Կրակահերթ Սամվել Բաբայանի համակիրների ուղությամբ
Սամվել Բաբայանի գրասենյակից ահազանգ է հնչեցվում հանցագործության մասին՝ նշվելով կոնկրետ անուններ:
Մասնավորապես, տարածված հաղորդագրության մեջ ասված է.
«Մայիսի 29-ի գիշերը՝ ժամը 03։30-ի սահմաններում, Սևանի մայրուղու Սևան- Մարտունի ճանապարհահատվածին արցախցիներին հայտնի բանդայի կողմից հետապնդվել են Սամվել Բաբայանի համակիրները, զինակից ընկերները, որոնք Սամվել Բաբայանի հետ մարտական ուղի են անցել և վերջինիս հետ ծառայել զինվորական կառույցներում , այսօր էլ ակտիվորեն մասնակցում են նրա հանդիպումներին։ Նրանց ճանապարհը փակել են և հրազենից կրակահերթ ուղղել նրանց ուղղությամբ։ Այդ ճանապարահատվածի բոլոր հնարավոր տեսախցիկներն ու արագաչափերը ֆիքսել են «բանդայի» մրցավազքը։
Մեզ հասած տվյալներով դրանք Քարվաճառի և Մարտակերտի հրոսակախմբերն են, որոնց պարագլուխներն են Բալայան Ալեքսեյ, Այդինյան Ռոլանդ, Միրզոյան Գրիգորի անուններով արցախցիների մեջ քաջ հայտնի երիտասարդները։ Ի դեպ կրակողներից մեկը եղել է սպիտակ Տոյոտա Քեմրի ավտոմեքենայում, որը պատկանում է Բալայան Ալեքսեյին։ Այս բանդաները իրենց պարագլուխներով ծառայում են ԱՀ նախկին վարչապետ, իսկ հիմա ԱՀ նախագահի թեկնածու , «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանին ։ Բազմիցս օգտվելով Արայիկ Հարությունյանի հովանավորչությունից, այս բանդայի կարկառուն պարագլուխներից Ռոլանդ Այդինյանը ազատվել է քրեական պատասխանատվությունից։ ՀՀ ԱԱԾ-ն այս առումով կարող է դիմել Արցախի Շահումյանի շրջանի ԱԱԾ կառույցին և նրանից պահանջել, թե ինչ քրեական պատասխանատվությունների է ենթարկվել տվյալ անձը, ինչու չի կրել այդ պատասխանատվությունը, և ում շնորհիվ են կառճվել բոլոր գործերը։
Քանի որ միջադեպը տեղի է ունեցել ՀՀ-ի տարածքի այդ հատվածում, տուժողներն էլ հանդիսանում են ՀՀ քաղաքացիներ, կոչ ենք անում բոլոր պատկան մարմիններին , հատկապես ՀՀ ԱԱԾ-ին , հետամուտ լինել այս բանդան գտնելու և չեզոքացնելու գործընթացին, այլապես այս ամենը կարող է ավարտվել արյունահեղությամբ։ Քանի որ տղաները պատերազմ անցած և զինվորական կառույցներում աշխատած տղաներ են, նրանք ունեն բավականին լայն ու ընդգրկուն թիմ, և հաշվի առնելով Սամվել Բաբայանի գործոնը, նրանց հանդարտեցնելու վերջինիս ձկտումները, նրանց հակահարվածը միայն ժամանակի խնդիր է։ Մենք պարտավոր ենք տեղյակ պահել իրավապահ մարմիններին այս ոչ առողջ և հանցավոր մթնոլորտի մասին։ Իսկ եթե իրավապահ մարմինները հետամուտ չլինեն այս ամենի բացահայտմանը, ապա մենք ստիպված կլինենք կիրառել նույն մեթոդները և պատասխան հասցնել նույն ոճով, որովհետև այլ ելք չի մնում։ Արցախի բոլոր շրջաններում այսպիսի կազմակերպված բանդաները, որոնք հայտնի են իրենց հանցավոր գործելաոճով , ահ ու սարսափ են տարածում ազգաբնակչության մեջ։ Հասկանալով, որ այլևս հնարավոր չէ հին հանցավոր դիրքերը պահպանել, այսպիսի գործելաոճը ուղղում են երկրում վախի մթնոլորտը կայուն դիրքերում պահելուն։
Ի դեպ կան լուսանկարներ, որոնք կարող ենք ներկայացնել իրավապահ մարմիններին»։
Ոստիկանությունը պարզում է Սամվել Բաբայանի համակիրների հետ տեղի ունեցած միջադեպի մանրամասները
Սամվել Բաբայանի գրասենյակը տեղեկություն է հրապարակել մայիսի լույս 29 գիշերը Սևան-Մարտունի ճանապարհին Սամվել Բաբայանի համակիրների հետ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը:
«Տեղեկացնենք, որ նախքան այդ հայտարարությունը, ոստիկանությունն արդեն իսկ օպերատիվ տվյալներ ուներ և ոստիկանության պետի հանձնարարությամբ ձեռնարկվել և այս պահին էլ ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ միջադեպի բոլոր մասնակիցների ինքնությունը, նրանց գտնվելու վայրը ճշտելու, ինչպես և կատարվածի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Միջոցառումները շարունակվում են։ Կատարվում է քննություն», - գրել է Ջանոյանը: