«  Նոյեմբեր 2023  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Яндекс.Метрика

Ուինսթոն Չերչիլի հայտնի ճառը

Ուինսթոն Չերչիլի հայտնի ճառը

1946 թվականի մարտի 5-ին, Ուինսթոն Չերչիլը արտասանեց իր թերևս ամենահայտնի ճառը։

ԱՄՆ-ի նախագահ Հարրի Թրումենի հրավերով ԱՄՆ Միսսուրի նահանգի Ֆուլտոն քաղաքի Վեստմինստերյան քոլեջում Ուինսթոն Չերչիլն իր «Խաղաղության ուժը» ելույթով ցնցեց ողջ աշխարհը: Այս ելույթն առավել հայտնի է «Երկաթյա վարագույր» անվամբ: Թեև 1945 թվականի ընտրությունների ժամանակ Չերչիլը պարտություն էր կրել և այլևս չէր զբաղեցնում Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը և ընդամենը խորհրդարանական ընդդիմության առաջնորդն էր՝ նրա խոսքերը մեծ կշիռ ունեին և խորապես կարող էին ազդել աշխարհաքաղաքական հետագա իրադարձությունների և դրանց կարգավորման ընթացքի վրա:

«Ինձ խնդրել են պարզապես տասը բառ ասել, բայց չեն ասել, թե ինչի մասին։ Ես կասեմ այն, ինչ անցավ հիմա մտքովս. մեծագույն հաճույք եմ ստանում Մայամի Բիչի գորովալից արևոտ օրերից»,- այսպես համեստորեն նա գնահատեց իր մտադրությունները լրագրողի հետ զրույցում։

Եվ ընդհանրապես ճառի նախաձեռնողը ամենևին էլ Չերչիլը չէր, այլ Ֆուլտոնի այն ժամանակ դեռ գավառական Վեստմինստերյան քոլեջի ղեկավար, պրոֆեսոր Մակքլուերը։ Վերջինս իր հաստատության համար միջոցների հայթայթման ընթացքում զբաղվում էր նրանով, ինչը ներկայումս անվանում են փիառ (PR)։

Բանն այն է, որ քոլեջում դեռևս XIX դարից կար ձևավորված ավանդույթ՝ այդ փոքրիկ քաղաք հրապուրել որևէ նշանավոր մարդու, որ ուսանողների առջև ելույթ ունենա։ Դասախոսը, ըստ կանոնների, պիտի լիներ «միջազգային հեղինակություն վայելող մարդ, որն ինքը կընտրեր դասախոսության թեման և այն կկարդար քրիստոնեական հանդուրժողականության և բարյացակամության ոգով»։

Չերչիլին Մակքլուերը հրավիրել կարողացավ այն բանի շնորհիվ, որ իր համակուրսեցի գեներալ Հարի Վայնը նախագահ Տրումենի աշխատակազմում հասել էր խորհրդականի պաշտոնի։ Իսկ ԱՄՆ նախագահը ծնվել էր Ֆուլտոնից ոչ հեռու։ Նա ոչ միայն անհրաժեշտ համարեց խնդրել Չերչիլին ելույթ ունենալ, այլև որոշեց ուղեկցել բարձրաստիճան հյուրին։

Գնացքում Տրումենն ու Չերչիլը պոկեր էին խաղում։ Բրիտանիայի նախկին վարչապետը գովաբանում էր Ամերիկան, բայց այդուհանդերձ նկատեց. «Ես չեմ ընդունում ձեր որոշ սովորություններ, մասնավորապես՝ այն, որ դուք քիչ եք խմում ընթրիքի ժամանակ»։ Ճանապարհին Չերչիլը հերթական անգամ ուղղումներ մտցրեց ճառի տեքստում և անվանեց այն The Sinews of Peace։ Դա կարելի է թարգմանել որպես «Խաղաղության մկաններ»։

Ելույթի նախորդ գիշերը ճառի պատճենները բաժանվեցին լրագրողներին։ Դրանցից մեկը Չերչիլը փոխանցեց Տրումենին, իսկ քիչ ավելի ուշ պատմեց. «Նախագահն ասաց ինձ, որ ճառը գերազանց է համարում։ Թեև այն իրարանցում կառաջացնի, բայց կհանգեցնի միայն դրական արդյունքների»։

Մարտի 5-ին Տրումենը, Չերչիլը և նրանց ուղեկցող անձինք գնացքով ժամանելով Միսսուրի նահանգի մայրաքաղաք՝ Ֆուլտոն ուղևորվեցին բաց մեքենաներով։ Քաղաք մտնելիս հյուրը կատակեց. «Ես չեմ կարող վառել սիգարս այս քամու տակ, և գիտեմ, որ բոլորը կհիասթափվեն»։

Ֆուլտոնը չհիասթափվեց Չերչիլից։ Մտնելով դահլիճ` Չերչիլը տեսավ հազարավոր մարդկանց: Դահլիճը լարված սպասում էր, բոլորը մեծ անհամբերությամբ ցանկանում էին լսել ժամանակի մեծագույն մարդուն: Համալսարանի դեկանը Չերչիլին ներկայացրեց որպես 20-րդ դարի աշխարհի ամենանշանակալից մարդու, մեծ անգլիացու: Ըստ նրա խոսքերի՝ Չերչիլն իր այս ելույթով պետք է ամփոփեր իր կյանքի ողջ ընթացքը, պետք է փոխանցեր իր մեծագույն փորձառությունը:

Դահլիճը թնդում էր չավարտվող ծափահարություններից: Չերչիլը, վեր կենալով, հանդարտ մոտեցավ ամբիոնին: Նա շատ լարված էր: Երկարատև ծափողջյուններից հետո սկսեց իր ճառը.

- ԵՐԲԵ′Ք, ԵՐԲԵ′Ք, ԵՐԲԵ′Ք, ԵՐԲԵ′Ք, ԵՐԲԵ′Ք ՄԻ ՀԱՆՁՆՎԵՔ…

«Ստվերն է պատել բեմը, որը դեռ վերջերս լուսավորված էր Ալյանսի հաղթանակով։ Ոչ ոք չգիտի, թե ինչ են մտադիր անել մոտ ապագայում Խորհրդային Ռուսաստանն ու նրա միջազգային կոմունիստական կազմակերպությունը, և ինչ-որ սահմաններ ունի՞ արդյոք այդ էքսպանսիան...

Այն ամենից, ինչին ես ականատես եմ եղել պատերազմի ժամանակ մեր ռուս բարեկամների և դաշնակիցների պահվածքում, համակվել եմ համոզմունքով, որ նրանք ոչ մի բան այնքան չեն մեծարում, որքան ուժը, և ոչ մի բանի հանդեպ այնպիսի քամահրանք չեն տածում, որքան ռազմական թուլության։ Այդ պատճառով էլ ուժերի հավասարակշռության նախկին հայեցակարգը ներկայումս պիտանի չէ։ Մենք չենք կարող թույլ տալ մեզ գործել փոքր գերակշռության դիրքերից, ինչը ուժերի փորձարկմամբ զբաղվելու գայթակղություն է առաջացնում։ 

Եթե արևմտյան դեմոկրատիաները միահամուռ լինեն ՄԱԿ-ի Կանոնադրության սկզբունքներին իրենց անսասան հավատարմությամբ, ապա նրանց ազդեցությունն այդ սկզբունքների զարգացման վրա ահռելի կլինի. դժվար թե որևէ մեկը կարողանա դրանք սասանել։ Եթե, սակայն, նրանք մասնատվեն կամ չկարողանան կատարել իրենց պարտքը և եթե բաց թողնեն այս վճռորոշ տարիները, այդժամ մեզ իսկապես աղետ է սպասում»։

Այդպես «երկաթե վարագույր» արտահայտության հեղինակը ամերիկյան փոքր քաղաքում իր ճառով սկիզբ դրեց պատմական դարաշրջանին, որն ավելի ուշ անվանեցին «սառը պատերազմ»։

Եվ ռազմական թուլության նկատմամբ հարգանք չտածող ռուսների առումով Չերչիլն իրավացի էր։ Հետագա կյանքում էլ նա դեռ բազմաթիվ պատասխան քայլեր կտեսնի նրանց կողմից, որոնց դեմ կոչ էր անում լուրջ գերակշռություն պահպանել ռազմական և այլ առումներով։

1957 թվականի հոկտեմբերի 4-ին Խորհրդային Միությունում մերձերկրյա ուղեծիր արձակվեց 58 սանտիմետր տրամագծով և 80 կիլոգրամ քաշով գնդիկ։ Այն անվանեցին Երկրագնդի առաջին արհեստական արբանյակ։ Գնդիկը ռադիոազդանշաններ էր ուղարկում, դրանք կարելի էր լսել որոշակի հաճախականության վրա։ Արբանյակը կարելի էր նաև տեսնել՝ գիշերային երկնքում առկայծող փոքրիկ աստղիկի տեսքով։ Այդ ամենը «հրճվանք և արդարացի հպարտություն» էր առաջացնում խորհրդային մարդկանց շրջանում։

Միանգամայն այլ հույզեր էր ապրում Միացյալ Նահանգների ռազմական էլիտան։ Պենտագոնը շոկի մեջ էր։ Խորհրդային արբանյակի ի հայտ գալը ամերիկացիների համար դարձավ տագնապի ազդանշան. այժմ ԽՍՀՄ-ը կարող է միջուկային զենք դուրս բերել տիեզերական ուղեծրեր և գրոհել ցանկացած օբյեկտ՝ ցանկացած տարածքում։

Անհրաժեշտ էր շտապ գտնել համարժեք պատասխան։ Դրան ուղղվեցին լավագույն ուղեղներն ու ահռելի ֆինանսական միջոցներ։ Սառը պատերազմի ամենաթեժ պահն էր։