Լևոն Զարգարյան. Քաղաքականության վարկաբեկում
Նիկոլ Փաշինյանի վերջին օրերի վարքագիծը՝ քաղաքացիների հետ սուր բանավեճերը, անձնական վիրավորանքներն ու «թալանչի անասուններ», «համբալ», «կզացնելու ենք» արտահայտությունները, ներքին լարվածության, հոգեկան անկայունության կամ իշխանության կորստի վտանգի արդյունքում ձևավորված վիճակի դրսևորում է միայն առաջին հայացքից։ Գլխավոր նպատակը ոչ էլ իր ընտրազանգվածի վրա աշխատանքն է, որին նման հռետորաբանությունը հաճելի է։
Նման վարքագիծը՝ ակնհայտորեն տասնյակ տեսանյութերում կրկնվող միևնույն օրինաչափությամբ, չի կարող լինել պարզապես նյարդերի կորստի արդյունք։ Այն կրում է համակարգային բնույթ և ունի որոշակի քաղաքական հաշվարկ։
Ավելի խորը պատկերը տեսնելու համար անհրաժեշտ է հիշել քաղաքագիտության դասական դիտարկումն առ այն, որ զանգվածային քաղաքական մոբիլիզացիան (առողջ թե հիվանդ) հազվադեպ է հենվում սիրո վրա. այն, որպես կանոն, հենվում է ատելության վրա։ Ամերիկացի սոցիալական փիլիսոփա Էրիկ Հոֆերն իր «The True Believer» աշխատությունում դա այսպես է ձևակերպել. «Մասսայական շարժումները կարող են հաջողել առանց Աստծո, բայց երբեք՝ առանց սատանայի» (հիշենք, թե ինչից սկսվեց 2018թ․ շարժումը)։ Նույն թեմայի շուրջ Չեխովն ասում էր. «դժվար է գտնել այնքան ուժեղ զգացմունք, որքան ընդհանուր ատելությունը, և դա մարդկանց համախմբման ամենահեշտ ճանապարհն է»։ Քաղաքական խոսույթը, որը կառուցված է ատելության վրա, օգտագործում է մարդկային հոգեբանության ամենանուրբ լարը։ Իսկ ատելության թիրախն ընտրվում է ոչ թե այն հիմքով, թե ով է նա իրականում, այլ թե որքանով է նա հարմար որպես «վախի աղբյուր»։
Փաշինյանի ողջ քարոզարշավը հիմնված է ոչ թե սեփական գործողությունների և պլանների քննարկման, այլ ընդդիմադիր գործիչների՝ Ռ․Քոչարյանի, Ս․Կարապետյանի և Գ․Ծառուկյանի (երբեմն նաև՝ Ս․Սարգսյանի և Լ.Տեր-Պետրոսյանի) քննադատության և նրանց միջոցով հանրության ահաբեկման վրա։ Անկախ այն հանգամանքից, թե այս մարդկանց իրական կենսագրություններն ինչքանով են խնդրահարույց (իսկ շատերի համար, անկասկած, խնդրահարույց են), Փաշինյանի համար նրանք պետք են ոչ թե որպես պատասխանատվության ենթարկվող կասկածյալներ (դրա համար նա ուներ 8 տարի), այլ որպես «սատանաներ», որոնցով կարելի է վախեցնել ընտրողին։
Բայց ատելության գեներացումը, ինչպես նշվեց, նպատակներից միայն մեկն է։ Երկրորդ (և գուցե ավելի կարևոր) նպատակն ընտրողների որոշակի շերտի համար ընտրությունների՝ որպես ինստիտուտի վարկաբեկումն է։ Հենց սրան են միտված Փաշինյանի վերջին օրերի փողոցային ելույթները, գռեհիկ լեզուն և սպառնալիքները, հատկապես՝ Երևանի տարբեր թաղամասերում տեղի ունեցող դրվագները, և սա պատահականություն չէ։
Երբ քաղաքացին տեսնում է, թե ինչպես է երկրի վարչապետը հրապարակավ բղավում «ինչի՞ եք կենդանի», «գնայիր զոհվեիր», «ռադդ քաշիր», ընտրազանգվածի որոշակի շերտում ձևավորվում է ոչ թե հակակրանք կոնկրետ տվյալ գործչի, այլ ողջ քարոզարշավի և ընտրությունների գործընթացի նկատմամբ։ Արամ Աբրահամյանն իր հոդվածում սա շատ դիպուկ նկարագրել է որպես «վարկաբեկում ասոցիացիայի միջոցով». երբ ինչ-որ տհաճ, գռեհիկ կամ նվաստացնող պատկեր կապվում է որևէ ինստիտուտի կամ գործընթացի հետ, բացասական զգացողությունը տարածվում է ողջ ինստիտուտի վրա։
Փաշինյանի նման գործելաոճի թիրախը ո՛չ իր ակտիվ ընտրազանգվածն է, ո՛չ էլ ընդդիմության «կոշտ կորիզը»․ այս մարդիկ, անկախ ամեն ինչից, մասնակցելու են ընտրություններին։ Թիրախը միջանկյալ շերտն է՝ քաղաքային կրթված և ինտելեկտուալ մարդիկ, որոնք քաղաքականության նկատմամբ զգոն վերաբերմունք ունեն, և որոնք գիտակցաբար կարող են որոշում կայացնել՝ չգնալ ընտրատեղամաս։ Այս շերտը հիմնականում բնակվում է Երևանում։ Եվ իշխանությունների հաղթանակի համար անհրաժեշտ է, որ նրանք հնարավորինս բոյկոտեն ընտրությունները (2023թ․ Երևանի ավագանու ընտրությունների սցենարով)։ Հենց դրա համար է Փաշինյանը Երևանի հանդիպումների ելույթներում հատկապես գռեհիկ և ստորացուցիչ արտահայտություններ օգտագործում։
