Միջազգային փաստաբանի հայտարարությունը. Քաղբանտարկյալ Ռուբեն Վարդանյանի առողջությունը վտանգված է

Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան Ջարեդ Գենսերի հայտարարությունը
«Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը մեկ շաբաթ առաջ դիմել է համարձակ քայլի՝ հացադուլ է հայտարարել ի նշան բողոքի Ադրբեջանում իր և մյուս հայ քաղբանտարկյալների նկատմամբ իրականացվող քաղաքական ցուցադրական դատավարության։
Վարդանյանի գործով «դատավարությունը» մեկնարկել է հունվարի 17-ին՝ մոտ 500 օր կամայական կալանքի տակ գտնվելուց հետո։ Նրան ոչ միայն սպառնում է ցմահ ազատազրկում քաղաքական դրդապատճառներով առաջադրված մեղադրանքների համար, այլև կոպտորեն խախտվել են նրա դատավարական իրավունքները:
Վարդանյանի դատավարությունը երեկ շարունակվել է՝ չնայած նրա առողջական վիճակի վատթարացմանը և դատավարությունը հետաձգելու բազմաթիվ միջնորդություններին։
Մասնավորապես, Ռուբենի զարկերակային ճնշումը եղել է վտանգավոր աստիճանի բարձր՝ 140/110, ինչը դասակարգվում է որպես «2-րդ ստադիայի» արյան բարձր ճնշում և պահանջում է բժշկական օգնություն։ Այս ընթացքում ունեցել է վեց կիլոգրամ քաշի կորուստ։
Նրա զարկերակը նորմայից զգալիորեն բարձր է եղել: Նա հյուծված տեսք է ունեցել ու մի քանի անգամ ուշագնացության եզրին է եղել։
Չնայած առողջական լուրջ խնդիրներին, նրան, այնուամենայնիվ, ստիպել են կանգնել Բաքվի ռազմական դատարանի դատական կոլեգիայի առջև և մասնակցել նիստին, որը գաղտնի և դռնփակ է եղել: Հաշվի առնելով Ռուբենի առողջական վիճակը՝ պաշտպանական կողմը նախնական միջնորդություն է ներկայացրել՝ նիստը հետաձգելու մասին, իսկ դատական կոլեգիան ընդմիջում է հայտարարել՝ պետության նշանակած բժշկի կողմից բուժզննում անցնելու համար։ Այդ բժիշկը, սակայն, իր դիտարկումները հայտնել է դատարանին միայն մասնավոր կերպով, այլ ոչ թե պաշտոնապես լսումների ժամանակ, ինչն էլ լուրջ հարցեր է առաջացրել եզրակացությունների իրական լինելու վերաբերյալ: Դատական կազմը մերժել է դատավարությունը հետաձգելու առաջին միջնորդությունը, ինչպես նաև ևս չորսը՝ տարբեր պարբերականությամբ՝ պնդելով, թե Ռուբենի համար անվտանգ է մասնակցությունը նիստին, քանի որ նա նստած է։
Նելսոն Մանդելայի կանոնների 27-րդ կետի համաձայն՝ «կալանքի [բոլոր] վայրերը հրատապ դեպքերում պետք է ապահովեն բժշկական օգնության արագ հասանելիություն»։ Պարտադրել Ռուբենին մասնակցել այս դատավարությանը, երբ նրա առողջությանը և անվտանգությանը լրջագույն վտանգ է սպառնում, նվազագույնը դաժան, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք է կամ պատիժ:
Ես կոչ եմ անում միջազգային բոլոր կազմակերպություններին, որոնք հասանելիություն ունեն Ադրբեջանի բանտարկյալներն, դիմել թույլտվություն ստանալու՝ Ռուբենին այցելելու համար: Բացի դրանից, խնդրում եմ անկախ դատական փորձագետներին հետևել Ռուբենի «դատավարությանը»՝ համոզվելու համար որ նրա իրավունքները լսումների ընթացքում հետայսու ևս չեն ոտնահարվի:
«Ես կոչ եմ անում Ադրբեջանի կառավարությանը՝ թույլ տալ մեր միջազգային թիմի բժշկին այցելելու նրան, անհապաղ կերպով ապահովելու անհրաժեշտ բժշկական օգնությամբ, ներառյալ նրա առողջական վիճակի մոնիտորինգը, որի կարիքը նա ունի, ինչպես նաև հետաձգել դատավարությունը մինչև հացադուլի դադարեցումը:
