Նիկոլ Փաշինյանի ազգականի նկատմամբ քրեական գործ է հարուցվել
Այսօր լրագրողները ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանից ցանկացան մանրամասներ իմանալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ երեկ արած հայտարարության մասին, որում նշել էր, թե ցուցում է տվել՝ իր մերձավոր ազգականի վերաբերյալ քրգործ հարուցելու:
«Նախաքննություն է իրականացվում: Այս պահին չեմ կարող շատ մանրամասներ հայտնել: Քրեական գործը հարուցվել է երեկ, հոդվածը՝ կեղծ փաստաթղթերի օգտագործում»,- ասաց նա:
Վանեցյանը հայտնեց, որ քրգործի վարույթը գլխավոր դատախազությունը փոխանցել է Քննչական կոմիտե:
Հիշեցնենք, որ երեկ վարչապետը գրել էր, որ իր անմիջական ցուցումով քրեական գործ է հարուցվել իր մի մերձավոր ազգականի թույլ տված ենթադրյալ չարաշահման փաստի առիթով: Իսկ այսօր արդեն գրել է, որ ցուցում է տվել ստացված օպերատիվ տեղեկությանը օրենքով նախատեսված ընթացք տալու մասին, ինչի արդյունքում հարուցվել է քրգործ: