Միակ փրկությունը ստամոքսակենտրոն հայրենասիրության «կերպն» է. «ՉԻ»
«Չորրորդ Իշխանություն»-ը գրում է.
Երևանի կենտրոնում «ազատորեն զբոսնող» Նիկոլ Փաշինյանին մոտեցել էր մի երիտասարդ ու հայտարարել, որ նա իր արածների համար պատասխան է տալու, ու բնականաբար՝ անմիջապես էլ ձերբակալվել էր։ Փաստորեն Նիկոլ Փաշինյանը չի նեղվում, որ իրեն դավաճան են ասում (հենց ինքն է խոստովանել, որ վաղուց սովորել է դրան), բայց նեղվում է, երբ ասում են, որ դրա համար վաղ թե ուշ պատասխան է տալու։ Այսինքն՝ նրան մտահոգում է ոչ թե այն, թե ինչ աղետալի հետևանքներ է ունեցել իր դավաճանությունը պետության համար, այլ այն, թե ինչ հետևանքներ կթողնի դա անձամբ իր ապագայի վրա։
Այդ հարցը նրան, բնականաբար, վաղուց է մտահոգում, ու նա, մեծ հաշվով, իր ներքաղաքական և արտաքին քաղաքական գործունեության հիմնական մասը նվիրում է պատասխանատվությունից խուսափելու հնարներ փնտրելուն։ Եվ պատկերացրեք՝ ինչ-որ բաներ գտել է։ Դրա գաղափարական հիմքը «ստամոքսակենտրոն մտածողության» գերիշխանության հաստատումն է, որը, հասկանալի է, այլ փաթեթավորմամբ է ներկայացվում՝ որպես «հայրենասիրության կերպի փոփոխություն» կամ «հայ մարդու երջանկության մեխանիկան»։
Սրա իմաստն ընդհանուր առմամբ մոտավորապես հետևյալն է՝ մարդու երջանկությունը կուշտ փորով հաց ուտելն ու սիրել-սիրվելն է։ Բայց, իհարկե, որոշակի ազգային-հայրենասիրական երանգներով (օրինակ՝ կենացների ժամանակ Թումանյանից-բանից մեջբերումներ անելով, մեր պատմությամբ պարծենալով, և այլն, կարճ ասած՝ գավառական նշանդրեքի պատմության դասատու-թամադայի մտածողությամբ)։ Եթե հիշում եք՝ վարչապետ դառնալուց շատ չանցած նա մի ոտանավոր էր գրել, որտեղ նկարագրել էր, թե ինչ է իր համար Հայաստանը։ Եթե կարճ՝ Հայաստանը նրա համար մի երկիր էր, որտեղ լիքը խորոված անելու տեղեր կան, համով ուտելիքներ ու խմիչքներ կան, ու պետք է այդ ամենը վայելել զուռնա-դհոլով՝ չմոռանալով նաև «անցյալում կորած ծովերը»։ Պատերազմից հետո հայրենասիրության այս «կերպը» պետք էր ավելի ագրեսիվորեն քարոզել, որովհետև նա, մեծ հաշվով, խորտակել էր ամեն ինչ, բացի ժողովրդի՝ հետագայում կուշտ փորով հաց ուտելու հույսից, ու պետք էր ցույց տալ, որ երջանկության համար դրանից ավելին պետք էլ չէ։ Այստեղից էլ՝ տեսախցիկների առջև «քյալլա ճղելը», «պեռաշկի-շոուն», Հանրապետության հրապարակում շարված մանղալները, ագահաբար դուռում բզկտելը, անմիջապես ծառի ճյուղից կեռաս պռճոկելը, տիկնոջ՝ «հայ կնոջ երջանկության» մասին դատողությունները, և այլն։
Բանն այն է, որ այսպիսի ստամոքսակենտրոն արժեհամակարգով ապրող հասարակության համար ինքն արդեն այնքան էլ դավաճան չէ, իսկ փլուզված անվտանգության համակարգը, կորսված Արցախն ու հազարավոր զոհերն ընդամենը այն պարտադրված գինն է, որ պետք էր վճարել կուշտ փորով երջանկության հասնելու համար։ Մի խոսքով, «դե հիմա բան ա՝ պատահել ա, անցել-գնացել ա, ի՞նչ եք խորացել, էսօրվա օրո՛վ ապրեք, վայելե՛ք կյանքը»։ Անհետ կորածների ծնողների հետ հանդիպման ժամանակ, ի դեպ, նա հենց այդպես էլ ասել էր՝ «դե հիմա իմ պապն է՛լ ա անհետ կորել, հետո՞ ինչ»։
Այսպիսի արժեհամակարգը նրա համար իսկապես անվտանգության և «գնդակահարության պատից» խուսափելու ամենահուսալի երաշխիքն է, որովհետև գրպանային դատաիրավական համակարգը նրան կապահովագրի իրավական ճանապարհով պատասխանատվության ենթարկվելուց, ահռելի թիկնազորը կպաշտպանի «հայրենասիրության հին մոդելով առաջնորդվողների» վրեժխնդրությունից, իսկ ահա հասարակական համընդհանուր ցասման զոհ դառնալուց կարող է ապահովագրել միայն հասարակության արժեհամակարգը փոխելը։
Մարկ Նշանյան
Ամբողջական՝ սկզբնաղբյուրում: