«  Սեպտեմբեր 2024  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Яндекс.Метрика

Լևոն Տեր-Պետրոսյան. Կիլիկյան Հայաստանը աշխարհաքաղաքական առճակատումների հորձանուտում

Լևոն Տեր-Պետրոսյան. Կիլիկյան Հայաստանը աշխարհաքաղաքական առճակատումների հորձանուտում

Նախորդ հոդվածը՝ ԱՅՍՏԵՂ:

Լեւոն Տեր-Պետրոսյան.

Կիլիկյան Հայաստանը աշխարհաքաղաքական առճակատումների հորձանուտում
(XI–XIV դդ.)

(Ընթերցող լայն հասարակության համար նախատեսված այս հոդվածը քաղված է հեղինակի «Խաչակիրները եւ հայերը» գրքի 2-րդ հատորից («Փրինթինֆո», Երեւան, 2007, էջ 5–25)։ Հոդվածը չծանրաբեռնելու նպատակով բաց են թողնված բնագրերի գրաբարյան աղբյուրների հղումները, որոնց հետաքրքրասեր ընթերցողները կարող են ծանոթանալ նշված էջերի տողատակյա ծանոթագրություններում։)

________________________

XI–XIV դդ. մերձավորարեւելյան իրադարձությունները հետահայաց քաղաքագիտության (ретроспективная политология) տեսակետից դիտարկելիս՝ Կիլիկյան Հայաստանի եւ Արեւելքում հիմնված խաչակրաց պետությունների պատմության տիպաբանական ընդհանրությունն աչքի է զարնում առաջին իսկ հայացքից։ Թե՛ մեկը, թե՛ մյուսները, ստեղծված լինելով օտար ժողովուրդներից նվաճված տարածքներում, հարկադրված էին գոյատեւել հարակա թշնամական միջավայրում, դրանից բխող քաղաքական վարքագծի նմանօրինակ դրսեւորումներով՝ աշխարհագրական դիրքի առավելությունների օգտագործում, ապավինում բերդերի պաշտպանական համակարգին, ժամանակավոր ռազմական դաշինքների հաստատում, Արեւմուտքի օգնության ակնկալում, ներքին կայունության ապահովում եւ այլն։ Նույնն էր նաեւ միջազգային իրավունքի սկզբունքների այն դաշտը, որով, այդ պետությունների կամքից անկախ, նախասահմանված էր նրանց կենսագործունեության հարկադրական շրջանակը։
Հարկ ենք համարում միանգամից նշել, որ «միջազգային իրավունք» եզրույթը մենք գործածում ենք պայմանականորեն, քանի որ այդ իրավունքը միջնադարում սահմանվում էր ոչ թե Ազգերի Լիգայի, ՄԱԿ ի կամ ԵԱՀԿ ի տիպի կազմակերպությունների կողմից, այլ մեծ պետությունների անհատական ջանքերով։ Յուրաքանչյուր գերտերություն ինքնուրույնաբար հռչակում էր սեփական քաղաքական դավանանքը (դոկտրինան) եւ դրա հիման վրա որոշում իր եւ մնացյալ աշխարհի հարաբերությունների կանոնները։ Այլ կերպ ասած, թեեւ անցյալում եւս, ինչպես մեր օրերում, միջազգային իրավունքը սահմանվում էր գերտերությունների կողմից, բայց դա տեղի էր ունենում ոչ թե համապատասխան կազմակերպությունների մակարդակով, այլ կայսրությունների որդեգրած եսակենտրոն հայեցակարգերի հռչակման միջոցով, փույթ չէ, թե դրանք ի բնե կհակասեին միմյանց եւ ազգերի համակեցությունը կարգավորելու փոխարեն, աշխարհը կվերածեին անհաշտ թշնամանքի թատերաբեմի։ Գերտերությունների քաղաքական դավանանքների եսակենտրոնությունն արտահայտվում էր նրանում, որ նրանցից յուրաքանչյուրն իրեն համարում էր աշխարհի միակ օրինական պետությունը՝ դրանով հիմնավորելով համաշխարհային տիրապետության իր հավակնությունը։ Մեզ հետաքրքրող ժամանակաշրջանում «միջազգային իրավունքի» սկզբունքների սահմանման ու գործադրման մենաշնորհը պատկանում էր չորս հակոտնյա ուժերի՝ Բյուզանդական կայսրությանը, Արեւմտյան Եւրոպային, իսլամական հասարակապետությանը եւ մոնղոլներին, ինչը դրսեւորվում էր նրանց աշխարհաքաղաքական դավանությունների հետեւյալ հայեցակարգային դրույթներում։

Բյուզանդիա. Աշխարհի միակ օրինական պետությունը լինելու Բյուզանդիայի ինքնագիտակցությունը բխում էր Հռոմեական կայսրության իրավահաջորդը հանդիսանալու իրողությունից եւ Կոստանդնուպոլսիպատրիարքարանի ենթադրյալ նախաթոռության հանգամանքից։ Դա նրան հիմք էր տալիս եթե ոչ անպայման հավակնելու համաշխարհային տիրապետության, ապա գոնե ձգտելու իր իշխանությունը տարածել Հռոմեական կայսրության նախկին տարածքների ու քրիստոնյա աշխարհի վրա։ Աշխարհակալական այսպիսի նկրտումների ամրապնդմանը նպաստել էին մի կողմից՝ X–XI դարերում Հարավային Եւրոպայի, Ասորիքի, Միջագետքի եւ Մեծ Հայքի ուղղությամբ Բյուզանդիայի կատարած տպավորիչ վերանվաճումները, իսկ մյուս կողմից՝ Բալկանյան երկրներում եւ Կիեւյան Ռուսիայում Հույն Ուղղափառ Եկեղեցու հաջողությամբ պսակված առաքելությունները։ Իշխող մտայնության ամենացայտուն արտահայտությունը բյուզանդական կայսրերի βασιλεύς (վասիլեւս) տիտղոսն էր, որը չէր հատկացվում ոչ մի այլ տիրակալի։ Կայսրը, դիտվելով Աստծու ընտրյալը, ըստ էության, պետության մարմնավորումն էր, որի զորությունը տարածվում էր ինչպես ծովի ու ցամաքի, այնպես էլ՝ ողջ մարդկային ցեղի վրա։

Ավելորդ չէ նշել, որ Բյուզանդական կայսրերի, նույնն է թե՝ Բյուզանդական կայսրության զորության համաշխարհային տարողության պատկերացումն արտացոլվել է նաեւ հայ իրականության մեջ։ Այսպես, Ներսես Շնորհալին Մանուել I Կոմնենոսին կոչում է ոչ այլ կերպ, քան «Երկնաւորին յերկրի անուանակիր եւ աթոռակալ» կամ՝ «Պարունակող գերապատուութեամբ ընդհանուր թագաւորութեանց, որ ի ներքոյ երկնից», իսկ Գրիգոր Տղան՝ «Արքայ Հոռոմոց, որ նստի գլուխ ընդհանուր տիեզերաց, ծայրագոյն պատուով եւ իշխանութեամբ»։ Այս առումով շատավելի պերճախոս է Հովհաննես Դրասխանակերտցին, որը Բյուզանդական կայսրերին համարում է՝ «յԱստուածուստ պսակեալ եւ պերճացեալ մեծ եւ բարեյաղթ թագաւորք տիեզերաց, աստուածասէրք եւ բարեպաշտք, ի հանդիսի կենացս հասարակաց լուսաւորութեանց վերակացուք եւ հանուրց եղելոցս ճշմարիտ խաղաղարարք, երկնացեղիկ ինն դասուցն համեմատք եւ շինութեան հոգեւորի առիթք. այսքանեաց եւ այսպիսեաց ազգաց եւ ազանց ստուգապէս առաջնորդք, աստուածային արդարեւ արմաւենիք ի տան Տեառն տնկեալք»։ Իսկ Ասողիկի «Պատմութեան» մեջ պահպանված VII դ. հայկական մի վավերագիր Բյուզանդական կայսրությունը բնութագրում է հետեւյալ խոսքերով. «Թագաւորութիւն մեծ եւ հզօրագոյն քան զամենայն թագաւորութիւնս, որ ոչ մարդկային ձեռամբ, այլ աստուածային աջովն է  պսակեալ, զոր ոչ երբէք կարասցէ փոխանորդել, բայց միայն Քրիստոսի թագաւորութիւնն»։

Մեր քննության առարկան հանդիսացող խնդրի տեսակետից առավել հետաքրքրական է, սակայն, բյուզանդացիների աշխարհակալական իրավագիտակցության մի մասնակի դրսեւորումը, որը վերաբերում է սելջուկների կողմից զավթված կայսերական տարածքների կարգավիճակին։ 1097 թվականին Ալեքսիոս կայսեր եւ խաչակիրների միջեւ Կոստանդնուպոլսում կնքված պայմանագրի համաձայն՝ վերջիններս պարտավորվում էին Բյուզանդիային վերադարձնել թուրքերից գրավվելիք այն բոլոր տարածքները, որոնք սելջուկյան ասպատակությունների նախօրյակին պատկանել էին կայսրությանը։ Ի դեպ, այդ պայմանագրի բովանդակությանը քաջապես ծանոթ է նաեւ Մատթեոս Ուռհայեցին, որն այդ առթիվ գրում է. «Եւ թագաւորն Ալէքս արար սէր եւ միաբանութիւն ընդ ամենայն իշխանսն Փռանգաց, եւ տարաւ զնոսա ի սուրբն Սոփի, եւ ետ նոցա բազում տուրս ոսկւոյ եւ արծաթոյ. եւ նոքա երդուան նմա, զի զամենայն գաւառսն, որ յառաջ լեալ էր Հոռոմոց, թափեն ի Պարսից եւ տան զայն թագաւորին Ալէքսին, եւ աշխարհն Պարսից եւ Արապկաց եղիցին ազգին Փռանգաց. եւ այսպիսի դաւանութեամբս, խաչով եւ աւետարանով կապեցին զերդումնն անլուծանելի կապանօք»։ Պայմանագիրը, որն առաջին հերթին վերաբերում էր Կիլիկիային, Անտիոքի իշխանապետությանը եւ Եդեսիայի կոմսությանը, հետագայում ծանր անդրադարձ պիտի ունենար այդ երկրների ճակատագրի վրա։ Խաչակիրներն սկզբնապես հարգեցին իրենց ստանձնած պարտավորությունը՝ մասնավորապես Բյուզանդիային զիջելով Նիկիա եւ Մարաշ քաղաքները, սակայն Եդեսիայի կոմսությունն ու Անտիոքի իշխանապետությունը հիմնադրելուց հետո հրաժարվեցին ճանաչել կայսեր գերիշխանությունը։ Բյուզանդիան երբեւէ չհամակերպվեց իրերի այդ դրության հետ եւ, պայմանագիրն իրավական հիմք ծառայեցնելով, շարունակ փորձեց վերականգնել կայսրության տարածքային ամբողջականությունը։ Մասնավորապես այդ պայմանագրի գործադրմանն էին միտված Հովհաննես եւ Մանուել Կոմնենոս կայսրերի ձեռնարկած 1136–1138, 1142–1143 եւ 1158–1159 թթ. արեւելյան արշավանքները։ Խաչակրաց պետությունների վրա իր գերիշխանությունը հաստատելու գլխավոր խոչընդոտը Բյուզանդիայի համար Ռուբինյան իշխանության գոյությունն էր։ Դրանով է բացատրվում, թե ինչու ավելի քան հարյուր տարի նա համառորեն չճանաչեց Հայոց պետության անկախությունը՝ նրա տարածքը դիտելով որպես կայսրության անբաժանելի մասը։ Ի տարբերություն Անտիոքի իշխանապետության եւ Եդեսիայի կոմսության, որտեղ Բյուզանդիան, աշխարհագրական նկատառումներով, հակված էր բավարարվել թեկուզ իր անվանական գերակայության ճանաչմամբ, Կիլիկիայում նրան հետաքրքրում էր միայն ուղղակի կառավարումը։ Արեւելքի ուղղությամբ Բյուզանդիայի աշխարհակալական հավակնություններին վերջ դրվեց միայն 1176 թվականին Միրիոկեֆալոնի ճակատամարտում սելջուկներից կրած նրա ջախջախիչ պարտությունից հետո։