Ես նաև կոչ եմ անում աշխարհի առաջնորդներին, հատկապես Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, դատապարտել այս ցուցադրական դատավարությունը, այն որակել որպես քաղաքական և ապօրինի»:
***
Բաքվի բանտում քաղաքական որոշմամբ պահվող Ռուբեն Վարդանյանը խոշտանգվել է: Դրա մասին են վկայում հենց լուսանկարները:
«Չսպասեցի լուսանա, միջազգային իմ գործընկերներին նամակներ եմ ուղարկում՝ տեղեկացնելով, որ Արցախի նախկին պետնախարար Ռւբեն Վարդնայանը
խոշտանգվել է Բաքվի բանտում:
Տեքստին կցված լուսանկարներում ակնհայտ են վնասվածքները: Նրա դեմքի վրա բռնության հետքեր են երևում և կապտուկներ:
Խնդրել եմ միջզգային դերակատարներին և նրանց ներկայացուցիչներին, որ դատապարտեն այս անմարդկային վերաբերմունքը, նպաստեն Բաքվում ընթացող քաղաքական դատավարության ավարտին և պահանջեն հայ գերիների վերադարձը:
✔️Սա միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտւմ է,
✔️Ռուբեն Վարդանյանը գտնվում է Ադրբեջանի ամբողջական վերահսկողության, հոգածության և պատասխանատվության ներքո
✔️Նա չունի այլընտրանք՝ պաշտպանելու իր իրավունքները:
Անթուլատրելի է, պատժելի է, դատապարտելի են անազատության մեջ գտնվողի նկատմամբ ֆիզիկական բռնության նման դրսևորումները:
Այս դեպքը չպետք է դառնա ուղղակի միջադեպի արձանագրում, նա խոշտանգվել հայ լինելու և իր իրավունքները պաշտպանելու համար»:
ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի ապօրինաբար լիազորությունները դադարեցված նախագահ, ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյան
***
«Ռուբեն Վարդանյանը և մեր մյուս բոլոր պատանդներն ու գերիները արհեստական ադրբեջանական դատավարություններով դաժանաբար խոշտանգվում են` ադրբեջանական իշխանության վրեժխնդրության, քաղաքական խնդիներ լուծելու և հայ ժողովրդի արժանապատվության հաշվին ինքնահաստատվելու, մեր ազգային գիտակցությունը նսեմացնելու, մեր մեջ լարվածությունն ու պառակտումը խորացնելու նպատակով:
Այդ «դատավարություններն» ադրբեջանական իշխանությանն անհրաժեշտ են իր քաղաքական կեղծ թեզերն օրինականցնելու, Արցախում էթնիկ զտումներից մաքրվելու, Հայաստանի նկատմամբ ագրեսիայի հիմքեր ստեղծելու համար:
Ռուբեն Վարդանյանը, Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը, Դավիթ Իշխանյանը, Լևոն Մնացականյանը, Դավիթ Բաբայանը, Դավիթ Մանուկյանը, Արայիկ Հարությունյանը, մեր մյուս հայրենակիցները պետք է անհապաղ ազատ արձակվեն, նրանց նկատմամբ անազատության մեջ պահելու յուրաքանչյուր րոպեն ու ժամը ծանր հանցանք գործել է:
Մենք նույնպես միջազգային կառույցներին, հանրությանը թիրախային հերթական դիմումները կուղարկենք` անհրաժեշտ հիմնավորումներով»:
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը 2016-2022 թթ., ներկայումս Թաթոյան հիմնադրամի հիմնադիր տնօրեն Արման Թաթոյան
***
Ռուբեն Վարդանյանի որդին պայքարի կոչ է անում։
Բաքվում ապօրինի պատանդառված Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի որդին՝ Դավիթ Վարդանյանը, կոչ է անում պայքարել տեղի ունեցող ցուցադրական դատավարությունների դեմ՝ ընդդեմ իր հոր և մնացած հայրենակիցների ազատության համար։