, իսկ լևոնականներն էլ զոմբիի պես հավատում են մարգարեությանը։ Այսինքն, երբ փաստարկները ավարտվում են, անհրաժեշտաբար ի հայտ են գալիս ցինիզմը և հեգնանքը, ինչպես նաև դրանց օգնությամբ ամեն մի ճշմարտություն ջնջելու մոլուցքը։

Լևոնի և Լևոնականների փաստարկները հրապարակային են, Լևոն Զուրաբյանը, Արման Մուսինյանը, Արման Գրիգորյանը, Աշոտ Սարգսյանը, Արամ Մանուկյանը, Տիգրան Պասկևիչյանը, Արմեն Խաչատրյանը, Հարութ Ուլոյանը, Վահրամ Աթանեսյանը և մյուսները մանրամասն ներկայացրել ու ներկայացնում են բոլոր մանրամասները, մտեք կարդացեք, նայեք ու ինքներդ հետևություններ արեք։ Այդ փաստարկներում և դատողություններում մարգարեություններ, մոլեռանդություն և կույր հավատալիքներ գոյություն չունեն։ Ընդհակառակը՝ կան փաստեր, գաղափարներ ու աշխարհայացք։

Հարգելի ներկաներ, խիստ մի դատեք հետևողականությունն ու սկզբունքայնությունը։ Սրանք մեր օրերում վերացող արժեքներ են։

Կարպիս Փաշոյան.