«  Հուլիս 2020  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Яндекс.Метрика

Փաշինյան. Ադրբեջանը պետք է հրապարակայնորեն հրաժարվի ուժի կիրառումից

Փաշինյան. Ադրբեջանը պետք է հրապարակայնորեն հրաժարվի ուժի կիրառումից

Ադրբեջանի բոլոր հարձակումները վճռականորեն հետ մղվեցին եւ հայկական կողմը առավել քան ամրացրեց իր դիրքերը սահմանագծում, armtimes.com-ի փոխանցմամբ այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստի սկզբում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հարգելի՛ գործընկերներ, սիրելի՛ հայրենակիցներ, ինչպես գիտեք սույն թվականի հուլիսի 12-ին Ադրբեջանի կողմից հարձակում ձեռնարկվեց Տավուշի մարզի մեր սահմանապահ դիրքերի ուղղությամբ։ Հայաստանի Զինված ուժերը ոչ միայն հետ մղեցին հակառակորդի հարձակումները, այլեւ նրան պատճառեցին էական վնասներ։ Ադրբեջանական կողմը կրել է բազմաթիվ կորուստներ՝ այդ թվում սպառազինության եւ ռազմական տեխնիկայի՝ ներառյալ գերժամանակակից տեխնիկայի, ինչը հայկական ռազմական ուժի, մտքի եւ ռազմարդյունաբերական համալիրի ակնհայտ հաղթանակն է»,- ասաց վարչապետը։

Նա ընդգծեց՝ շատ ավելի ուժեղ էր հակառակորդին հասցված բարոյահոգեբանական հարվածը.

«Սահմանին տեղի ունեցած դեպքերի արդյունքում Ադրբեջանում ներքաղաքական անկայուն վիճակ է ստեղծվել, ինչն այդ երկրի ղեկավարությանը ստիպում է դիմել նորանոր սադրանքների՝ ներքին դժգոհության էներգիան Հայաստանի եւ Արցախի դեմ ուղղորդելու համար»։

Այս ամենի ֆոնին վարչապետը մի քանի  արձանագրումներ արեց.

«Նախ Ադրբեջանը հարձակվեց Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա։ Եվս մեկ անգամ պիտի ընդգծեմ, որ այն դիրքերը, որոնք դարձել են վերջին 2 շաբաթվա իրադարձությունների կիզակետ՝ գտնվում են Հայաստանի ինքնիշխան տարածքում եւ Հայաստանին ուղղված Ադրբեջանի մեղադրանքները իր դեմ ագրեսիայի վերաբերյալ՝ պարզապես անհեթեթ են։

Ադրբեջանը հարձակում գործեց այն ժամանակ, երբ Հայաստանը ներգրավված էր Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման խաղաղ գործընթացում եւ այն պայմաններում, երբ Ադրբեջանը հրաժարվում էր բանակցել հակամարտության հիմնական կողմի՝ Արցախի հետ։

Ադրբեջանի բոլոր հարձակումները վճռականորեն հետ մղվեցին եւ հայկական կողմը առավել քան ամրացրեց իր դիրքերը սահմանագծում»,- ասաց վարչապետը։

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ադրբեջանական այն միֆը, թե նրա բանակը կարող է հաղթել հայկական բանակին եւ հետեւաբար Հայաստանը եւ Արցախը պետք է զիջումների գնան՝ հօդս ցնդեցին։

«Մենք երկար ժամանակ Ադրբեջանին հորդորում էինք չփորձել մեզ հետ խոսել ուժի դիրքերից, ուժի լեզվով եւ ուժի սպառնալիքներով։ Եվ հիմա կարող ենք ասել, որ Հայաստանը ոչ միայն մերժեց ուժի սպառնալիք դիվանագիտական սեղանի շուրջ, այլեւ մարտի դաշտում ցույց տվեց, որ դրանք անհիմն են եւ չեն արտացոլում ուժերի իրական հարաբերակցությունը։

Երբ ասում եմ ուժերի իրական հարաբերակցություն նկատի չունեմ միայն սպառազինությունների եւ Զինված ուժերի քանակը, այլ նախ եւ առաջ նրանց գործողությունների որակը, կառավարման մակարդակը»,- ասաց վարչապետը։

Նա ընդգծեց՝ հիմա կարող ենք վստահ ասել, որ ՀՀ Զինված ուժերը, հայոց բանակը ոչ միայն ցուցաբերեցին բարձրակարգ մարտունակություն, այլեւ տարածաշրջանի ամենամարտունակ եւ ամենաինտելեկտուալ բանակի համարումը հաստատեցին.

«Եվ սա պարզապես հայտարարություն չէ, այլ հուլիսի 12-ից հետո տեղի ունեցածի մանրամասն վերլուծությունից բխող հետեւություն։ Մեր բանակը ինչպես եղել՝ այնպես էլ շարունակում է մնալ համազգային հպարտության աղբյուր եւ Տավուշում եւս մեկ անգամ հաստատեց իր այս կարգավիճակը»։

Վարչապետը կարեւորեց նաեւ այն, որ Հայաստանի հասարակությունը ցույց տվեց միահամուռ աջակցություն եւ վստահություն՝ իր լեգիտիմ Կառավարությանը եւ Զինված ուժերին։

«Կուզենայի առանձնահատուկ ընդգծել սփյուռքի մեր հայրենակիցների միասնությունը, Հայաստանին իրենց օգնելու նվիրումը, խոհեմությունը եւ սթափությունը։ Սփյուռքի մեր հայրենակիցները այս օրերին եւս մեկ անգամ ի ցույց դրեցին, որ մենք մեկ ամբողջություն ենք, մեկ ընտանիք, մեկ ոգի եւ մեկ ինքնություն»,- նշեց վարչապետը։

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ անցած այս օրերին միջազգային համայնքի առջեւ ՀՀ-ն ցուցաբերեց պատասխանատու եւ վստահ պահվածք։

«Մենք հավատարիմ մնացինք կրակի դադարեցման 3 պայմանավորվածություններին, որոնք հաջորդաբար խախտվում էին Ադրբեջանի կողմից՝ ամեն անգամ նրա զինված ուժերին պատճառելով նոր կորուստներ։ Մենք հանդես չեկանք Ադրբեջանի ժողովրդին եւ նրա քաղաքացիական ենթակառուցվածքներին ուղղված սպառնալիքներով՝ անգամ այն պայմաններում, երբ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը սպառնում էր հրթիռակոծել Մեծամորի ատոմակայանը»,- ասաց նա՝ հավելելով, որ այս սպառնալիքը պետք է դառնա լրջագույն միջազգային քննության առարկա, որովհետեւ ի ցույց է դնում ահաբեկչական պետություն լինելու Ադրբեջանի էությունը։

Վարչապետը նշեց, որ հուլիսի 12-ից հետո միջազգային հանրությունը հանդես եկավ հրադադարի խախտումները դատապարտելու եւ բռնությունը դադարեցնելու բազմաթիվ կոչերով։ Հրադադարի վերականգնման գործում մեծ ներդրում ունեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները եւ նրանց երկրները։

«Այս տեսակետից հատկապես արդյունավետ էր Ռուսաստանի Դաշնության ներգրավվումը, որն արտահայտվեց ինչպես արտաքին գործերի նախարարության այնպես էլ Զինված ուժերի գլխավոր շտաբների մակարդակով։ Միակ երկիրը, ով փորձում էր ոչ թե հանդարտեցնել իրավիճակը, այլ առավել մեծ բռնություններ հրահրել՝ Թուրքիան էր։ Հաշվի առնելով այդ երկրի ապակայունացնող եւ ագրեսիվ քաղաքականությունը իրեն սահմանակցող մի շարք տարածաշրջաններում եւ ավանդական հակահայկական, որն արտահայտվում է Հայոց ցեղասպանության արդարացմամբ՝ Թուրքիայի այս գործելակերպը մեծ հաշվով անակնկալ չէր։ Բայց նրա ագրեսիվության աճը առաջ է բերում մեր քաղաքականության որոշակի վերանայման անհրաժեշտություն՝ այդ թվում Թուրքիայի ագրեսիվությունը զսպելու միջազգային ֆորմատներում մեր մասնակցության ծավալների իմաստով»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա ընդգծեց՝ որեւէ կասկած չկա, որ այս փորձությունից մենք դուրս ենք գալիս հաղթանակած եւ վստահ մեր ուժերի, մեր ժողովրդի եւ հասարակության տոկոնության վրա։

«Բայց մեզ անհրաժեշտ է կատարել նաեւ որոշակի հետեւություններ։ Մենք չենք կարող անտեսել այն, ինչ տեղի է ունեցել։ Չենք կարող անտեսել այն փաստը, որ 2016 թվականի ապրիլից հետո 2-րդ անգամ Ադրբեջանն ուժ կիրառեց այն դեպքում, երբ առկա էր խաղաղ գործընթաց, երբ առկա էր Մինսկի խմբի համանախագահների կոչը՝ ձեռնպահ մնալ սադրիչ գործողություններից եւ հռետորաբանությունից»,- ասաց վարչապետը։

Նրա խոսքով՝ Ադրբեջանն ուժ կիրառեց այն պահին, երբ ողջ աշխարհն իր ուժերն ու ռեսուրսները կենտրոնացրել էր մարդկությանը պատուհասած համաշխարհային համավարակի դեմ պայքարի վրա։

«Բայց եւ այնպես մենք մեր դիրքորոշումը հուլիսյան հաղթական մարտերից հետո ամրապնդել ենք եւ դրանք արտահայտվում են հետեւյալում.

Առաջին՝ Հայաստանի եւ Արցախի ընդհանուր անվտանգության համակարգը պետք է առավել ամրապնդել։ Այս տեսակետից խիստ կարեւորում եմ Արցախի Հանրապետության հետ մեր սերտ համագործակցությունը եւ այդ համագործակցությանը առկա սպառնալիքներին համապատասխան նոր բովանդակություն հաղորդելը։

Երկրորդ՝ Արցախի Հանրապետությունը պետք է դառնա բանակցությունների լիարժեք կողմ։

Երրորդ՝ Ադրբեջանը պետք է հրապարակայնորեն հրաժարվի ուժի կիրառումից եւ վստահելի քայլեր կատարի հակահայկական հռետորաբանությունը դադարեցնելու ուղղությամբ։

Չորրորդ՝ բանակցությունները պետք է լինեն իմաստալից։ Ադրբեջանի այն մոտեցումը, որ բանակցությունները պատերազմի շարունակությունն են եւ դրանց նպատակը սեղանի շուրջ ռազմական խնդիրներ լուծելն է՝ իմաստազրկում են բանակցային ողջ գործընթացը։ Բանակցություններն իմաստ ունեն, եթե Ադրբեջանը պատրաստ է հետ կանգնել իր մաքսիմալիստական մոտեցումից եւ պատրատ է փոխզիջման։

Առանց որեւէ սահմանափակման Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումը, ՀՀ եւ Արցախի բնակչության անվտանգությունը չեն կարող զիջվել որեւէ պարագայում։

Հինգերորդ՝ վերջին օրերին Ադրբեջանը թիրախավորեց Տավուշի մարզի մի շարք գյուղերի սահմանամերձ բնակավայրերի քաղաքացիական բնակչությանը եւ ենթակառուցվածքներին։

Ադրբեջանին զենք մատակարարող երկրները պետք է հստակ գիտակցեն, որ այդ զենքի օգտագործումը խաղաղ բնակչության դեմ հանցագործություն է, քանի որ այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանի ԶՈւ-երի եւ խաղաղ բնակչության դեմ կռվում է ոչ թե Ադրբեջանը, այլ օտարերկրյա եւ ճշգրիտ մահաբեր զինատեսակներ արտադրող միջազգային կորպորացիաներ՝ իրենց մասնագետներով հանդերձ։

Արդեն 3-րդ տասնամյակը ձգվող հակամարտությունը լուրջ վնաս է հասցնում Հայաստանի սահմանամերձ բնակավայրերին եւ Արցախում ապրող մարդկանց, եւ խախտում է նրանց քաղաքական, տնտեսական, բնապահպանական, տեղաշարժի եւ այլ իրավունքներ։

Այն մոտեցումը, որ այդ իրավունքները կարող են իրացվել միայն հակամարտության կարգավորումից հետո՝ ընդունելի չէ։ Հակամարտության գոտում ապրող մարդկանց խնդիրները պետք է դառնան բանակցային օրակարգի առաջնային մաս։

Վեցերորդ՝ հրադադարի պահպանման մոնիթորինգը, որը գոյություն ուներ մինչեւ համավարակը՝ փաստացի խիստ սահմանափակ էր։ Անհրաժեշտ է ներդնել արդյունավետ միջազգային մոնիթորինգ, որը լինի մշտական եւ ունենա ստուգողական մեխանիզմներ, որոնք կարձանագրեն, թե երբ եւ որ կողմն է խախտել հրադադարը։ Նմանօրինակ մոնիթորինգային գործունեություն կարող է իրականացնել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակը, որն ունի տարածաշրջանում տարիների փորձառություն եւ կարող է ապահովել ԵԱՀԿ դիտորդների մշտական ներկայությունը տարածաշրջանում, թե՛ պետական սահմանին եւ թե՛ շփման գծում։

Զինվորականների միջեւ տեղում ուղիղ կապի ապահովումը արդյունավետ գործիք է միջադեպերը կանխելու եւ պարզաբանելու ուղղությամբ։

Յոթերորդ՝ հակամարտության խաղաղ կարգավորման նպատակով Հայաստանը շարունակելու է աշխատել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։ Մենք վճռականորեն մերժել եւ մերժելու ենք հակամարտության շահարկմամբ տարածաշրջանը ապակայունացնելու Թուրքիայի փորձերը»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետն ընդգծեց՝ հուլիսյան հաղթական մարտերը ցույց տվեցին, որ 2018 թվականի ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության, դրան հետեւած ժողովրդավարացման, կոռուպցիայի դեմ պայքարի, բարեփոխումների, բանակի զարգացման նոր հայեցակարգի արդյունքում մեր երկիրն ու հասարակությունը դիմակայունության ու համախմբվածության նոր մակարդակի են հասել։

«Մեզ կարելի է ոգեւորվել այս փաստից, բայց եւ այդ ոգեւորությունը պետք է փոխակերպվի ամենօրյա ստեղծարար աշխատանքի՝ մեր երկրի տնտեսական, քաղաքական, ռազմական ու դիվանագիտական պոտենցիալը զարգացնելու ուղղությամբ եւ մենք կհաղթենք, որովհետեւ մեր հաղթանակը արդարության հաղթանակն է, ճշմարտության հաղթանակն է, մարդկության հաղթանակն է»,- եզրափակեց վարչապետը։