Նիկոլ Փաշինյանին պատասխանում է Նիկոլ Փաշինյանը
Ինչ վերաբերում է ՀՀ առաջին նախագահին արեւմտամետ կամ ռուսամետ որակելու բոլոր փորձերին, դրանք, անշուշտ, ծիծաղելի են։ 1990 թվականին իշխանության գալով Տեր-Պետրոսյանը Հարավային Կովկասի միակ ղեկավարն էր, որ ի սկզբանե արձանագրեց եւ հասկացավ հակառուսական քաղաքականություն վարելը զուրկ է որեւէ իմաստից եւ նպատակից։ Արդյունքում՝ հակառուսական դիրքորոշումներ ունեցող Վրաստանն ու Ադրբեջանը տուժեցին, իսկ Ռուսաստանի նկատմամբ բարեկամական տրամադրված Հայաստանը շահեց։ Ընդ որում, այդ ընթացքում ոչ ոք Հայաստանը ռուսական ֆորպոստ չէր համարում։ Ընդհակառակը, հայկական պետականությանը մեծագույն հարգանքով էին վերաբերվում հենց Ռուսաստանում։ Նաեւ ԱՄՆ-ում եւ Եւրոպայում։
------------------------------------------------
«Հայկական ժամանակ» օրաթերթ, 03.09.2008 թ.։
* * *
Իշխանական բայղուշները ժամանակ առ ժամանակ հանդես են գալիս «խիստ հավաստի» բայղուշագրություններով, թե ահա՝ հաստատ, «հարիր տոկոսով»՝ ՀՀ առաջին նախագահ, Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը ակտիվ քաղաքականությունից հեռանալու որոշում է կայացրել։ Նման կանխատեսումներ հնչել են 2008թ. մարտի 1-ից անմիջապես հետո, 2008-ի ամռանը, 2008-ի աշնանը, 2009-ի ձմռանը, 2009-ի ամռանը եւ ահա՝ 2009-ի աշնանը։ Կանխատեսումների ինտենսիվությունը, ահա, գալիս է վկայելու, որ սա իշխանությանը ամենաշատ հուզող թեմաներից մեկն է։ Սերժ Սարգսյանը, անշուշտ, ՀՀ առաջին նախագահի ստվերից անգամ հոգեխանգարմունքի մեջ է ընկնում։ Հասկանալի է, որ շատ ավելի դաժան է գիտակցելը, որ Տեր-Պետրոսյանը միասնական ընդդիմության առաջնորդ է, դիտարկվում է որպես գործող իշխանության իրական այլընտրանք, եւ այս ընկալումը գերակա է ոչ միայն Հայաստանի ներսում, այլեւ միջազգային հանրության շրջանում։ Այս է պատճառը, որ չնայած Հայաստանի ԱԳ նախարարության տիտանական ջանքերին՝ միջազգային պատվիրակությունների գերակշռող մասը հայաստանյան այցելությունների օրակարգում պարտադիր կետ է ներառում՝ Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչների հետ հանդիպման մասին։ Սրանով, սակայն, ՀՀ առաջին նախագահի՝ իշխանություններին պատճառած «հոգեխանգարմունքը» չի սահմանափակվում։ Վերջին տասը տարիների ընթացքում իշխանություններն ընդդիմությանը ամենաանհավանական մանիպուլյացիաների են ենթարկել, եւ դա եղել է ավազակապետության գոյատեւման հիմնական գաղտնիքներից մեկը։ Հայ ազգային կոնգրեսի ձեւավորումից ի վեր՝ իշխանությունը այս ոլորտում անհաղթահարելի դժվարությունների է հանդիպել, եւ բոլոր նախանշանները կան պնդելու, որ հայտնվել է տեղապտույտի վիճակում։ Եւ սա, աներկբա, քաղաքական դաշտում Լեւոն Տեր-Պետրոսյանի ակտիվ ներկայության արդյունքն է։ Կարճ ասած՝ իշխանությունը բոլոր հիմքերն ունի ոչ թե ցանկանալու, այլ երազելու Լեւոն Տեր-Պետրոսյանի հեռացումը ակտիվ քաղաքական գործունեությունից։ Եւ ահա, այս կենսական երազանքը իշխանական բայղուշները ժամանակ առ ժամանակ ներկայացնում