«  Հունիս 2023  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930

Яндекс.Метрика

Պարտություն, որը պլանավորվել էր դեռևս 2018-ի մայիսին. «ՉԻ»

Պարտություն, որը պլանավորվել էր դեռևս 2018-ի մայիսին. «ՉԻ»

«Չորրորդ Իշխանություն»-ը գրում է.

Որքան 44-օրյա պատերազմի հանգամանքների շուրջ հետահայաց «ռազբորկաները» թեժանում են, այնքան ավելի ու ավելի ակնհայտ է դառնում, որ Նիկոլ Փաշինյանն այնուամենայնիվ գիտակցաբար է երկիրը տարել պարտության։ Հատուկ շեշտում ենք՝ ոչ թե պատերազմի, այլ պարտության։ Որովհետև 2018-ի մայիսի (իր իշխանության գալու) դրությամբ իրավիճակն արդեն այնպիսին էր, որ մեծ հավանականությամբ՝ այսպես թե այնպես հնարավոր չէր լինելու խուսափել պատերազմից, բայց մի՛ բան է, երբ երկիրը պատրաստում ես պատերազմի՝ հաղթելու նպատակով, և բոլորովին այլ բան, երբ պարտություն ես պլանավորում։ Իսկ Նիկոլ Փաշինյանը, հիշեցնենք, ինքն է խոստովանել, որ իշխանությունը վերցնելու պահից արդեն գիտեր, որ նոր պատերազմից խուսափելու հավանականությունը չնչին է։ 

Ի՞նչ պիտի աներ այդ իրավիճակում երկրի ղեկավարը, եթե գիտեր, որ պատերազմն անխուսափելի է, և իր առջև խնդիր էր դրել հաղթել կամ գոնե չպարտվել այդ պատերազմում։ Հեծանիվ հորինելու կարիք չկա, քայլերը հայտնի են։

1․ Ամրապնդել բանակը և մեծացնել հասարակության վստահությունը բանակի նկատմամբ։
2․ Ամրապնդել պետական ինստիտուտները։
3․ Համախմբել հասարակությանը և առնվազն թուլացնել ներքին բաժանարար գծերը՝ «նույն նավում գտնվելու» տրամաբանությամբ։
4․ Բարելավել հարաբերությունները պատերազմի դեպքում պոտենցիալ դաշնակիցների հետ։
5․ Ակտիվացնել արտաքին հարաբերությունները համաշխարհային և տարածաշրջանային ուժային բևեռների հետ։

Իսկ ի՞նչ արեց Նիկոլ Փաշինյանը 2018-ի մայիսից 2020-ի սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում։ Փաստացի՝ ճիշտ հակառակը։

1․ Բանակն ամրապնդելու փոխարեն սկսեց «մայկա-տռուսիկի» ու «կլուբնիկի» հարցեր լուծել՝ այդպիսով համարյա ամբողջ բարձրաստիճան սպայակազմին ներկայացնելով որպես կոռումպացված հանցախումբ ու էապես նվազեցնելով հասարակության վստահությունը սպայակազմի նկատմամբ, իսկ զինվորներին՝ ներկայացնել որպես հանցավոր սպայակազմի զոհեր, որոնց իրավունքներն ամեն օր ոտնահարում են՝ ստիպելով ենթարկվել բանակային անիմաստ ու դաժան կարգուկանոնին։
2․ Ամրապնդելու փոխարեն սկսեց բառացիորեն կազմաքանդել պետական ինստիտուտները՝ համակարգը լցնելով «հեղափոխական ակտիվիստներով» (հիշեք հեղափոխությանը հաջորդած ամիսներին համացանցը հեղեղած լուսանկարներով, որտեղ անթրաշ, պատառոտված ջինսերով ջահելները «տժժում էին» կառավարության միջանցքներում ու նախարարական կաբինետներում)։
3․ Հասարակությանը համախմբելու փոխարեն ներդրվեց «սև ու սպիտակի» տրամաբանությունը, որտեղ «սևերն» ասֆալտին փռվելու և պատերին ծեփվելու ենթականերն էին, «սպիտակները»՝ փռողներն ու ծեփողները։ 
4․ Պատերազմի դեպքում պոտենցիալ դաշնակիցների կամ գոնե թշնամու ագրեսիան զսպելու ունակների հետ հարաբերությունները ոչ թե բարելավվում էին, այլ հետևողականորեն փչացվում՝ համարյա ծիսական կարգով ու «հեղափոխական ուռռաների» ներքո։
5․ Համաշխարհային և տարածաշրջանային ուժային բևեռների հետ հարաբերություններն ավելի բարձր մակարդակի հասցնելու փոխարեն ծիծաղելիության աստիճանի անլրջացվում էին (հիշեք, թե ովքեր նշանակվեցին դեսպաններ ԱՄՆ-ում և Ռուսաստանում, ինչ փնթի արտահայտություններ էին հնչեցվում Իրանի հասցեին, ինչպես էին ԱԺ ղեկավարները տեսախցիկների առջև ծաղրում չինական պատվաստանյութերը, և այլն)։ 

Կարո՞ղ էր արդյոք Նիկոլ Փաշինյանը չհասկանալ այս ամենը։ Չէր կարող։ Իսկ եթե մարդը գիտի, որ առջևում պատերազմ է, ու այդպես է վարվում, դա կարող է նշանակել միայն մի բան՝ նա ի սկզբանե պարտություն էր պլանավորել և ամեն ինչ արեց, որ այդ պլանն իրագործվի։ Պարզապես իրավիճակը վերահսկողությունից դուրս եկավ, և պարտությունը ստացվեց շատ ավելի ծանր, քան ինքը պլանավորել էր։

Իսկ թե ինչ էր պլանավորել (և առ այսօր շարունակում է իրականացնել) պարտությունից հետո՝ կներկայացնենք հաջորդիվ։

Մարկ Նշանյան

Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում: