ՄԻԵԴ-ը ստացել է հարցումներ 241 գերիների վերաբերյալ՝ 228 հայի և 13 ադրբեջանցու
Հունվարի 15-ին և փետրվարի 1-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ստացել է համապատասխանաբար «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» և «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» միջպետական գանգատները։
Ինչպես նշված է Եվրադատարանի հաղորդագրությունում, հայցվորները պնդում են 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկիզբ առած ռազմական գործողությունների ընթացքում Մարդու իրավունքների կոնվենցիայի լայնատարած խախտումների, այդ թվում՝ քաղաքացիական անձանց, ինչպես նաև քաղաքացիական և հանրային գույքի վրա հարձակումների, զինվորականների և քաղաքացիական անձանց մահապատիժների, խոշտանգումների և նրանց նկատմամբ վատ վերաբերմունքի, ռազմագերիներին չհանձնելու, մարտական գործողությունների շրջաններից քաղաքացիական բնակչության բռնի տեղահանման մասին։
Բացի այդ, Ադրբեջանը պնդում է նաև, թե Հայաստանը պատասխանատու է 1992 թվականից ի վեր Լեռնային Ղարաբաղում ու շրջապատող տարածքներում Կոնվենցիայի խախտումների, այդ թվում՝ հարյուր հազարավոր ադրբեջանցիների բռնի տեղահանման, ադրբեջանցիների անհետացման և նրանց նկատմամբ վատ վերաբերմունքի, մշակութային և կրոնական սեփականության ոչնչացման համար։
ՄԻԵԴ-ը հիշեցնում է, որ երկու պետությունները պատերազմի օրերին դատարանին էին դիմել նաև միջանկյալ միջոցներ կիրառելու համար։
Բացի այդ, Եվրադատարանը երկու երկրներից, ինչպես նաև ռազմագերիների հարազատներից դիմումներ է ստացել գերիների վերաբերյալ։ Մինչ այժմ ստացվել է 241 անձի վերաբերյալ դիմում, որոնցից 228-ը՝ հայեր, 13-ը՝ ադրբեջանցիներ։ ՄԻԵԴ-ը տեղեկատվություն է պահանջել այդ անձանց վերաբերյալ համապատասխան կառավարություններից։
Դատարանը նախ և առաջ ուսումնասիրելու է միջպետական գանգատները քննության ընդունելու հարցը, ասված է հաղորդագրությունում։ Որպես առաջին քայլ՝ ՄԻԵԴ-ը գանգատներն ստանալու մասին ծանուցել է պատասխանող կողմերին։
Նշենք, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում պահվող 4 հայ գերիների։
Նշենք նաև, որ 228 հայ գերիներից բացի, կան ենթադրյալ գերեվարման դեպքեր, որոնց քանակը հասնում է մի քան տասնյակի։