Լևոն Զարգարյան. Ո՞վ է Երևանի պաշտոնական տեքստի հեղինակը
Ո՞վ է Երևանի պաշտոնական տեքստի հեղինակը
Նիկոլի Փաշինյանի և Իլհամ Ալիևի օգոստոսի 8-ին կայացած հեռախոսազրույցի պաշտոնական հաղորդագրությունը արտասովոր է նույնիսկ անզեն աչքով։
Օտարերկրյա տարբեր առաջնորդների (Մակրոն, Մերց, Թրամփ, Տոկաև, Մոդի, Պուտին, Միշուստին, Ֆոն դեր Լայեն և այլն) հետ հեռախոսազրույցների մասին պաշտոնական հաղորդագրությունները Կառավարության պաշտոնական էջում գրեթե միշտ հրապարակվում են նույնատիպ առաջաբանով՝ «Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը…»։
Ալիևի դեպքում ձևակերպումը տարբեր էր։ Էականորեն։
Օգոստոսի 8-ի հեռախոսազրույցի՝ ՀՀ կառավարության և Ադրբեջանի նախագահի աշխատակազմի մամուլի հաղորդագրությունները բառացիորեն նույնական են և սկսվում են հետևյալ կերպ․ «․․․ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին»։ Բաքուն այս ձևակերպումը նույնիսկ վերնագիր է դարձրել։ Երևանը թողել է այն հաղորդագրության տեքստում, իսկ վերնագրել «Տեղի է ունեցել Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հեռախոսազրույցը»։
Այս բացառության իմաստը հասկանալու համար պետք է մի պահ կանգ առնել հենց այդ ժանրի վրա։
Միջազգային հարաբերություններում բանակցությունների մասին մամուլի հաղորդագրությունը՝ readout-ը, սղագրություն չէ, այլ կողմերի մեկնաբանություն։ Յուրաքանչյուր մայրաքաղաք գրում է իր տեքստը՝ սեփական լսարանի համար, սեփական շեշտադրումներով և սեփական առաջնահերթություններով։ Հենց այդ պատճառով նույն զրույցի վերաբերյալ երկու կողմերի readout-ները սովորաբար չեն համընկնում և ավելին՝ չպետք է համընկնեն։
Միանման տեքստը հնարավոր է մեկ այլ ժանրում՝ համատեղ հայտարարության դեպքում, երբ կողմերը նախապես համաձայնեցնում են տեքստը և հրապարակում որպես մեկ փաստաթուղթ՝ երկու կողմերի անունից։ Բայց երբ երկու գրասենյակներ հրապարակում են առանձին հաղորդագրություններ՝ միանման տեքստով, դա կարող է նշանակել միայն մեկ բան. տեքստը գրել է նրանցից մեկը, իսկ մյուսն ընդունել է այն։
Իսկ թե ով է տեքստի հեղինակը, ստուգելը դժվար չէ։ Այդ նպատակով դիտարկենք մեկ այլ օրինակ՝ Փաշինյանի և Պուտինի հուլիսի 27-ի հեռախոսազրույցը։ Այստեղ readout-ները գործում են այնպես, ինչպես պետք է գործեն։ Երկու տեքստերը գրեթե ամեն ինչում տարբեր են։
1․ Կրեմլը հաղորդագրությունը սկսում է «հայկական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել հեռախոսազրույց» ձևակերպմամբ։ Երևանը նախաձեռնողին ընդհանրապես չի նշում։
2. Կրեմլը հայտնում է, որ Պուտինը վերահաստատել է ԵԱՏՄ չորս առաջնորդների դիրքորոշումը և «ընդգծել է հնարավորինս կարճ ժամկետներում հանրաքվե անցկացնելու անհրաժեշտությունը»։ Հայկական տարբերակն այդ թեմային պատասխանում է՝ նշելով, որ հանրաքվեն հնարավոր է «միայն ԵՄ-ին պաշտոնական դիմում հղելուց եւ թեման առարկայական դարձնելուց հետո»։
3. Երևանը զրույցի առանցքում դնում է հայկական արտահանման նկատմամբ սահմանափակումները և խնդրում է «միջոցներ ձեռնարկել՝ այս խնդիրները կարգավորելու ուղղությամբ»։ Կրեմլի հաղորդագրությունն այդ թեման ընդհանրապես չի հիշատակում։
Երկու հաղորդագրություն՝ միևնույն զրույցի երկու ինքնուրույն մեկնաբանություն։ Յուրաքանչյուր կողմ պաշտպանում է իր նարատիվը։ Այդպես է աշխատում դիվանագիտությունը միմյանց չենթարկվող պետությունների միջև։ Ուշագրավ է, որ վերոնշյալ զրույցի հաջորդ օրը՝ հուլիսի 28-ին, Կրեմլը հաղորդագրություն է հրապարակում Պուտինի և Ալիևի հեռախոսազրույցի մասին, և այս անգամ նախաձեռնողը չի նշվում։ «X կողմի նախաձեռնությամբ» ձևակերպումը պարզապես տեխնիկական տեղեկություն չէ։ Այն քաղաքական նշան է. այդպես նշվում է նա, ով հանդես է եկել խնդրողի դերում։
Կրեմլը Երևանին այդպես նշանավորեց, իսկ Բաքվին՝ ոչ։
Ուրեմն պատկերը հետևյալն է. Մոսկվայի հետ Երևանը պայքարում է սեփական հաղորդագրության յուրաքանչյուր տողի համար։ Բաքվի հետ՝ սեփական վերնագրի տակ հրապարակում է ուրիշի տեքստը՝ ներառյալ «Փաշինյանը զանգահարել է» ձևակերպումը, որը Երևանի մամուլի ծառայությունը ոչ մի այլ մայրաքաղաքի վերաբերյալ չի օգտագործում։
Այժմ այն մասին, թե ինչ է նշանակում այս պատկերը։ Մի փոքր ավելի հեռվից գանք։ Յուրաքանչյուր իշխանություն ինչ-որ տեղից է ստանում իր լեգիտիմությունը։ Փարավոններն ու կայսրերն իրենց իշխանությունն «ստանում» էին աստվածներից՝ համարվելով նրանց ներկայացուցիչը երկրի վրա։ «Երկնքի մանդատը» լեգիտիմության հարցը լուծում էր դեռևս ընտրությունների ի հայտ գալուց շատ առաջ։
Ժամանակակից իշխանությունը կարող է իր մանդատը ստանալ երեք աղբյուրից՝ սեփական քաղաքացիներից (ժողովրդավարական մանդատ), արտաքին հովանավորներից (արտաքին դրածոներ՝ Բելառուս, Վենեսուելա, Սիրիա), կամ փակ էլիտար կոալիցիաներից՝ օլիգարխիկ, ռազմական, կլանային։ Աղբյուրները գրեթե միշտ խառնված են։ Հարցը դրանց հարաբերակցության մեջ է, որը որոշելու համար քաղաքագիտությունն ունի բավական պարզ մեխանիզմ՝ «ինչն է ինչին հարմարեցվում» կամ «որ շահերն են դառնում առաջնային»։
Քաղաքացիներից մանդատ ստացած իշխանությունն արտաքին քաղաքականությունը հարմարեցնում է ներքին քաղաքականությանը։ Այն կարող է վիճել դաշնակիցների հետ, վճարել արտաքին քաղաքական գին, բայց չի կարող իրեն թույլ տալ այնպիսի քայլ, որը դեմ է լինելու սեփական հասարակության շահերին։
Արտաքին աղբյուրից մանդատ ստացած իշխանությունը գործում է հակառակ տրամաբանությամբ։ Ներքին քաղաքականությունը՝ ռեպրեսիաները, բարեփոխումները, նշանակումները, նույնիսկ հռետորաբանությունը, հարմարեցվում են արտաքին լսարանի պահանջներին, որովհետև հենց այդ «լսարանն» է (և ոչ ընտրողը), որոշում իշխանության գոյատևման հարցը։
44-օրյա պատերազմից Նիկոլ Փաշինյանի կառավարության գոյատևման հարցը լուծում են արտաքին հովանավորները։ Դրա վառ ապացույցներից է Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ 2025թ․ մայիսից սկիզբ առած շարժումը, որի գագաթնակետն (առայժմ) Գարեգին Բ-ին մեղադրյալի աթոռին նստեցնելն է։ Հակաեկեղեցական արշավի պաշտոնական բացատրությունները՝ «Կաթողիկոսը չի կատարել թեմի առաջնորդին վերականգնելու դատական որոշումը», «Կաթողիկոսը խախտել է կուսակրոնության ուխտը», չեն պատասխանում ամենապարզ հարցին՝ ինչո՞ւ հենց հիմա։ Ինչո՞ւ այդ ամբողջ շարժումը սկսվեց Կովկասի մուսուլմանների վարչության ղեկավար Ալլահշուքյուր Փաշազադեի՝ Հայ Առաքելական Եկեղեցին «հարևան երկրների համար սպառնալիք» անվանելուց հետո։ Իհարկե, ժամանակագրությունը ինքնին պատճառականություն չի ապացուցում։ Բայց երբ Երևանի պահանջները սեփական Եկեղեցու նկատմամբ համընկնում են Բաքվի պահանջների հետ և՛ բովանդակությամբ, և՛ ժամանակով, «ինչն է ինչին հարմարեցվում» հարցադրումն ստանում է իր առաջին պատասխանը։
Նույն հարցադրման շրջանակում են նաև սահմանադրական բարեփոխումները, առաջին հերթին՝ անկախության հռչակագրից հրաժարումը, որի անհրաժեշտությունն Ալիևը հրապարակայնորեն ներկայացրել էր որպես խաղաղության պայմանագրի պայման, արտաքին քաղաքական օրակարգից Ցեղասպանության հարցի դուրսմղումը և Փաշինյանի ոչ «պոպուլյար» մյուս քայլերը։
Սակայն այս կառուցվածքի մեջ կա մի կարևոր նրբություն։ Փաշինյանը նշանակված անձ չէ։ Նրա օգտին քվեարկել է գրեթե 727 հազար քաղաքացի կամ ընտրությունների մասնակիցների 49,74 տոկոսը։ Եվ այդ ներքին «լեգիտիմությունը» պետք է մշտապես սնուցել։ Ինչպե՞ս։ Հենց այն եղանակով, որը տեսանք ապրիլի 1-ին Կրեմլում։
Փաշինյանը Պուտինին ժողովրդավարության դասեր էր կարդում, հայտարարում էր, որ Հայաստանում, ի տարբերություն Ռուսաստանի, «սոցիալական ցանցերը 100 տոկոսով ազատ են»։ Հայկական իշխանամետ մեկնաբանները ոգևորությամբ տարածում են՝ «տեսեք, թե ինչպես նա Պուտինին իր տեղը դրեց» ոճի թեզեր։
Մոսկվայի նկատմամբ հրապարակային նման կտրուկ քայլերը՝ հայտարարությունները, թե ԵԱՏՄ-ն «կդադարի գոյություն ունենալ», հանրաքվեից հրաժարումը, կրեմլյան հաղորդագրություններում «հայկական կողմի նախաձեռնության» նկատմամբ ցուցադրական անտարբերությունը, ինքնիշխանության ներկայացման մի ձև է, որն ունի երկու լսարան։ Արևմտյան գործընկերներին այն ազդանշան է տալիս հավատարմության մասին։ Ներքին ընտրողին այն վաճառում է անկախ առաջնորդի կերպարը։
Այսպիսով Փաշինյանը միաժամանակ «սնուցում» է լեգիտիմության երկու աղբյուրի։ Տնտեսապես այս «թատրոնը» մեծ ռիսկեր է պարունակում Հայաստանի համար։ Բայց քաղաքական առումով այն աշխատում է։
Իսկ հիմա՝ գլխավոր հարցը։
Ինչո՞ւ է այս ներկայացումն անհնար Բաքվի հետ։ Որովհետև Բաքուն այդ ներկայացման հանդիսատեսը չէ։ Բաքուն դրա ռեժիսորն է։ Մոսկվայի առաջ կարելի է ինքնիշխանություն խաղալ, որովհետև դրա գինը տնտեսական է, հետաձգված և բաշխված բոլոր քաղաքացիների վրա։
Բաքվի առաջ խաղալ չի կարելի, որովհետև գինն անմիջական է և անձնական։ Խաղաղության գործընթացը, Վաշինգտոնի հռչակագիրը, TRIPP-ը՝ ամբողջ այն կառուցվածքը, որի վրա հենվում է Փաշինյանի ողջ լեգիտիմությունը, գոյություն ունի այնքան ժամանակ, քանի դեռ Ալիևը նրան ընկալում է որպես «ստորագրելու պատրաստ հայկական առաջնորդ»։
Այստեղից էլ մամուլի հաղորդագրությունների երկու տարբեր ոճերը։ Մոսկվայի հետ՝ մեկնաբանությունների պատերազմ։ Բաքվի հետ՝ ուրիշի տեքստի ընդունում՝ առանց որևէ ուղղման։
Իշխանամետ քարոզչամեքենան տարիներ շարունակ մեզ առաջարկել է ինքնիշխանությունը չափել մամուլի հաղորդագրություններով, հրապարակային փոխհրաձգություններով և Պուտինին ուղղված կոշտ նախադասություններով։
Ահա Փաշինյանը հակադարձում է Կրեմլին։ Ուրեմն Հայաստանը դարձել է ինքնիշխան։ Սակայն եթե ընդունում ենք այս չափանիշը, ապա այն պետք է աշխատի ոչ միայն Մոսկվայի, այլև Բաքվի ուղղությամբ։ Եթե Մոսկվային հակադրվող ինքնուրույն հաղորդագրությունը պետական ինքնիշխանության ձեռքբերում է, ապա ի՞նչ է Բաքվի հետ բառացիորեն նույնական հաղորդագրությունը։
Ի՞նչ է «Փաշինյանը զանգահարել է Ալիևին» ձևակերպման ընդունումը, երբ Երևանն այդպիսի լեզու գրեթե ոչ մի այլ մայրաքաղաքի վերաբերյալ չի օգտագործում։ Եվ վերջապես՝ ի՞նչ է նշանակում այն փաստը, որ Մոսկվայի հետ Հայաստանը պաշտպանում է իրադարձությունները սեփական անունից նկարագրելու իրավունքը, իսկ Բաքվի հետ հրաժարվում է անգամ դրանից։
Հարցերը հռետորական են, պատասխանն՝ ակնհայտ։
Տեխնիկապես մենք չգիտենք, թե որ գրասենյակում է գրվել օգոստոսի 8-ի հաղորդագրությունը։ Քաղաքականապես դա արդեն երկրորդական է։ Որովհետև անկախ պետության համար նվաստացուցիչը միայն ուրիշի գրած տեքստը հրապարակելը չէ։ Ավելի վտանգավոր է, երբ պետությունն այլևս չի զգում սեփական տեքստն ունենալու անհրաժեշտությունը։