Արեւմտյան Եւրոպա. Որպես քաղաքական գործոն Արեւմտյան Եւրոպան Մերձավոր Արեւելքի թատերաբեմում դերակատարություն ստանձնեց խաչակրաց արշավանքների սկզբնավորման շրջանից, թեեւ Հռոմեական կայսրության ժառանգորդն ու քրիստոնյա աշխարհի գերական լինելու Բյուզանդիայի աշխարհակալական մենաշնորհը նա սկսել էր վիճարկել դեռեւս Կառլոս Մեծի ժամանակներում։ 800 թվականին վերջինս Հռոմի պապ Լեւոն III ի (795–816 թթ.) կողմից հռչակվեց կայսր (imperator) եւ անմիջապես բանակցությունների մեջ մտավ Բյուզանդիայի հետ՝ օրինականացնելու համար իր այդ տիտղոսը։ Բյուզանդական կայսր Նիկեփորոս I ը (802–811 թթ.) կտրականապես հրաժարվեց անել դա, բայց նրա հաջորդը՝ Միքայել I ը (811–813 թթ.), քաղաքական նկատառումներով, 812 թվականին ճանաչեց Կառլոս Մեծի imperator տիտղոսը, որի համարժեքը հունարեն βασιλεύς ն էր։ Սա Բյուզանդիայի կողմից արեւմտաեւրոպական կայսրերի համար արված միակ բացառությունն էր։ Կարոլինգյան կայսրությունը գոյատեւեց մինչեւ 887 թվականը, որից հետո այն բաժանվեց յոթ անկախ թագավորությունների՝ Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա, Պրովանս, Բուրգունդիա, Լոթարինգիա եւ Նավարա։ Բյուզանդիայի եւ Արեւմտյան Եւրոպայի իրավա քաղաքական այս տարաձայնությունը չհարթվեց նաեւ այն բանից հետո, երբ Գերմանիայի թագավոր Օտոն I ը 962 թվականին Հռոմի պապ Հովհաննես XII ի (955–964 թթ.) կողմից հռչակվեց կայսր եւ հիմնադրեց, այսպես կոչված, Սրբազան Հռոմեական կայսրությունը։ Հարկ է նշել, սակայն, որ խնդրո առարկա ներհակության մեջ Բյուզանդիայի անզիջողականությունը միակողմանի չէր. Արեւմուտքն, իր հերթին, միեւնույն համառությամբ բյուզանդական ինքնակալներին համարում էր ոչ թե Հռոմեական, այլ Ուղղափառների, Նոր Հռոմի, Կոստանդնուպոլսի, կամ էլ՝ Հույների կայսրեր։ Այս առումով խիստ հատկանշական է Ֆրիդրիխ Շիկամորուսի կողմից Մանուել կայսերն ուղարկված մի նամակ, որում նա բացեիբաց հայտարարում է, որ գերմանական կայսրերը, իրենց իշխանությունն ստացած լինելով Հռոմեական փառապանծ կայսրերից, իրավասու են տիրելու ոչ միայն Հռոմեական կայսրությանը, այլեւ «Հույների թագավորությանը»։

Ուշադրության արժանի է եւս մեկ կարեւոր հանգամանք. եթե Հույն Ուղղափառ Եկեղեցին, Բյուզանդիայի պետական շահերի տեսակետից, հանդես էր գալիս որպես կայսերական իշխանության հուսալի գործընկեր եւ հենարան, ապա Հռոմի Աթոռն, ընդհակառակը, քրիստոնյա աշխարհի վրա գերակայություն հաստատելու հարցում անհաշտ մրցակցության մեջ էր արեւմտյան կայսրերի հետ։ Հակասության գլխավոր աղբյուրն, այսպես կոչված, investitura ի (տվչության) խնդիրն էր, այսինքն այն, թե ում էր վերապահված հոգեւորականությանը, մասնավորապես, եպիսկոպոսներին իշխանություն շնորհելու իրավունքը՝ աշխարհիկ տերերին, թե՞ Եկեղեցուն։ Ինվեստիտուրայի խնդրի կարեւորությունը բացատրվում էր այն հանգամանքով, որ ի տարբերություն Բյուզանդիայի, որտեղ երկրի կառավարումն իրականացնում էին քաղաքացիական պաշտոնյաները, Արեւմտյան Եւրոպայի միապետերը դա կատարում էին եպիսկոպոսների միջոցով, որոնք միաժամանակ թե՛ հոգեւոր, եւ թե՛ վարչական պաշտոնյաներ էին։ Սկզբնապես առավելությունը կայսրերի կողմն էր, որոնք ոչ միայն ինքնակամ կերպով նշանակում եւ ազատում էին եպիսկոպոսներին, այլեւ վճռական դեր խաղում անգամ պապերի ընտրության հարցում։

Դրությունը փոխվեց XI դ. կեսերին Կլունիական վանականության գործունեության արդյունքում, որի նպատակը Կաթոլիկ Եկեղեցու հեղինակության բարձրացումն ու աշխարհիկ իշխանությունների նկատմամբ գերակայության հաստատումն էր։ Կլունիական գաղափարախոսության համաձայն՝ Հռոմի պապը պետք է լիներ ոչ միայն եպիսկոպոսների ու վանահայրերի, այլ նաեւ թագավորների ու կայսրերի առաջնորդը, այսինքն՝ ինչպես հոգին էր իշխում մարմնի վրա, այնպես էլ Եկեղեցին պետք է գերակայեր աշխարհիկ իշխանության նկատմամբ։ Կլունիական ծրագիրն իրականացվեց գլխավորապես կարդինալ Հիլդեբրանդի (ապագա Գրիգոր VII պապի) ձեռնարկած եկեղեցա քաղաքական բարեփոխումների շնորհիվ, որոնք իրենց արտահայտությունը գտան 1059 թվականին տեղի ունեցած Լատերանի ժողովի որոշումներում եւ 1073 թվականին նրա արձակած «Ընդհանրական կոնդակում»։ Լատերանի ժողովը սահմանեց կարդինալների կողմից պապի ընտրության կարգը եւ հոգեւորականների կուսակրոնության պահանջը, իսկ «Ընդհանրական կոնդակը» հռչակեց աշխարհիկ իշխանությունների գերական լինելու պապի հավակնությունն ու եպիսկոպոսներ նշանակելու նրա բացառիկ իրավասությունը։ Այս թվացյալ հանգուցալուծումը, սակայն, ոչ թե Հռոմի պապերի եւ Գերմանական կայսրերի հակամարտության վերջն էր, այլ սկիզբը, հակամարտություն, որը ոչ միայն չպիտի սահմանափակվեր բանադրանքներով ու գահընկեցություններով, այլեւ պիտի հանգեցներ արյունահեղ պատերազմների։ Խաչակրաց արշավանքների հետեւանքով այդ հակամարտությունը տեղափոխվեց նաեւ Մերձավոր Արեւելք, իր արտահայտությունը գտնելով մի կողմից՝ արեւելաքրիստոնեական եկեղեցիների վրա Հռոմի պապի գերակայությունը հաստատելու ձգտման, մյուս կողմից՝ Լեւանտում Սրբազան Հռոմեական կայսրության վասալ պետությունների՝ Կիպրոսի ու Կիլիկիայի թագավորությունների ստեղծման իրողության մեջ։ Ավելին, Կ. Կաենի կարծիքով՝ Ուրբանոս պապի կողմից առաջին խաչակրաց արշավանքի ձեռնարկման փաստն իսկ, միտված լինելով Հռոմի Աթոռի հեղինակության բարձրացմանը, մեծ հաշվով արդյունք էր տվյալ հակամարտության։

Ինչպես Բյուզանդիայի պարագայում, Արեւմտյան Եւրոպայի տիեզերակալական հավակնությունները նույնպես որոշ արձագանք են գտել հայ իրականության մեջ, մասնավորապես հայ լատինասերների միջավայրում ստեղծված «Դաշանց թղթում», որում Հռոմեական կայսրությունը կոչված է՝ «Տիեզերատարած եւ աշխարհածաւալ, խրոխտ եւ անխոնարհելի իշխանութիւն», իսկ Հռոմի պապը՝ «Աթոռակալ գլխաւորաց Առաքելոցս Պետրոսի եւ Պօղոսի, որ երկնաւոր եւ երկրաւոր բանալեօքս ունի իշխանութիւն յԱրեւմտից մինչեւ յԱրեւելս ի վերայ ամենայն ազգաց եւ ազանց եւ լեզուաց քրիստոսադաւանից, կապօղ եւ արձակօղ ի յերկինս եւ յերկրի եւ հրամանահան հզօր յընդհանուր յեկեղեցիս Քրիստոսի»։ Նույնքան բնութագրական է Հովհաննես Կոզեռնի տեսիլը, որում «գուշակված է» Հռոմայեցիների (իմա՛ խաչակիրների) համաշխարհային տիրապետությունը. «Եւ յայնժամ ելցեն ազգն արիականք, որք են Փռանգ, եւ բազմութեամբ զօրօք առցեն զսուրբ քաղաքն Երուսաղէմ, եւ ազատի ի գերութենէն սուրբ գերեզմանն Աստուածընկալ։ ...Եւ յայնժամ թագաւորն Հռոմայեցւոց տիրելով տիրէ ամենայն աշխարհի... եւ հաստատի ամենայն իշխանութիւն երկրի ի ներքոյ ձեռին թագաւորին Հռոմայեցւոց»։

Իսլամական հասարակապետություն (’ummā). Իսլամական տիեզերակալության տեսակետից աշխարհը բաժանվում էր երեք ոլորտների՝ Dār al ’Islām (Իսլամի տուն),Dār al Ḥarb (Պատերազմի տուն) եւ Dār al ‛Ahd կամ Dār al Sulḥ(Հաշտության կամ Զինադադարի տուն)։ Առաջինը՝ մահմեդականների տիրապետության տակ գտնվող տարածքներն էին, երկրորդը՝ նրանց կողմից դեռեւս չնվաճված տարածքները, իսկ երրորդն՝ այս երկուսի միջեւ գտնվող այն երկրները, որոնք թեեւ չէին նվաճվել մահմեդականների կողմից, սակայն հաշտության պայմանագրերով ճանաչել էին նրանց գերիշխանությունն ու հարկատու դարձել նրանց, կամ էլ՝ պարզապես ժամանակավոր զինադադար կնքել վերջիններիս հետ։ Հանգամանքների բերմամբ, այն է՝ ստանձնած պարտավորությունների կատարումը կամ խախտումը նկատի ունենալով, երրորդ տիպի կարգավիճակում գտնվող երկրները մահմեդական իրավագետների կողմից կարող էին դիտվել մերթ Իսլամի, մերթ Պատերազմի ոլորտում։ Իսլամի տան (Dār al ’Islām) գլուխը խալիֆն էր (Մուհամմեդի փոխանորդը), այլ կերպ կոչված ’Amīr al Mu’minīn (Հավատացյալների հրամանատար), որը մարմ նավորում էր ինչպես հոգեւոր, այնպես էլ աշխարհիկ իշխանությունը։ Մահմեդական բոլոր տիրակալները (սուլթաններ, էմիրներ, մելիքներ եւ այլն) իրենց իշխանությունն ստանում էին նրանից։ Անգամ ապստամբության կամ պետական հեղաշրջման միջոցով մահմեդական աշխարհի զանազան երկրամասերին տիրած գահակալներն, իրենց իշխանությունը «լեգիտիմացնելու» նպատակով, ձգտում էին ստանալ խալիֆի հավանությունը։ Առաջինը սելջուկներին էր վիճակված հիմնավորապես խախտել իրերի այդ դրվածքը. 1055 թվականին նրանց առաջնորդ Տողրուլը, խալիֆի ձեռքով վավերացնելով դեռեւս 1038 ից ինքնակոչ կերպով կրած սուլթանի իր տիտղոսը, իր ձեռքում կենտրոնացրեց Իսլամի տան աշխարհիկ իշխանությունը, խալիֆի տնօրինության տակ թողնելով միայն մահմեդական հասարակապետության հոգեւոր գործերը։ Խալիֆի եւ սուլթանի հարաբերություններն, ըստ այդմ, թե՛ տեսական, թե՛ գործնական առումով, հիշեցնում են Հռոմի պապի եւ Գերմանական կայսեր հարաբերությունները, նկատի ունենալով մանավանդ այն հանգամանքը, որ ե՛ւ խալիֆը, ե՛ւ պապը, հոգեւոր իրավասություններից բացի, այնուամենայնիվ օժտված էին նաեւ որոշակի քաղաքական իշխանությամբ։

Իսլամի գերագույն եւ վերջնական նպատակը ողջ աշխարհի նվաճումն էր, իսկ դրան հասնելու միջոցը՝ սրբազան պատերազմը (jihād), որը յուրաքանչյուր մահմեդականի գլխավոր պարտականություններից մեկն էր, հավատի հինգ հենասյուների՝ խոստովանության (šahādāt), աղոթքի (ṣalāt), ողորմության (zakāt), պահքի (ṣawm) եւ ուխտագնացության (ḥājj) կողքին։ Մահմեդական աշխարհում, հետեւաբար, մեծ համբավ եւ հեղինակություն էին վայելում այն տիրակալներն ու զորավարները, որոնք ռազմական նվաճումների կամ ասպատակությունների միջոցով ընդլայնում էին Իսլամի ոլորտը։ Քրիստոնյա ժողովուրդներից կամ հեթանոսներից հող գրաված մահմեդական առաջնորդներն օժտվում էին fātiḥ (նվաճող) կամ ġāzī(ասպատակիչ) պատվավոր տիտղոսներով։

Մահմեդականների կողմից նվաճված երկրներում հեթանոսներն ընդհանրապես տեղ չունեին, իսկ սուրբգրական դավանության պատկանող ժողովուրդները՝ քրիստոնյաները, հուդայականները, ինչպես նաեւ զրադաշտականները, դատապարտված էին երկրորդ կարգի քաղաքացիների կամ հանդուրժված փոքրամասնության (ḏimma) ստորադաս վիճակի, դրանից բխող բոլոր սահմանափակումներով ու հարստահարություններով։ Ḏimma ի կամ Զիմմիի կարգավիճակում գտնվող քաղաքացիները, երաշխավորված ազատություն ունենալով հանդերձ դավանելու իրենց կրոնը, միաժամանակ պարտավոր էին՝ գլխահարկ (jizyat) վճարել, ձի չհեծնել, զենք չկրել, հագուստի վրա տարբերանշան փակցնել, չամուսնանալ մահմեդական կնոջ հետ, նոր եկեղեցիներ կամ աղոթատեղիներ չկառուցել, եկեղեցու զանգերը չհնչեցնել, արարողական թափորներ չկազմել եւ այլն։ Այսօրվա հեռավորությունից դաժան թվացող այդ վերաբերմունքը, սակայն, շատ ավելի մեղմ էր, քան Կաթոլիկ Եւրոպայում կամ Ուղղափառ Բյուզանդիայում, որոնց սահմաններում ոչ միայն ուրիշ կրոններ, այլեւ քրիստոնեական այլ դավանանքներ չէին հանդուրժվում։

Մեր խնդրի տեսակետից, սակայն, ամենակարեւորը քննության առարկա տիեզերակալական գաղափարախոսության այն դրույթն էր, որ թեկուզ կարճ ժամանակով երբեւէ մահմեդականների տիրապետության տակ հայտնված ցանկացած տարածք հավիտենապես համարվում էր Իսլամի ոլորտի անբաժանելի մասը։ Ըստ այդմ, այդ «ռեւանշիստական» դրույթի գործողությունն ուղղակիորեն տարածվում էր Արեւելքում հիմնադրված խաչակրաց պետությունների, ինչպես նաեւ Կիլիկիո Հայոց թագավորության վրա։ Պատմական իրավունքի կամ պահանջատիրության (irredentism)նման ընկալումն, ինչպես տեսանք, հատուկ էր նաեւ Բյուզանդական կայսրությանն ու Արեւմտյան Եւրոպային։