են որպես հավաստի իրողություն։ Զարմանալին այն է, սակայն, որ նույնիսկ ընդդիմադիր դաշտում գտնվում են մարդիկ, ովքեր կուլ են տալիս այս խայծը։ Մինչդեռ Տեր-Պետրոսյանի ելույթներին հետեւած ամեն մարդ միայն կխնդա վերը հիշատակված բայղուշությունների առիթով։ ՀՀ առաջին նախագահը մի քանի ելույթներում հստակ արձանագրել է, որ տեսանելի ապագայում չի պատրաստվում հեռանալ ակտիվ քաղաքականությունից։ Իհարկե, խոսքի իր ոճին ու արվեստին հավատարիմ՝ նա մի փոքր քողարկված է այդ մասին խոսել, բայց ուղիղ խոսքը, ինչպես հայտնի է, երբեմն արժեզրկում է ասելիքը։ Եւ ուրեմն՝ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետագա քաղաքական ծրագրերը հասկանալու համար պետք է ուշադրություն դարձնել հունիսին տեղի ունեցած հանրահավաքներից մեկում նրա ունեցած այն ելույթին, որտեղ հիշատակվում է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Միտերանի օրինակը, որը սոցիալիստական շարժման ալիքի վրա քաղաքական գործունեություն սկսելով՝ մի քանի անգամ անընդմեջ պարտվեց նախագահական ընտրություններում, բայց ի վերջո երկու ժամկետով անընդմեջ (14 տարի) նախագահեց Ֆրանսիայում։ Տեր-Պետրոսյանը պատահական խոսքեր չի ասում, եւ նրա այդ հիշեցումը ընդամենը մի բան է նշանակում. ինքն ակտիվ քաղաքականությունից չի հեռանալու, քանի դեռ ակտիվ քաղաքականությունից չի հեռացրել Սերժ Սարգսյանին եւ Ռոբերտ Քոչարյանին։ Իհարկե, հեռացման նրա մեթոդաբանությունը կարող է շատերին դուր չգալ։ Բայց մեր դժգոհ համախոհներին ուզում եմ մի բան ասել. առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասիաթ ունի. ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս։
-------------------------------------------------
«Հայկական ժամանակ» օրաթերթ, 07.11.2009 թ.։
* * *
Լեւոն Տեր-Պետրոսյանը ռեալ քաղաքականության, պրագմատիզմի հետեւորդ է, եւ քաղաքական, պետական հարցերում հիմնվում է այն իրողությունների վրա, որ տվյալ պահին գոյություն ունեն։ Ոչ թե այն իրողությունների վրա, որ մենք ուզում ենք, որ գոյություն ունենան, կամ էլ՝ տեսականորեն, ենթադրաբար կարող են գոյություն ունենալ, այլ գոյություն ունեն այսօր, այս պահին՝ ժամանակակից բառապաշարով ասած՝ ռեալ ժամանակի մեջ։ Ելնելով այսօր գոյություն ունեցող իրողություններից՝ առաջին նախագահը, թե՛ պաշտոնավարման տարիներին եւ թե՛ այսօր, հիմնվում է այն փաստի վրա, որ մենք նորանկախ, դեռեւս թույլ ու շատ խոցելի պետություն ենք, պետություն, որի գոյությունը որեւէ կերպ երաշխավորված համարել չի կարելի՝ երկարաժամկետ կտրվածքով։ Ըստ այդմ, անգամ որոշակի հաջողությունների դեպքում մենք չպետք է չափից ավելի ոգեւորվենք եւ մեր մտապատկերում պետք է պահենք ոչ թե այն, ինչ կարող ենք ունենալ, այլ այն, ինչ արդեն ունենք։ Ավելին ունենալու մղումը հաճախ հանգեցնում է եղածը կորցնելու տխուր իրականությանը, եթե այդ մղումը հիմնված չէ իրատեսական հաշվարկի վրա։
-------------------------------------------------
«Հայկական ժամանակ» օրաթերթ, 17.11.2009 թ.։