Վերոգրյալում համոզվելու համար բավական է ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ մարզերում վարվող քարոզչության շրջանակներում Փաշինյանը վարկաբեկման փոխարեն օգտագործում է բոլորովին այլ գործիքակազմ՝ հրապարակային վիճաբանությունների փոխարեն դպրոցների ուսուցիչների և աշակերտների, համայնքային կառույցների աշխատակիցների «կամավոր» մասնակցություն իշխանական քարոզարշավին։
Մի կարևոր դիտարկում Երևանի կրթված, ինտելեկտուալ, սոցիալապես կայացած խավին՝ ֆրանսիացի սոցիոլոգ Պիեր Բուրդյոն իր «Distinction» աշխատությունում ձևակերպել է այսպիսի մի թեզ. ժամանակակից հասարակություններում դասային-մշակութային սահմանազատումը հաճախ իրականացվում է ոչ թե սպառման, այլ ցուցադրական ոչ-սպառման միջոցով։ Մեկը պարծենում է, որ չի դիտում հեռուստացույց, մյուսը՝ որ չի լսում փոփ երաժշտություն, երրորդը՝ որ չի կարդում թերթ։ Այսպիսի ոչ-սպառումը մարկեր է, ինքնահռչակվող բարձր դիրքի ցուցադրումը։ Հայաստանում, ընտրությունների համատեքստում, նմանատիպ մարկեր է դարձել քաղաքական ապատիան՝ «Ես քաղաքականությամբ չեմ զբաղվում», «Քաղաքականությունը նողկալի է», «Բոլորն էլ նույնն են» և նմանատիպ այլ հիմնավորումներով։ Քաղաքացին կարծում է, որ այս կերպ արտահայտում է մտքի և գիտակցության որոշակի բարձր մակարդակ. իրականում նա արտահայտում է հենց այն տրամադրությունը, որի վրա հաշվարկված է իշխանության ստրատեգիան։
Բուրդյոյի դիտարկման ողջ կենսունակությունն այստեղ դառնում է ակնհայտ՝ ցույց տալով, որ «վերևում գտնվելու» այս նարատիվը կեղծ է։ Իրականում «քաղաքականությամբ չզբաղվող» և քվեարկությանը չմասնակցող մարդը ոչ թե բարձր է գտնվում այս ամենից, այլ պարզապես իր սեփական ճակատագիրը փոխանցում է ուրիշների ձեռքը։ Բարձր է գտնվում ոչ թե նա, ով «վերևից է նայում» քաղաքական գործընթացներին, այլ նա, ով պատասխանատվություն վերցնում է իր, իր ընտանիքի և պետության ապագայի համար։
Ուշագրավ է, որ անկախ Հայաստանի ողջ պատմության ընթացքում ընտրությունների միջոցով իշխանափոխություն տեղի չի ունեցել։ Եվ սրա պատճառներից մեկն էլ այն է, որ յուրաքանչյուր իշխանություն կառուցել է իր մոբիլիզացիան վախի և ատելության շուրջ, և յուրաքանչյուր անգամ քաղաքացիների որոշակի կրթված մաս դա մերժել է, դուրս է մնացել գործընթացից, ինչի շնորհիվ էլ իշխանությունն ստացել է իր անհրաժեշտ ձայների տոկոսը՝ արհեստականորեն ուռճացված ցուցանիշներով։
Փաշինյանն այս ամենը գերազանց հասկանում է։ Երբ ընտրողը կարծում է, որ քաղաքականությունը «կեղտոտ խաղ» է և որոշում է «չմասնակցել, որպեսզի չաղտոտվի», իշխանությունը հաղթում է երկու անգամ. առաջին դեպքում՝ ձայների հաշվարկում, իսկ երկրորդ դեպքում՝ ընտրությունների ինստիտուտի վերջնական վարկաբեկմամբ։
Հետևաբար Փաշինյանի նման գռեհիկ պահվածքը ոչ թե նյարդերի կորստի դրսևորում է, այլ հաշվարկված «ուղերձ» այն ընտրողներին, որոնցից նա շատ է վախենում, և որոնք, հույս ունի, քվեարկության օրը կմնան տանը։ Հիվանդագին լարվածությունը սպառնալիք-ուղերձների մատուցման ձև է, ոչ թե բովանդակություն։ Այս կարծիքի օգտին, ինչպես նշվեց, խոսում է այն հանգամանքը, որ վիրավորանքների ինտենսիվությունը հատկապես աճում է հենց մայրաքաղաքի թիրախային շրջաններում, որտեղ իշխող կուսակցության ընտրազանգվածն ամենաթույլն է։
Իշխանության հիմնական վախն ընտրողի՝ ոչ թե դեմ քվեարկելու, այլ ընդհանրապես քվեարկելու վախն է։ Իսկ ընտրողի, հատկապես կրթված և ինտելեկտուալ ընտրողի, իրական ուժի դրսևորումը ոչ թե ընտրությունների բոյկոտն է, այլ ընտրատեղամաս գնալը։
Հ․Գ․ մոտ մեկ ամիս առաջ կայացած Հունգարիայի խորհրդարանական ընտրություններում ընդդիմությունը հաղթանակ տարավ առաջին հերթին ընտրողների բարձր մասնակցության (80%) շնորհիվ։