Հայ մատենագրության մեջ իսլամական տիեզերակալության գաղափարն արձանագրվել է միայն Մովսես Կաղանկատվացու եւ Ղեւոնդ Վարդապետի պատմություններում։ Առաջինն արաբական խալիֆին կոչում է «տիեզերակալ պարծող» կամ «տիեզերապետ գոռոզ», իսկ երկրորդը տալիս է հետեւյալ հստակ ձեւակերպումը. «Զի զպատուէր օրինադրին իւրեանց ունէին օժանդակ, զոր պատուիրեացն որոմանց սերմանողի, թէ «Ելէ՛ք ի վերայ աշխարհաց, նուաճեցէ՛ք զնոսա ընդ ձեռամբ ձերով, զի մեզ, ասէ, տուեալ է ի վայելս զպարարտութիւն երկրի»։ Մի այլ տեղում Ղեւոնդն ավելացնում է, որ Աստված տիեզերական տիրապետություն էր խոստացել դեռեւս արաբների նախնուն՝ Իսմայելին. «Խոստացաւ տալ նմա զտիեզերս ի ծառայութիւն եւ ի հնազանդութիւն»։

Մոնղոլներ. Մինչ այժմ ներկայացված տիեզերակալական գաղափարախոսություններից ոչ մեկը գործնական առումով այնքան հիմնավորված չէր, որքան մոնղոլներինը, որովհետեւ նրանց էր, որ հաջողվեց ստեղծել մարդկության պատմության ամենաընդարձակ ցամաքային կայսրությունը։ Բավական է նշել, որ Չինգիզ խանի մահվան պահին (1227 թ.) այն ընդգրկում էր ժամանակի հայտնի աշխարհի մոտավորապես կեսը։ Մոնղոլների տիեզերակալական պատկերացումների հիմքում ընկած էր երկնքում մեկ Աստված (Tengri), եւ երկրում մեկ տիրակալ սկզբունքը. նրանց իշխանությունն, ըստ այդմ, երկնապարգեւ էր, եւ նրանք Աստծու կողմից կոչված էին տիրելու ողջ աշխարհին։ Մյուս ազգերը պարտավոր էին հնազանդվել նրանց, իսկ դիմադրելու պարագայում ենթակա էին բնաջնջման։ Այսպիսի պատկերացման շրջանակում չէր տեղավորվում ոչ միայն թշնամական, այլեւ նույնիսկ դաշնակից պետությունների գոյությունը, քանի որ դաշինքը կողմերի հավասարություն էր ենթադրում։ «Պետք է իմանալ,– գրում է հայտնի ճանապարհորդ Պլանո Կարպինին,– որ նրանք ոչ ոքի հետ պայմանագիր չեն կնքում, եթե նրանք չեն հնազանդվում իրենց, որովհետեւ, ինչպես վերը հիշեցինք, նրանք ունեն Չինգիզ խանի հրամանը՝ հնարավորության դեպքում բոլոր ժողովուրդներին իրենց ենթարկել»։ Այս առումով ուշագրավ է հատկապես Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս IX ի կողմից մոնղոլների հետ դաշինք կնքելու փորձին վերաբերող դրվագը։ Երբ նրա դեսպան Ռուբրուկը 1254 թ. օգոստոսի 8 ին Մանգու խանին է ներկայացնում Լյուդովիկոսի առաջարկը, վերջինս պատասխանում է. «Այս էհավիտենական երկնքի հրահանգը. Երկնքում կա մեկ հավերժական Աստված, իսկերկրում մեկ տիրակալ՝ Չինգիզ խանը, Աստծու որդին... Ուստի եթե համաձայն եք մեզ ենթարկվել, ապա ուղարկեք ձեր դեսպաններին, որպեսզի համոզվենք՝ արդյոք մեզ հետ խաղաղությունհաստատելու, թե՞ պատերազմելու մտադրություն ունեք»։ Ինչպես այս հատվածից իրավացիորեն եզրակացնում են արդի հետազոտողները, սա ոչ այլ ինչ էր, եթե ոչ Ֆրանսիայի թագավորին ուղղված հնազանդության կոչ։

Մոնղոլների տիրապետության աշխարհակալական բնույթը լիովին գիտակցվել է նաեւ հայ իրականության մեջ։ Նախ եւ առաջ հատկանշական է, որ հայկական ձեռագրերի թվագրման բանաձեւում այդ տիրապետությունը սովորաբար բնութագրվում է «տիեզերակալութիւն» կամ «աշխարհակալութիւն» բառերով, ինչպես, օրինակ. «ի տիեզերակալութեան Ապաղա ղանին», «ի տիեզերակալութեանն Ղուպիլա ղանին», «յաշխարհակալութեան մեծի Նետօղաց, որոյ Արղուն անուն», «յաշխարհակալութեան մեծի եւ ինքնակալ արքայի ղան Ղազանին, որդոյ Արղունին, ի տիրել տիեզերաց ցեղին Նետողաց»։ Իսկ պատմագրական աղբյուրները բացահայտում են նաեւ մոնղոլական տիեզերակալության կամ աշխարհակալության գաղափարախոսական ակունքները։ Այսպես, Վարդան Արեւելցին, Միքայել Ասորու ժամանակագրության հայերեն թարգմանության հիշատակարանում, այդ առթիվ գրում է. «Ուսան եւ ի մոգուց անտի զարուեստ կախարդութեան, եւ առեալ հրամանս ի դիւթաց անտի՝ եթէ տուեալ է նոցա յԱստուծոյ զաշխարհ ամենայն, ելցեն վստահութեամբ եւ ժառանգեսցեն զնա»։ Գրիգոր Ակներցին նույն գաղափարը վերարտադրում է հետեւյալ ձեւով. «Եւ ասաց հրեշտակն տիրել ի վերայ բազում աշխարհաց եւ գաւառաց, եւ բազմանալ նոցա անթիւ եւ անհամար բազմութեամբ, որ եւ եղեւն իսկ։ ... Իսկ յորժամ իմացան այլադեմ եւ գազանաբարոյ ազգն այն, թէ կամք է Աստուծոյ տիրել մեզ ի վերայ երկրի, ապա այնուհետեւ զաւրաժողով լեալ, գնացին ի վերայ Պարսից»։ Թեեւ հակիրճ, բայց ավելի դիպուկ է Կիրակոս Գանձակեցու ձեւակերպումը. «Սովորաբար զայս ասէին՝ զարքայն իւրեանց ազգակից Աստուծոյ, զերկինս առեալ Աստուծոյ իւր բաժին եւ զերկիրս տուեալ խաղանին»։ Իսկ մի այլ առիթով Գանձակեցին տեղեկացնում է, որ Չինգիզ խանն իր զորավարներին հրամայել էր «աւերել քանդել զամենայն աշխարհս եւ զթագաւորութիւնս տիեզերաց, եւ ոչ եւս դառնալ առ նա՝ մինչեւ բովանդակեսցեն զամենայն աշխարհս նուաճել ընդ տէրութեամբ նոցա»։

Դժվար չէ նկատել, որ ներկայացված աշխարհակալական դավանանքների բախման գլխավոր թատերաբեմը Մերձավոր Արեւելքն էր, որտեղ առաջացած բազմաթիվ քրիստոնյա թե մահմեդական փոքր պետություններին մնում էր խուսանավել կայսրությունների իրարամերժ ներհակությունների հորձանուտում եւ գոյատեւել մերթ հանդուրժված բուֆերային գոտու, մերթ ըմբոստ հպատակի, մերթ նվաճողի, մերթ էլ վասալի կարգավիճակով։ Երկրամասը XI–XIV դարերում մանր ու մեծ թագավորությունների, իշխանությունների, սուլթանությունների ու էմիրությունների մի այնպիսի խառնարան էր, որը ոչ իսկ խճանկար (մոզաիկա), այլ գեղադիտակ (կալեյդոսկոպ) էր հիշեցնում՝ ծնվող եւ վերացող պետությունների անընդհատ հերթագայությամբ։ Բավական է թեկուզ նշել, որ իր գոյության շուրջ 300 տարիների ընթացքում Կիլիկիո Հայոց պետությունն ունեցել է միմյանց հաջորդած տասներեք սահմանակից-հարեւան՝ Բյուզանդական կայսրությունը (1080–1176 թթ.), Սելջուկյան սուլթանությունը (1077–1092 թթ.), Փիլարտոսի իշխանությունը (1072–1090 թթ.), Գող Վասիլի իշխանությունը (1082–1117 թթ.), Դանիշմենդյան էմիրությունը (1071–1174 թթ.), Ռումի սուլթանությունը (1077–1277 թթ.), Եդեսիայի կոմսությունը (1098–1150 թթ.), Անտիոքի իշխանապետությունը (1099–1268 թթ.), Հալեպի Զանգիդյան աթաբեկությունը (1150–1181 թթ.), Սիրիայի եւ Եգիպտոսի Այուբյան սուլթանությունը (1181–1268 թթ.), Եգիպտոսի Մամլյուքյան սուլթանությունը (1268–1375 թթ.), Իրանի Հուլավյան իլ-խանությունը (1277–1335 թթ.) եւ Կարամանյան էմիրությունը (1277–1375 թթ.)։

Հասկանալի է, որ իրավիճակների այսպիսի փոփոխականությունը փոքր պետությունների համար անհնար էր դարձնում քաղաքական հաշվարկների վրա կառուցված երկարատեւռազմավարության գործադրումը։ Ռազմավարության բացակայությունն, ըստ այդմ, Մերձավոր Արեւելքի երկրների, այդ թվում Կիլիկյան Հայաստանի եւ խաչակրաց պետությունների ամենաբնորոշ հատկանիշն էր, եթե, իհարկե, ռազմավարություն չհամարենք ինքնապահպանության նախածին բնազդը եւ ուժերի նպաստավոր դասավորության դեպքում հարեւանների հաշվին սեփական տարածքներն ընդարձակելու ձգտումը։ Տվյալ պարագայում, հետեւաբար, առաջնային էին դառնում զուտ մարտավարական նշանակություն ունեցող գործնական (պրագմատիկ) նկատառումները։ Հակամարտող կողմերի երկարատեւ շահերը կարճատեսորեն ստորադասվում էին պահի թելադրանքով ակնկալված ձեռքբերումներին։ Գոյություն չուներ պետությունների քաղաքական վարքը կարգավորող որեւէ չափանիշ։ Ճարպկությունը, նենգությունը, երդմնազանցությունը, դավադրությունը, հակառակորդին խաբելու եւ ծուղակը գցելու ունակությունը ոչ միայն պախարակելի չէին, այլեւ առաքինություն էին համարվում։ Հաճախակի էին անգամ հյուրընկալության կանոնների եւ դեսպանների անձեռնմխելիության իրավունքի խախտումները։ Իսկ մարդկանց առեւանգման եւ փրկագնի դիմաց ազատ արձակելու երեւույթը հասել էր ահռելի չափերի։ Մի խոսքով, միջպետական հարաբերություններում տիրապետողը ջունգլիների օրենքն էր. ով ինչ կարողանում՝ գրավում էր, առանց մտածելու դրա հետեւանքների մասին, որոնք կարող էին կործանարար լինել հենց գրավողի համար։

Փոքր պետությունների քաղաքական վարքագծի տարերայնությունը խորանում էր այն հանգամանքով, որ նրանք հաճախ նաեւ դառնում էին աշխարհակալ տերությունների կույր գործիքը՝ օգտագործվելով իրենց վիճակակիցների դեմ ուղղված ծրագրերում։ «Բաժանիր, որ տիրես» սկզբունքը, որի էությունը փոքր պետություններին միմյանց դեմ լարելու եւ այդու նրանց հնարավոր համագործակցությունը վիժեցնելու ձգտումն էր, հատուկ էր բոլոր գերտերություններին։ Այս առումով ամենաբնորոշը, թերեւս, Մանուել I Կոմնենոս կայսեր վարած քաղաքականությունն էր Կիլիկիայի հանդեպ։ Ձգտելով կանխել Ռուբինյանների հզորացումը, Բյուզանդական կայսրը 1150-ական թվականներին նրանց դեմ դրդեց նախ՝ Ռումի սելջուկյան սուլթանությանը, ապա՝ Անտիոքի իշխանապետությանը։ Նույն կերպ, 1180-ական թվականներին, գերտերության հավակնություններ դրսեւորող նորաստեղծ Այուբյան սուլթանությունը փորձեց սեպ խրել Կիլիկիո հայկական իշխանության եւ Անտիոքի իշխանապետության միջեւ։ Ռազմավարական մտածողության բացակայությունը եւ անմիջական շահ ձեռքբերելու գայթակղությունն, այսպիսով, փոքր պետություններին թույլ չէր տալիս ընկալել գերտերությունների եսասիրական հաշիվների մեջ ներքաշվելու իրողության կործանարարությունը, եւ նրանք զարմանալի հետեւողականությամբ շարունակ ընկնում էին վերջիններիս լարած միեւնույն ծուղակը։

Սա նշելով հանդերձ, հարկ է նկատի ունենալ, որ նույնիսկ աշխարհակալ պետությունների պարագայում ռազմավարական մտածողության ունակությունն ինքնին դեռեւս հաջողության գրավական չէր, քանի որ էականը ոչ թե սոսկ ռազմավարության առկայությունն էր, այլ ճիշտ ռազմավարության ընտրությունը։ Երեւույթի լուսաբանման տեսակետից կրկին ամենաբնութագրականը, թերեւս, կարելի է համարել Բյուզանդիայի օրինակը, նկատի առնելով նրա որդեգրած առճակատման քաղաքականությունը Կիլիկիայի եւ խաչակրաց պետությունների նկատմամբ։ Ըստ տարածված տեսակետի՝ այդ քաղաքականությունը բխում էր Բյուզանդիայի ազգային շահերից եւ ավանդական ռազմավարությունից, որի էությունը կայսրության հեղինակության եւ տարածքային ամբողջականության վերականգնումն էր։ Թվում է, թե Հովհաննես II եւ Մանուել I Կոմնենոս կայսրերի 1136–1138, 1142–1143 եւ 1158–1159 թթ. արեւելյան արշավանքների շնորհիվ Բյուզանդիան փայլուն հաջողությամբ լուծեց այդ խնդիրները։ Սակայն նկատի ունենալով հետագա զարգացումները, հարց է առաջանում, թե արդյոք արդարացվա՞ծ էին Բյուզանդիայի վատնած ահռելի ջանքերն ու հսկայական ծախսերը, եւ արդյոք այդ թվացյալ հաջողությունները չէի՞ն նրա գալիք դժբախտությունների պատճառը։ Կարծում ենք՝ կասկածից վեր է, որ կայսրությունը շատ ավելի մեծ հաջողությունների կհասներ, եթե հայերին ու ֆրանկներին հակադրվելու փոխարեն, նրանց հետ միասնական ճակատ կազմած, փորձեր պայքարել փոքրասիական սելջուկների դեմ։ Բացառված չէ, որ նման քաղաքականության կիրառման պարագայում Մերձավոր Արեւելքի պատմությունը բոլորովին այլ ընթացք կարող էր ստանալ։ Ռազմավարական տեսակետից՝ հայերի եւ ֆրանկների դեմ Բյուզանդիայի մղած պայքարն, ըստ այդմ, շատ ավելի աններելի կարճատեսություն էր, քան նույնիսկ XIդ. առաջին կեսում Մեծ Հայքի թագավորությունների բռնակցումը կայսրությանը, քանի որ այդ ժամանակ դեռեւս ոչ ոք ի վիճակի չէր պատկերացնել սելջուկ-թուրքերի առաջխաղացման վտանգի իրական չափը։ Մինչդեռ հետագայում Բյուզանդիայի կողմից այդ վտանգի համառ անտեսումն ու քրիստոնեական ուժերի ջլատումն արդեն ոչ այլ ինչ էր, եթե ոչ նրա արեւելյան քաղաքականության լիակատար սնանկության նշանավորումը։ Դառնալով իր աշխարհակալական գաղափարախոսության եւ կայսերական քաղաքականության գերին, Բյուզանդիան, փաստորեն, տարածաշրջանի միակ երկիրն էր, որն ինքնակամ կերպով իրեն զրկել էր Realpolitik-ի զինանոցից օգտվելու հնարավորությունից։

Հաջորդ հոդվածը՝ ԱՅՍՏԵՂ: